ՀՀ ԱԳՆ-ն՝ Էրդողանին. “Անհնար է փակել ներսից կողպած դուռը”. news.am
ՀՀ ԱԳՆ-ն՝ Էրդողանին. “Անհնար է փակել ներսից կողպած դուռը”. news.am 19:36 . 11/02/15 Անհնար է փակել դուռը, որը ներսից կողպած է։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ news.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը։
Հայտնի էր դարձել, որ պաշտոնական այցով Կոլումբիա ժամանած Էրդողանը հայտարարել էր, թե “Հայաստանը փակել է խաղաղության դուռը”։
“Մենք գիտենք, որ հայկական Սփյուռքը հակաթուրքական քարոզչություն է տանում։ Մենք ջանքեր ենք գործադրել նոր էջ բացելու հածմար, սակայն, դժբախտաբար, մեր մեկնած ձեռքը օդում է մնացել։ Մենք ասացինք՝ եկեք 100-ամյակի նախաշեմին հանենք այդ հարցը քաղաքական օրակարգից եւ տեղափոխենք գիտական հարթակ։
Ապրիլի 24-ին մենք հրավիրեցինք Չանաքալե, սակայն Հայաստանը փակեց խաղաղության դուռը”,- հայտարարել էր Էրդողանը։ Նշենք, որ Գալիպոլիի ճակատամարտի տարելիցը Թուրքիայում ավանդաբար նշվում էր մարտի 18-ին եւ ոչ թե ապրիլի 24-ին։ Նախքան թուրքական կողմից այդ ամսաթիվը տեղափոխելու որոշումը կայացնելը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել էր 2015թ. ապրիլի 24-ին այցելել Երեւան եւ ներկա գտնվել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, սակայն Էրդողանը անպատասխան էր թողել հրավերը:












