ՀՀ-ն ու ԼՂՀ-ն պետք է միևնույն ժամանակ զարգացնեն «ոզնու ռազմավարություն». ԱՄՆ միջազգայնագետ
Վաշինգտոնում հիմնված «Ամերիկացիներն Արցախի համար» կազմակերպության ղեկավար, եվրոպական և եվրասիական քաղաքական հարցերում մասնագիտացած միջազգայնագետ Մարկ Դիթզենը 168.am-ի հետ զրույցում ասել է.
«Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև վերջին լարվածություններն արտացոլում են Ադրբեջանի իշխանությունների միտումնավոր ռազմավարությունը, որի էությունը հետևյալն է` աստիճանաբար մեծացնելով ագրեսիայի չափաբաժինը՝ ԼՂ-ում ստատուս-քվոյի պահպանման համար հայկական կողմերին ավելի ու ավելի մեծ վնասներ պատճառել: Բաքուն օգտագործում է լարվածությունը՝ Երևանին բանակցային սեղանի շուրջ ճնշելու նպատակով: Այնուամենայնիվ, Ադրբեջանի ռազմավարությունը տապալվել է: Ադրբեջանն ապացուցել է Ղարաբաղի հայերին, որ անկախությունն այլընտրանք չունի»:
Հարցին, թե որևէ գերտերության չի՞ նպաստում հակամարտության սրմանը ասել է.«Ոչ, ես չեմ կարծում, որ գերտերությունները հետաքրքրված են ԼՂ հակամարտության սրման հարցով: Արևմտյան ուժերը որևէ դրդապատճառ չունեն, ավելին, շատ արևմտյան երկրներ շահում են Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսներից և չեն ցանկանում վտանգել իրենց շահերը հակամարտության լարվածությամբ: Բացի այդ, Ռուսաստանն ու Արևմուտքը զբաղված են ուկրաինական ճգնաժամով: Մոսկվան չի ցանկանում մեկ այլ պատերազմ իր սահմանների մոտ: Կրկնեմ, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքը չեն ցանկանում ԼՂ հակամարտության սրում, դա ցանկանում է միայն Ադրբեջանը»:
Խոսելով ԵԱՀԿ Մինսքի խմբի մասին նկատել է, թե ՄԽ-ն պետք է երեք փոփոխություն մտցնի իր աշխատանքում: «Առաջին հերթին՝ պետք է ներդրվի միջադեպերի հետաքննության մեխանիզմ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին, որը կունենա հրադադարի խախտման մեղավորներին մատնանշելու իրավասություն: Երկրորդ` ՄԽ համանախագահները պետք է վերականգնեն ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացին՝ որպես խաղաղ բանակցությունների պաշտոնական մասնակից: Երրորդ` ժամանակն է եկել, որպեսզի ԵԱՀԿ-ն շնորհակալություն հայտնի դեսպան Անջեյ Կասպրչիկին՝ մոտավորապես երկու տասնամյակ նվիրված աշխատելու համար՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ, և նշանակի նոր ներկայացուցիչ` ներդնելով թարմ էներգիա և նոր գաղափարներ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, որոնք չափազանց անհրաժեշտ են»:
Ապա հավելել. «Ցավոք սրտի, ԵԱՀԿ Մինսկի խումբը չի փոխել ԼՂ հակամարտության գոտում հրադադարի խախտումների պատասխանատուներին չմատնանշելու իր քաղաքականությունը»:
Եզրափակելով իր խոսքը, ամերիկյան միջազգայնագետը կատարել մի հետաքրքիր հավելում. «Անհնար է տունը կարգին պահել, երբ այն անընդհատ և տևական հարձակումների տակ է: ՀՀ-ն ու ԼՂՀ-ն պետք է միևնույն ժամանակ զարգացնեն «ոզնու ռազմավարությունը», որը ենթադրում է, որ Բաքվի ագրեսիան Բաքվի համար շատ ավելի ծանր հետևանքներ ունենա, քան Հայաստանի և Արցախի դեպքում է: Այս ռազմավարությունն առաջ մղելու առաջին քայլը կլինի տեղական արտադրության ռոբոտների ուղղությամբ ուսումնասիրություններ իրականացնելը: Դրանք կարող են անվտանգության ապահովման հավելյալ գիծ դառնալ շփման գծում: Օրինակ` Իսրայելի Գվարդիայում ռոբոտն օգտագործվում է՝ որպես սահմանապահ սահմաններին, տիրապետում է նաև զենքին անհրաժեշտ պաշտպանական գործողություններ իրականացնելուն: Այսկերպ, տեխնոլոգիան կարող է ավելի օգնել Ադրբեջանի ագրեսիան կանխելու հարցում»:












