Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Էրդողանը քաղաքավարության մասին խոսելու իրավունք չունի. Ռուբեն Մելքոնյան

Փետրվար 12, 2015թ. 12:19

Հայկական սփյուռքը Հայոց ցեղասպանության և Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերում միշտ եղել է միասնական ու տարբեր տարիներին թուրքական իշխանությունները և թուրքական քարոզչամեքենան միշտ ցանկացել են սեպ խրել նրանց միջև և այդ ուղղությամբ նաև գործնական քայլեր են արել, սակայն նրանց բոլոր քայլերը դատապարտված են եղել անհաջողության:

Tert.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե Հայկական սփյուռքի ազդեցության պատճառով Հայաստանին պարզած իրենց ձեռքը միշտ օդում է մնում:

«Կարծում եմ, որ իր ասածներին, երևի, հոգու խորքում Էրդողանն էլ չի հավատում, քանի որ Հայաստանի և Թուրքիայի միջև եթե ցանկություն կար նորմալ հարաբերություններ հաստատելու, ապա դրա համար գոյություն ունեին 2009 թվականին ստորագրված ցյուրիխյան արձանագրությունները»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ պետք չէ ընկնել գեղարվեստական զեղումների մեջ. եթե քաղաքական գործիչը քաղաքական կամք ունի հարևան երկրի հետ հարաբերություններ հաստատելու, ապա դա արվում է դիվանագիտական ճանապարհով և համապատասխան փաստաթղթերով:

«Իսկ մյուս հրավերները՝ սենտիմենտալ, էմոցիոնալ, զգայական բնույթի հայտարարությունները և կեղծիքի վրա հիմնված քարոզչությունը, ձեռք պարզելու և դրա անպատասխան մնալու մասին, բոլորովին այլ ժանրից են և որևէ առնչություն չունեն իրականության, ճշմարտության, տրամաբանության հետ», -նշեց թուրքագետը:

Վերջինիս գնահատմամբ՝ Էրդողանի այս հայտարարությունը ևս մեկ դրսևորումն է նրա, որ նա փորձում է առանձնացնել Հայաստանն ու սփյուռքը, այնինչ Հայաստանն այդ հարցում միասնական է սփյուռքի հետ, և այդ հարցում Թուրքիան ոչ թե գործ ունի 3 միլիոնանոց Հայաստանի հետ, այլ գործ ունի առնվազն 10 միլիոնանոց հայության հետ, որոնց պահանջներն արդար են և հենված են համամարդկային արժեքների վրա:

«Այնպես որ, Էրդողանը շարունակում է հին սկավառակի իր մեթոդը և որևէ նոր մի տող և առողջ տրամաբանություն նրա այս հայտարարության մեջ չկա»,- ընդգծեց Մելքոնյանը:

Նշենք, որ նույն հայտարարության մեջ Էրդողանն ասել էր, թե իրենք ապրիլի 24-ին Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակին բազմաթիվ երկրների ղեկավարներին հրավերներ են ուղարկել. հրավեր է ուղարկվել նաև Հայաստանի Հանրապետության Նախագահին:

«Կցանկանայինք, որ գային, ապրիլի 24-ին հանդիպեին, այդ մթնոլորտը փորձեին զգալ, հասկանալ, որ մենք էլ հազարավոր զոհեր ենք տվել: Սակայն դա չարեցին: Քաղաքավարության կանոնները ոտնահարող հայտարարություններով մեկ անգամ ևս փակեցին խաղաղության, երկխոսության ճանապարհը»,- ասել էր Էրդողանը:

Այս մասով Ռուբեն Մելքոնյանն ասաց հետևյալը.«Թուրք պաշտոնյաները և նախագահականի մամլո խոսնակը քաղաքավարության սահմաններից լիովին դուրս հայտարարություններ արեցին, երկրորդ՝ Էրդողանի ամբողջ հռետորաբանությունը հարուստ էր քաղաքավարության հետ որևէ աղերս չունեցող տերմիններով և նրա խոսքն ընդհանրապես հայտնի է իր անկիրթ բնույթով»:

Այնպես որ, ըստ Ռուբեն Մելքոնյանի, Էրդողանն իրավունք էլ չունի խոսել քաղաքականության մեջ քաղաքավարության կանոնների պահպանման մասին, քանի որ ամենաառաջին և ամենահայտնի խախտողներից է։

«Երկրորդ՝ Չանաքքալեի մթնոլորտը զգալու համար արված այդ հայտարարությունը նույնպես հենված է կեղծիքի վրա, քանի որ ապրիլի 24-ը որևէ առնչություն չունի Չանաքքալեի հետ և այդ օրը ստեղծվելիք մթնոլորտն ու միջավայրը լինելու են արհեստածին, և ճիշտ կլինի, որ թուրքական իշխանությունները գոնե մեկ անգամ ապրիլի 24-ին ներկա լինեն Երևանում և իրոք զգան այն համահայկական, համաժողովրդական մթնոլորտը և արդարության պահանջը, որը միշտ ավելի ցայտուն ձևով դրսևորվում է ապրիլի 24-ին Երևանում»,- եզրափակեց թուրքագետը:
tert.am


Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն