Եթե անգամ Պերմյակովը օլիգոֆրեն է, դա չի նշանակում, որ նա անմեղսունակ է
Հարցազրույց փաստաբան ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԻ հետ
-Գյումրիի դաժան սպանության դեպքին հաջորդած ողջ ընթացքում քննարկման թիվ մեկ խնդիրը կա ու մնում է այն, որ քրգործի վարույթը պետք է փոխանցվի ՀՀ իրավապահ մամիններին: Քանզի գործը կգնա իր ընթացքով, եթե Պերմյակովը գտնվի ՀՀ իրավապահ մարմինների ենթակայության տակ, իսկ ՌԴ իրավապահ մարմինները, որոնք քննելու են դասալքության գործը, պետք է թույլտվություն ստանան ՀՀ գլխավոր դատախազից տվյալ անձի հետ կապված քննչական գործողություններ կատարելու համար: Սակայն առ այսօր իրավիճակը ճիշտ հակառակ ընթացքում է: Ինչո՞ւ:
-Լիովին համակարծիք եմ հնչած դիրքորոշման հետ: 7 հոգու սպանության դեպքը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում, սպանվել են Հայաստանի 7 քաղաքացիներ, ուրեմն, գործը պետք է քննի Հայաստանը: Դա են փաստում բոլոր օրենքները: Ի՞նչ կապ ունի Ռուսաստանը սպանության գործի քննության հետ:
Ընդհանրապես, ցանկացած գործի դեպքում, երբ խնդիր է այն, թե ո՞ր մարմինը պետք է քննի գործը, կայացված որոշման հիմքում չի կարող դրվել հետևյալ չափանիշը՝ ՙայսինչ՚ մարմինը պետք է քննի, որովհետև ՙայսինչ՚ անձն է հանցագործություն կատարողը: Այսինքն, քրեական գործի ենթակայությունը և ընդատությունը չեն կարող հիմնված լինել այն հանգամանքի վրա, թե ո՞վ է կատարել հանցագործությունը, քանի որ այս փուլում ոչ ոք չի կարող հաստատապես ասել ո՞վ է հանցագործը, դա պարզ կդառնա դատավճիռը ուժի մեջ մտնելուց հետո միայն: Եվ ուրեմն, եթե այսօր քննության հիմքում այն կանխավարկածն է, թե ՙայսինչ՚ մարդն է կատարել ու դրա հիման վրա փորձ է արվում լուծել քննչական ենթականության հարցը՝ սա առնվազն հիմարություն է:
Հիմա, փաստորեն առաջնորդվում են այդ տրամաբանությամբ՝ գործը պետք է քննի Ռուսաստանը, որովհետև Պերմյակովն է կատարել սպանությունը: Ես էլ հարց եմ տալիս, եթե քրգործ հարուցելուց դուք արդեն գիտեք, որ Պերմյակովն է կատարել հանցագործությունը, որ իրենից բացի ոչ ոք չկա, ուրեմն, էլ ինչի՞ համար եք կատարում քննություն, ի՞նչ եք քննում: Ժողովրդական հայտնի խոսք կա.ՙՍայլը դրվել է ձիուց առաջ՚, այսօր ստեղծվել է նման իրավիճակ:
-Սպանության մասով գործը քննելու համար պետք է նախ իրականացվեն հատուկ քննչական գործողություններ, որոնք այսօր ՌԴ իրավապահների կողմից չեն կատարվում, որովհետև ՌԴ քննիչները իրավասու չեն քննելու սպանության գործը: Մասնագետների պնդմամբ, եթե հանկարծ ՌԴ քննիչներն այդ ուղղությամբ քայլեր անեն, դա կլինի անօրինական և ձեռք բերված ապացույցները կհամարվեն անթույլատրելի: Ստացվում է փակուղի՞:
-Համաձայն լինելով հարցադրման հետ ասեմ հետևյալը: Տեսեք, Պերմյակովը խոստովանել է, որ սպանությունն ինքն է կատարել, կան հարցեր նրան ուղղելու, թե ո՞նց է կատարել: Ուրեմն, նրան պետք է տանել դեպքի վայր՝ քննչական փորձարարություն իրականացնելու նպատակով: Հիմա, այն պահից երբ Պերմյակովին բերեցին դեպքի վայր, այդ պահից նա կգտնվի Հայաստանի իրավապահների տրամադրության տակ: Հետո ի՞նչ են անելու, ո՞նց են հետ տանելու: Անհասկանալի է:
-Գուցե այդ պահին կգործի երկու երկրների քննչական կոմիտեների կողմից ստեղծված համակարգող շտաբը ու ելքը կգտնվի համատեղ որոշմամբ:
-Գիտեք, այդ համատեղ շտաբ ասվածն էլ մյուս հիմարությունն է, որ իրենք ասում են: Նման միասնական մարմին չի կարող ստեղծվել, քանի որ այն ո՜չ մեր, ո՜չ իրենց օրենսդրությամբ նախատեսված չէ, նման կառույցի գոյությունը, կառույց որում կարող են ընդգրկվել երկու երկրների քննիչներ ու ինչ-որ ընդհանուր գործ անել, անընկալելի է: Սա ինքնիրավչություն է: Հետաքրքիր է, լավ, իսկ դատարանում ո՞նց պետք է լինի, մեկ դատավոր մեզանից, մյուսը իրենցի՞ց…
Ես խիստ վտանգավոր եմ համարում նման իրավիճակում գործի քննությունը, որովհետև վաղը ցանկացած քննչական կամ այլ դատավարական գործողություն կարող է ճանաչվել անօրինական և դրա արդյունքում ձեռք բերված ապացույցները կարող են իրավական ուժ չունենալ, որովհետև քայլերն արվում են ընթացակարգային խախտումներով:
-Տարօրինակ չէ՞, որ առ այսօր քրեական գործի շրջանակներում Պերմյակովի նկատմամբ դատահոգեբանական կամ դատահոգեբուժական փորձաքննությունը չի նշանակվել:
-Կարծում եմ՝ կնշանակի: Բայց այստեղ իհայտ է գալիս մեկ այլ կարևոր հարց, իսկ ո՞վ է իրականացնելու դատահոգեբանական կամ դատահոգեբուժական փորձաքննությունը: Եվ հետո, մի թյուր կարծիք են շրջանառում հասարակության մեջ, թե ռուսական ռազմաբազան Ռուսաստանի տարածք է, ուրեմն պետք է քննարկվի հետևյալ հարցը՝ Ռուսաստանը Պերմյակովին հանձնելու է՞ Հայաստանին, թե՞ ոչ: Ու քանի որ Ռուսաստանի սահմանադրությունը նման հանձնումն արգելում է, ուրեմն չի կարող հանձնվել: Սրանք անիմաստ խոսակցություններ են, այստեղ ընդհանրապես հանձման մասին խոսք չի կարող լինել, քանի որ Ռուսաստանի ռազմաբազայի տարածքը դա Հայաստանի Հանրապետության տարածքն է: Խնդիրը արհեստականորեն է բարձրացվում ու ներկայացվում, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե ամեն ինչ այնքան էլ սխալ հունով չի ընթանում:
-Ի՞նչպես հասկանալ, որ ռուսական մամուլը ջանքեր չի խնայում Պերմյակովին որպես օլիգոֆրեն ներկայացնելու համար: Սրա տակ հեռուն գնացող նպատակներ կա՞ն:
-Պետք չէ նման մտավախություն ունենալ, ինչո՞ւ, որովհետև օլիգոֆրեն լինել-չլինելը դեռ չի նշանակում, որ նա անմեղսունակ է: Դրանք տարբեր բաներ են: Եթե անգամ Պերմյակովը օլիգոֆրեն է, նա հասկանում է իր գործողությունների իմաստն ու կառավարում դրանք: Ինչը նշանակում է, որ նա մեղսունակ է: Այսինքն, օլիգոֆրեն լինելով նա կարող է իր կատարածի համար ցմահ դատապարտվել: Մինչդեռ այսօր հասարակության մոտ կա այդ մտավախությունը, ինչը ես ձեր հարցում ևս նկատեցի, որ օլիգոֆրեն ներկայացնելով ուզում են նրան ազատ արձակել, չդատապարտելն : Չէ, նման բան չի կարող լինել:
Եթե ռուսական մամուլն ասում է՝ Պերմյակովը օլիգոֆրեն է ու եթե դա ճիշտ է, ուրեմն, հարց՝ ո՞վ կամ ովքե՞ր են համարձակվել այդ օլիգրոֆենին զորակոչել բանակ, այն էլ Հայաստանում տեղակայված ռազմաբազա: Եթե անգամ զորակոչել են, ապա ինչպե՞ս է նրան թույլատրվել ծառայության անցնել հենց այն զորամասում, ուր նա անմիջականորեն զենքի հետ գործ ունի, ինչպե՞ս է նրան զենք վստահվել: Այս հարցերը արդարացիորեն հնչում են թե՜ Հայաստանում, թե՜ ՌԴ-ում:
Այն, որ այս զինծառայողը ուղղակի դիտավորությամբ սպանություն կատարած անձ է, սրանով հարցերը չեն ավարտվում. ովքե՞ր են ստեղծել նման հնարավորություն, որ այդ մարդու ձեռքին զենք հայտնվի, որ կարողանա դուրս գալ զորամասից: Ինչպե՞ս եղավ, որ դուրս գալուց հետո անմիջապես միջոցներ չձեռնարկվեցին նրա շարժը կանխելու համար: Շատերը պետք է պատասխան տան այս ամենի համար, այդ թվում նաև ՀՀ իրավապահները: Զինվորը զենքը ձեռքին դուրս է եկել զորամասից, ուրեմն, այդ պահից սկսած նա մեր իրավապահների հսկողության տակ պետք է լիներ, ոչ թե թափառեր քաղաքում: Հարցեր, որոնց պատասխաներին սպասում է հայ հանրությունը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












