Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Մշակույթ

Հայաստանում մեկնարկում են տարածաշրջանում եզակի վաղ միջնադարյան դամբարանի պեղումները

Փետրվար 11, 2015թ. 12:40

«Մեդիա կենտրոն», փետրվարի 10, 2015: Արագածոտնի Աղձք բնակավայրի արքայական դամբարանը տարածաշրջանում միակ պահպանված պատմամշակութային կոթողն է, որտեղ հանգչում են արքայական տոհմի աճյունները: Դամբարանի պեղումները, որոնք կսկսվեն մոտ ապագայում, ինքնաճանաչողության տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն հայ ժողովրդի համար:

Այս մասին փետրվարի 10-ին «Մեդիա կենտրոնում» կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, ծրագրի կատարող և արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի վարչապետի հանձնարարությամբ: Այն նախատեսվում է իրականացվել երկու փուլով: Ծրագրի առաջին փուլը կտևի երեք տարի, որի ընթացքում կիրականացվեն անհրաժեշտ պեղման աշխատանքները: Ծրագրով նախատեսված դամբարանի պեղումները կսկսվեն մոտ ապագայում: Երկրոդ փուլում կիրականացվեն արդեն բարեկարգման աշխատանքներ դամբարանի տարածքում, որից հետո այն կվերածվի թանգարանի:

«Պեղումներից հետո մենք նախատեսում ենք տարածքը բարեկարգել և վերածել թանգարանի, որպեսզի այդ հազվագյուտ պատմշակութային կոթողը դառնա Հայաստանի զբոսաշրջության գլխավոր վայրերից մեկը», – հայտարարեց Սիմոնյանը:

Նրա խոսքերով, ծրագրի առաջին փուլի իրականացման համար պատրաստ է ամեն ինչ: «Առաջին երեք տարիների աշխատանքների իրականացման համար տրամադրված է համապատասխան ֆինանսավորում 50 մլն դրամի չափով: Պատրաստ է բանվորական ուժը և արշավախումբը: Սպասում ենք՝ եղանակային պայամանները թույլ տան, և կսկսեն պեղումները», – տեղեկացրեց ծրագրի կատարող և արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը՝ հավելելով, որ նախկինում դամբարանի տարածքում երկու անգամ անցկացվել են պեղման աշխատանքներ, սակայն դրանք տարբեր պատճառներով չեն հասցվել տրամաբանական ավարտին:

Ներկայացնելով դամբարանի կառուցման պատմությունը՝ Սիմոնյանը նշեց, որ այն վաղ միջնադարում կառուցված և մինչ օրս պահպանված եզակի մշակութային ժառանգություն է տարածաշրջանում:
«Սա Արշակունիների թագավորական տոհմի դամբարանն է: Բացառիկ կոթող է մեր ինքնության, պետականության և ինքնաճանաչման առումով: Վաղ միջնադարյան մեր կառույցներից Աղձքը միակն է, որ ունի հստակ թվագրում: Այն կառուցվել է 4-րդ դարում՝ հայ-պարսկական պատերազմի ժամականահատվածում:

Դամբարանին անդրադարձել են նաև հայ պատմիչները: Դամբարանը միակ կառույցը չէ տարածքում: Հարևանությամբ գտնվում է նաև քրիստոնեական եկեղեցի: Մեր խնդիրն է պեղման ժամանակ հայտնաբերել հարակից կառույցները, քանի որ արքաների դամբարանին կից սովորաբար կառուցված են լինում այլ սպասարկող կառույցներ», – տեղեկացրեց նա:

Լինելով մինչ օրս պահպանված եզակի դամբարանը՝ պեղումներն Աղձքում, Սիմոնյանի համոզմամբ, կարող են մեծ միջազգային հետաքրքրություն առաջացնել: «Վաղ միջնադարում Պարսկաստանի պարթևական արքայական տոհմը իշխում էր տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում: Արշակունիների արքայական տոհմը սերում էր հենց պարթևներից: Այս առոմով պեղումների ծրագիրը կարող է հետքրքրություն առաջացնել և´ Իրանում և´ Թուրքմենստանում, և Հայաստանը կարող է դուրս գալ միջազգային ասպարեզ», – նշում է Սիմոնյանը՝ չբացառելով, որ պեղումներից և տարածքի բարեկարգումից հետո Աղձքի արքայական դամբարանով կարող է հետաքրքրվել նաև ՅՈՒՆԵՍԿՕ–ն:

Հակոբ Սիմոնյանի փոխանցմամբ` արշավախումբը շտապում է սկսել Աղձքի պեղումները, որպեսզի այս տարի ապրիլի 24-ին Հայող ցեղասպանության 100-ամյա տերելիցի կապակցությամբ Հայաստան ժամանած պատվիրակությունները հնարավորություն ունենան ծանոթանալու վաղնջական հայկական միջնադարի հուշարձանին ու ավելի լավ ճանաչեն Հայաստանի պատմությունը:


Դիտել Լրահոս, Հասարակություն, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն