Գազի սպասարկման ծառայության համար գանձվող գումարի չափը չի ավելացել, փոխվել է վճարման կարգը. Շուշան Սարդարյան
Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճարը ո´չ թե թանկացել է, այլ փոխվել է վճարման կարգը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը՝ նշելով, որ բաժանորդները վճարելու են այնքան, որքան վճարում էին, սակայն ո´չ թե յուրաքանչյուր ամիս, այլ՝ տարին երկու անգամ:
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փոփոխություններ է կատարել գազի օգտագործման կանոններում, համաձայն դրա՝ ո´չ թե վճարման սահմանաչափն է փոխվել, այլ՝ վճարման կարգը: Եթե նախկինում բաժանորդները վճարում էին սահմանված սահմանաչափը՝ բաժանած 12 ամիսների, հիմա վճարելու են կիսամյակը մեկ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ որոշումը ուժի մեջ է մտել 2015 թ. հունվարի 1-ից, և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջիկայում կսկսի բաժանորդների հետ բնական գազի մատակարարման նոր օրինակելի ձևով պայմանագրերի կնքման գործընթացը: Նոր պայմանագրով յուրաքանչյուր սպասարկման համար բաժանորդը վճարում է տարեկան վճարի 50 տոկոսը:
Հարցին, թե կատարված փոփոխությունը ու՞մ նախաձեռնությունն է, Շուշան Սարդարյանը նշեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովինը:












