Գլխավոր » TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն

«Եվրատեսիլ»-ում Հայաստանն աշխարհին կոչ կանի չժխտել Հայոց ցեղասպանությունը

Փետրվար 14, 2015թ. 13:58

Չնայած նրան, որ հասարակության տարբեր շերտեր դեմ են այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությանը՝ այնուամենայնիվ «Եվրատեսիլի» հայկական պատվիրակությունը հստակ որոշել է, որ մեր երկիրը մասնակցելու է մրցույթին, որը տեղի կունենա մայիսի 19-23-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում

Հասարակության մեջ դժգոհությունների պատճառը 2014թ. Կոպենհագենում տեղի ունեցած մրցույթին Ավստրիայի ներկայացուցիչ, տրանսվեստիտ Կոնչիտա Վուրստի հաղթանակն էր, որն ըստ մրցույթին բոյկոտ հայտարարողների՝ խորհրդանշում է այլասերված Եվրոպայի ու նրա սահմանած անբարոյական արժեքների գերակայությունը: Ուստի այս տարի «Եվրատեսիլին» մեր երկրի մասնակցությունը, այն էլ՝ տրանսվեստիտի «հարկի տակ», ակտիվիստները դիտում են որպես այդ անբարո արժեքներին միանալու պատրաստակամության դրսեւորում, համարում, որ այդ «անբարո» միջոցառմանը Հայաստանի հետագա մասնակցությունը նպատակահարմար չէ:

Մինչդեռ «Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ այն կարծիքին է, որ եվրոպական անբարո արժեքներին դիմակայելու լավագույն ձեւը դրանց կողքին բարոյական արժեքներն ի ցույց դնելն է՝ որպես հակակշիռ: Ընտրություն ունենալու դեպքում է հնարավոր ճիշտ ուղիով գնալ, իսկ եթե միայն վատը մատուցվի, ապա այլընտրանքի հնարավորություն չի լինի:

Ահա թե ինչու հայկական կողմը չի խուսափում մասնակցել մրցույթին։ Առավել եւս, որ Հայաստանն այս տարի պատրաստվում է Եվրոպային անկեղծ լինելու եւ 20-րդ դարում մարդկության դեմ իրագործած ամենամեծ ու ամենադաժան ոճրագործությունն ընդունելու պահանջ ներկայացնել երգի լեզվով:

Բանն այն է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հանրային հեռուստաընկերությունը որոշել է Ավստրիայում Հայաստանի ներկայացուցչի ելույթը ցեղասպանությունը չժխտելու կոչ-ուղերձի վերածել: «Մի ժխտիր». այդպես է կոչվելու այն երգը, որ կհնչի մրցույթի բեմից:

Իսկ որպեսզի երգն ու դրա մատուցումն առավել ազդեցիկ լինեն, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշել է այս տարի մեկ երաժշտական խմբում համախմբել 1915թ. բռնի տեղահանության հետեւանքով աշխարհի հինգ մայրցամաքներում սփռված հայ ժողովրդի նոր սերնդի ներկայացուցիչներին:

Ամեն աշխարհամասից՝ Եվրոպայից, Ամերիկայից, Ասիայից, Ավստրալիայից, Աֆրիկայից, ընտրվել է հայկական ծագումով մեկական երգիչ, որոնց ճակատագրերը նման են իրար այնքանով, որ բոլորի նախնիները մազապուրծ են եղել թուրքական յաթաղանից ու հանգրվան գտել օտար ափերում: Այդ հինգ երգիչները միաժամանակ զուգակցվում են Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ դարձած անմոռուկի 5 թերթիկների հետ:

Ըստ գաղափարի՝ այդ հինգ երգիչներին կմիանա եւս մեկ մասնակից Հայաստանից՝ որպես վարսանդ համախմբելով ծաղկի թերթիկները: Իմաստը պարզ է՝ Հայաստանն է այն կամուրջը, որ կապում է բախտի քմահաճույքով մոլորակի տարբեր հինգ աշխարհամասերում ծնված, բայց նույն արյունն ու պատմությունն ունեցող երիտասարդներին, եւ միայն համախմբվելով՝ այդ սերունդները կարող են ի վերջո աշխարհին պարտադրել ակնհայտ ճշմարտության անխուսափելի ճանաչումը:

«Ծագումնաբանություն» կոչվող հայկական նախագծի առանցքային ուղերձը կլինի խաղաղության, միասնականության ու հանդուրժողականության հորդորը. միայն աշխարհի բոլոր ազգերի միասնականությունը պատերազմների ու բռնությունների դեմ եւ հանդուրժողականությունը փոքր ժողովուրդների գոյության ու իրավունքների պաշտպանության նկատմամբ կարող է խաղաղության երաշխիք դառնալ:

Թե ովքեր են այն վեց երգիչ մասնակիցները, որոնք կստանձնեն այս տարի Հայաստանը «Եվրատեսիլում» արժանապատվորեն ներկայացնելու առաքելությունը, դեռ չի հանրայնացվում: Գոհար Գասպարյանը միայն տեղեկացնում է, որ սփյուռքահայ մասնակիցներին ընտրելու համար հայտերի մեծ ցուցակ են ունեցել, ուստի ընտրությունը հեշտ չի եղել:

Ի վերջո առանձնացրել են նրանց անունները, որոնց ճակատագրերը քիչ թե շատ նման են իրար: Այդ երգիչների տատերն ու պապերը ցեղասպանության վերապրողներից են եղել, մեծ լլկանքների ու փորձությունների միջով անցնելով՝ կարողացել են կենդանի մնալ ու ապաստան գտնել օտար երկրներում: Այնտեղ էլ մեծ տառապանքների ու զրկանքների գնով ապրելու ուժ են գտել ու կարողացել շարունակել իրենց սերունդը:

Երգիչներից մեկին «Եվրատեսիլի» հայաստանյան կազմակերպիչները գտել են Բրազիլիայում: Գոհար Գասպարյանը պատմում է, որ իրենք հաճելիորեն զարմացել են, երբ իմացել են, որ Բրազիլիայի հայտնի երգչուհիներից մեկը հայուհի է: Նրա որդին նույնպես երգում է, հենց նա էլ ընդգրկվել է երգիչների եվրատեսիլյան հայկական խմբում:
Խմբի ամբողջական կազմը կներկայացվի հերթականության սկզբունքով՝ առանձին-առանձին: Իսկ առաջին մասնակցի անունը կհայտարարվի փետրվարի 16-ին:

Այս տարի եվրատեսիլյան մրցույթն առանձնահատուկ է լինելու ոչ միայն հայկական կողմի մասնակցության նոր ձեւաչափով: Այն տեղի կունենա 60-րդ անգամ: Ասել է թե՝ տարին հոբելյանական է «Եվրատեսիլի» համար, ուստի առանձնահատուկ շուքով կանցկացվի՝ «Կառուցենք կամուրջներ» նշանաբանի ներքո: Այդ նշանաբանով մրցույթի կազմակերպիչներն աշխարհի բոլոր պետություններին ու մայրցամաքներին հոբելյանական տոնը միասին նշելու հրավեր են անում, որին, ի դեպ, արձագանքել է Ավստրալիան՝ մասնակցության հայտ ներկայացնելով:

Այս տարի մրցույթին մասնակցելու են 40 երկրներ, այդ թվում՝ Կիպրոսը, Սերբիան եւ Չեխիան, որոնք նախորդ մրցույթներին հրաժարվել էին մասնակցության հայտ ներկայացնելուց: Ուկրաինան է հրաժարվել եվրատեսիլյան տոնից՝ պատճառաբանելով երկրի առկա ֆինանսական ու քաղաքական խնդիրները:

Եվրոպական հեռարձակողների միության անդամ որոշ երկրներ, այդ թվում՝ նաեւ Թուրքիան, նույնպես տարբեր պատճառներով չեն մասնակցի մրցույթին: Թուրքիայի մասնակցությունից հրաժարվելը զարմացրել է մրցույթի հայկական պատվիրակությանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը պատրաստվում է իր կատարմամբ անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային ու դատապարտել այդ ոճրագործությունն իրականացրած Օսմանյան Թուրքիային: Այդ պարագայում Թուրքիան պետք է առնվազն որեւէ հակաքայլ կատարեր իր սովորության համաձայն, փորձեր ձախողել մեր մտահղացումը:

Պատվիրակության անդամները ակնկալում են, որ այդ պասիվությունը դավադիր չի լինի: Գոնե բողոքներ չեն ներկայացվի մրցույթի կազմակերպիչներին ու սպառնալիքներ չեն հնչի: Թեեւ դա որեւէ դեր չի կարող խաղալ, քանի որ արդեն վաղուց Հայաստանի մասնակցության, կատարման ընտրության հարցում ամեն ինչ որոշված է: Անգամ վիճակահանությամբ պարզվել է, որ Հայաստանը կիսաեզրափակիչ առաջին փուլում է ելույթ ունենալու՝ մայիսի 19-ին Հունաստանի, Մակեդոնիայի, Նիդերլանդների, Մոլդովայի, Ֆինլանդիայի, Բելգիայի կողքին:

Հայաստանյան պատվիրակությունը հույս ունի, որ հենց այս տարի կկարողանա հասնել այնքան սպասված հաղթանակին:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ


Դիտել TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն