Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

Բակո Սահակյանն ու Սեյրան Օհանյանը մինչև ավտոերթը Ժիրայր Սեֆիլյանին խնդրել են հրաժարվել ծրագրից

Փետրվար 11, 2015թ. 18:27

Հիմնադիր խորհրդարանի» նախագահ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին խոսելով հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած միջադեպից, նախ հորդորեց բոլորին կատարվածը չվերագրել արցախցուն, այնուհետև պատմեց, թե ինչ է տեղի ունեցել մինչև դեպի Արցախ կատարած «100-ամյակն առանց ռեժիմի» ավտոերթը:

«Ավտոերթը մենք պետք է անցկացնեինք դեկտեմբերի 20-ին, բայց ավտոերթից առաջ կապվեցին մեզ հետ Ստեփանակերտից: Նախ՝ զանգահարեց Արցախի ոստիկանապետը, նա խնդրում էր, որ մտքափոխվենք, ես ասացի, որ հնարավոր չէ: Մի քանի անգամ զանգելուց հետո ասաց, որ խոսել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ և վերջինս համաձայնել է, որ գնանք Արցախ և այն իրազեկումը, որ ուզում էինք անել, անենք ուղիղ եթերով: Դրա համար հրավիրեցին Արցախ, որ պայմանավորվենք: Երբ հասանք այնտեղ, Բակո Սահակյանը խոստումը դրժեց՝ ասելով, որ նման խոստում չի տվել»,- պատմեց նա և ավելացրեց, որ Սեյրան Օհանյանը փոխանցելով Բակ Սահակյանի հորդորը, կոչ է արել հրաժարվել ավտոերթից:

Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ Արցախի նախագահի հետ հանդիպմանը իրեն մտահոգել է Բակո Սահակյանի մի արտահայտություն՝ «երազում ենք մտնել ԵՏՄ, և ձեր ավտոերթը դրան կխանգարի»:

«Սա ցավալի էր լսել մի մարդուց, որը զբաղեցնում է պաշտոն ու կառավարում է Արցախյան ճակատը, որի համար մարդիկ արյուն են թափել: Դրանից հետո գալիս է մի չինովնիկ ու ասում, որ ՀՀ-ն մտել է ԵՏՄ, իսկ իրենք հնարքներ են մտածում մտնելու: Հանդիպումից հետո համոզվեցինք, որ գործ ունենք մի կառավարման օղակի հետ, որը ադեկվատ չէ իր գործառույթին: Նրան փորձում էին խնդրել, որ հրաժարվենք մտքից: Մենք այնտեղից հեռացանք այդպես էլ չխոստանալով, որ չենք իրականացնի ավտոերթը»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Բանախոսը նշեց, որ իր առաջին հանդիպումը պաշտպանության նախարարի հետ եղել է դեկտեմբերի վերջին՝ Նոր տարվա նախօրեին: «Մոտ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում մենք չենք արծարծել ավտոերթի թեմա, քննարկել ենք մեզ հուզող հարցրեր՝ երկրի ապագայի հետ կապված: Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել ավտոերթից օրեր առաջ, այդ հանդիպման ժամանակ, բացի այլ կարևոր հարցերից, նա շատ կարճ անդրադարձել է ավտոերթին և փոխանցել է Բակո Սահակյանի խնդրանքը ինձ, որ մենք մտքափոխվենք: Բնականաբար, ես նորից հիմնավորել եմ՝ ինչու ոչ և այլն: Սա է տեղի ունեցել: Առհասարակ, այս ամբողջ բանակցությունների ընթացում, մանավանդ՝ Ստեփանակերտի ադմինիստրացիայի հետ որ շփվել ենք, մեր կողմից հետևյալ հարցն է բարձրացվել՝ ես ասել եմ, թե ինչ եք անելու, եթե մենք չենք ենթարկվում, չենք լսում ձեզ և համարում ենք, որ ճիշտը մեր ավտոերթ իրականացնելն է: Նրանք ասում էին՝ ստիպված պետք է փակենք ճանապարհը: Ես ասում էի՝ այդ քայլը կատարելով դուք խայտառակելու եք Արցախի այս 20 տարվա ամբողջ իմիջը: Նրանք ասում էին՝ հասկանում ենք, դրա համար խնդրում ենք քեզ մի արա այդ քայլը, որ մենք չանենք դա»,- ասաց նա։

Անդրադառնալով բուն կատարվածին, Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ մինչև Բերձոր հասնելը ինքն արդեն գիտեր, որ թույլ չեն տալու իրենց մուտք գործել Արցախ, սակայն ինքն ուզել է համոզվել ու փաստն արձանագրել:

«Որոշել էի փաստը ֆիքսել ու հետ շրջվել, մոտեցել եմ փոխգնդապետին, որը զեկուցեց, թե ինչու են արգելում, փորձեցինք հարցեր տալ, որ հիմնավորեն, բայց իրենք չէին կարողանում: Ես հասկացա՝ ինչ է կատարվելու ու հրահանգեցի շուտ շրջվել հետ: Մի քանի քայլ արեցի դեպի հետ ու ինձ թիկունքից հարվածեցին, բայց շարունակում էի հորդորել մերոնց՝ շուտ լքել տարածքը: Մենք եթե չիջնեինք էլ մեքենայից, նույնը տեղի էր ունենալու, որոշված էր՝ սրանց ջարդեք փշրեք: Եթե մենք խոհեմ չլինեինք, կարող էր սպանություն տեղի ունենալ»,- ասաց նա:

Ժիրայր Սեֆիլյանը բացատեց նաև, թե ինչու էին մեկնում Արցախ. «Քանի որ վիճակը խիստ օրհասական է, չենք կարող չիրազեկել արցախցիներին մեր անելիքների մասին: ԵՏՄ-ից հետո Արցախը հայտնվել է օդում, և եթե վտանգը մատնացույց չանենք ու տեղի բնակչությունը չիմանա, Արցախը կկորցնենք, նաև այս մտահոգությունը պետք է փոխանցեինք»:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն