Գլխավոր » Լրահոս, Հոգևոր, Վերլուծական

Խնդրում եմ սա առիթ չդարձնենք քրիստոնեության, հավատի ու Եկեղեցու վրա հարձակման

Փետրվար 12, 2015թ. 17:27

Ժողովուրդ, հիմա, երբ շոկն անցավ, էկեք մի հատ նորմալ զրույց ծավալենք:
Խնդիրն էն է, որ առանց ուժեղ ու հարուստ եկեղեցու՝ անհնար է յոլա գնալ, եւ շատ բաներ, որոնք, այո՛, մեր սովետածին մտածողությունը պետության ֆունկցիա է նկատում, անհրաժեշտ է դիտարկել որպես հանրային բարեգործության եւ եկեղեցական գործունեության խնդիր:

Խնդիրն, ուրեմն, էն չի, որ եկեղեցին հաշվեհամար ունի շվեյցարական բանկում: Ընդ որում՝ մեզ համար ահավոր մեծ, իսկ իրականում՝ բավական համեստ դրամագլխով: Նորմալ է նաեւ, երբ եկեղեցին օգտվում է այսպես կոչված՝ «աշխարհի կողմից ընձեռված հնարավորություններից»: Լսել ենք, չէ՞՝ Կայսրինը՝ կայսրին եւ Աստծունը՝ Աստծուն…
Խնդիրը թափանցիկությունն է:

Այո՛, հասարակությունը չեմ ասում՝ ամեն մի մոմի համար գնա Վեհից հաշիվ պահանջի, ոնց որ էս տարածքում է ասվում, բայց գոնե ընդհանուր գծերով պիտի պարտադիր տեղյակ լինի, թե ինչ է արվում եկեղեցու կողմից՝ որպես վարչական հաստատություն: Մանավանդ մի հաստատություն, որն ազատված է հարկերից…

Եւ թող ոչ ոք չասի, թե իրականում Խորհուրդ կա, պատվիրակներ կան, որոնք տեղեկացված են եւ այլն: Գիտե՛նք էդ ձեւական խորհուրդների տեղն էլ, աշխատաոճն էլ: Ես խոսում եմ իրական, հաշվետու թափանցիկության մասին:

Բայց, այս ամենի հետ մեկտեղ, խնդրում եմ նաեւ «Աստուծո դրամապահների» առկայությունը առիթ չդարձնենք առհասարակ քրիստոնեության, հավատի եւ Եկեղեցու վրա հարձակման: Եկեղեցու, որ մենք բոլո՛րս ենք: Էն քահանաներն ու մանավանդ աղոթող վանականները, որոնք իրենց քրտինքով են իրենց հացը վաստակում: Տեսել եմ՝ անգամ մեղու են պահում, հավ, մի բան էլ աղքատին, տնանկին են օգտակար լինում…չխոսեմ արդեն էն մասին, որ օգնելու փոխարեն՝ դեռ մի բան էլ Վեհարանից են «գալիս – փայ պոկում»…
Նաեւ բոլոր նրանց, ովքեր ասում են՝ սա աննախադեպ բան է, ահա էդ մարդկանց խնդրում եմ ուրիշ բան չանել. անհրաժեշտ է միայն Գուգլով նայել «Վատիկանի բանկ» գլխագրերը եւ տեսնել, թե քրիստոնեության անվան տակ ինչ են անում էդ մարդիկ ու ոնց են պտտում մաֆիայի, գանգստերների, թմրանյութերից ու հազար զիբիլից առաջացող փողերը: Խնդրում եմ կարդալ, թե ինչ սկանդալների մեջ է հայտնվել Վատիկանը մշտապես, եւ թե ինչ աղմկալի դատավարություններ են ընթացել ու ընթանում անգամ էս պահին: Բանը հասել էր էնտեղ, որ իտալական կառավարությունը կոչ էր արել առհասարակ գործ չունենալ Վատիկանի ֆինանսական «բոռերի հետ»….

Կեցցե՛ Ֆրանցիսկ պապն, իհարկե, որ ահագին բարեփոխումներ արեց, որոշակիորեն թափանցիկություն ապահովեց այս ոլորտում ե՛ւս: Պապ դառնալուց հետո, օրինակ, «ռադ արեց Դոն հինգ հարյուրանոցին», այսինքն՝ Վատիկանի բանկի ֆինանսական տնօրենին, որն էդպես էր կոչվում նախ մաֆիայի հետ ունեցած կապերի, ապա ամենամեծ նոմինալի՝ հինգ հարյուր եվրոյանոցի հանդեպ տածած իր սիրով: Բայց ակնհայտ է, որ դա էլ բավական չէ, էնտեղ դեռ սոսկալի վիճակ է տիրում: Եւ տեղյակ լինենք, որ կաթոլիկ աշխարհը հենց էս պահին էլ ունի՛ էդ զրույցը կամ պահանջը՝ անհրաժեշտ թափանցիկության վերաբերյալ:
Էնպես որ՝ թու-թու-թու, մենք դեռ փառք ենք, բայց դա դեռ չի նշանակում, թե մեր Սուրբ աթոռը պիտի ձգտի հասնել եւ անցնել պապական աթոռին:

Մենք փոքր, բազում դժվարություններ ունեցող երկիր ենք, մեր Եկեղեցին մշտապես ոչ միայն ազգապահպան, որբախնամ, մշակութաստեղծ դերակատարում է ունեցել մեր կյանքում, այլեւ փոխարինել է պետությանը: Էստեղ ամեն մի քարը արցունքով է մաքրվել ու սրբացել, էնպես որ՝ մտածողները թող լավ մտածեն՝ Միածնի էջքի տեղում «մաֆիոզի խաղալը» չի ստացվել եւ չի՛ ստացվելու…
Իր ֆեյսբուքյան էջում գրում է լրագրող Գոհար Սիմոնյանը


Դիտել Լրահոս, Հոգևոր, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն