Թուրքական բանկը հայտարարել է, թե շահելու է հայերի կողմից իր դեմ հարուցած դատական գործը
Թուրքական «Զիրաաթ» բանկի գործադիր տնօրենը խոսելով հայերի կողմից բանկի դեմ հարուցած դատական գործերի մասին՝ ասել է, թե բանկը շարունակելու է պայքարել փոխհատուցում չվճարելու համար:
«Զիրաաթ» բանկի գործադիր տնօրեն Հուսեյին Այդընը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-ում թուրքական բանկի դեմ հարուցված դատական գործերին: «Մեր բանկի դեմ երկու հայերի կողմից հարուցված դատական գործը, որով նրանք փոխհատուցում են պահանջում, շարունակվում է: Դեռևս որևէ վճիռ չի կայացվել: Բայց մենք վստահ ենք, որ դատը հաղթելու ենք: Նրանք ապացույցներ ու փաստաթղթեր չունեն: Իսկ մեր կառավարությունում մի թիմ է հավաքվել, որն ուսումնասիրում է բանկի փաստաթղթերը: Մեր բանկը ստեղծվել է Բալկաններում, իսկ հայերը Ադանայում իրենց պապերի ունեցվածքն են պահանջում: Չեմ կարծում, թե տանուլ կտանք այս դատական գործը»,- հայտարարել է թուրք պաշտոնյան:
Նշենք, որ թուրքական և միջազգային մի շարք բանկեր ամեն կերպ փորձում են խուսափել Հայոց ցեղասպանության տարիներին գույքն ու ունեցվածքը կորցրած հայերի ժառանգներին իրենց պապերի ավանդներն ու ապահովագրական ծախսերը փոխհատուցելուց: Բայց ժամանակին այդ բանկում ավանդներ ունեցած հայերի ժառանգներըփորձում են դատական գործերի միջոցով հետ ստանալ օրինական ժառանգությունը:
Բացի այդ, հայերը փորձում են դատական գործընթացներով հետ ստանալ իրենց ժառանգներին պատկանած տարածքները: Օրինակ՝ վերջին շրջանում հայտնի դարձավ, որ Դիարբեքիրի օդանավակայանի տարածքը պատկանել է հայի, և այն անօրինական կերպով է անցել թուրքական պետությանը: Սեփականատիրոջ ժառանգն էլ դիմել է թուրքական դատարան՝ օդանավակայանի նկատմամբ իր իրավունքները վերականգնելու պահանջով:












