Գլխավոր » Culture-Hogevor, Genocide, Լրահոս, Մշակույթ

Իմ ցուցադրությունների համար ամեն անգամ նոր ձևաչափ եմ ընտրում.Աննա Հարությունյան

Փետրվար 15, 2015թ. 15:30

Փետրվարի 18-ին Երևանի ժամանակակից արվեստների թանգարանում կբացվի ՀՀ վաստակավոր նկարչուհի ԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ անհատական ցուցահանդեսը` “Ու կյանքը սկսվեց” խորագրով: Այն անցկացվում է Նյու Յորքի և Դուբայի բիենալեների ծրագրի շրջանակում: Ցուցահանդեսի կուրատորը բիենալեների տնօրեն Պիետրո Ֆրանեսին է, ով դեռ 2014թ. Աննա Հարությունյանի հրավերով գալով Հայաստան` հիանում է հայ նկարիչների արվեստով ու անմիջապես որոշում նրանց գործերն ընդգրկել բիենալեների ցուցադրություններում, իսկ Հայաստանում էլ նախաձենում է տաղանդավոր նկարչուհու նկարների անհատական ցուցադրությունը: Հետագայում հայ նկարիչների, այդ թվում Աննայի գործերն արդեն կցուցադրվեն Նյու Յորքում և Դուբայում` այնտեղ կազմակերպված բիենալեներում:

Նկարչուհին ցուցահանդեսը նաև նվիրել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին և խորագիրն էլ հայ ժողովրդի` ցեղասպանություն վերապրելուց հետո նոր կյանք սկսելու ուժի խորհրդանիշն է:
Թեև կյանքի փնտրտուքը Աննայի ստեղծագործությունների առանցքը կարելի է համարել: Նկարչուհին իր յուրաքանչյուր վրձնահարվածը կտավին կյանքի արարում է համարում, որքան այդ վրձնահարվածներն ավելանում են, այնքան կյանքն ամբողջանում է` մինչև որ դառնա ավարտուն ստեղծագործություն: Կտավներից ամեն մեկը նրա համար մի ճակատագիր է` նույնքան տարբեր ու յուրօրինակ, որքան մարդկային ճակատագիրն է: Բայց Աննայի գաղափարախոսությամբ կյանքը երբեք չի ավարտվում: Այսինքն` ինչպես մեկնաբանում է արվեստագետը` այս աշխարհում ոչ մի քաղաքակրթություն, ոչ մի ազգ անհետ չի կորչում, չի վերանում, անգամ ցեղասպանություններն ու պատերազմներն ի վիճակի չեն վերացնելու արդեն գոյություն ունեցող սկիզբը: Այդ քաղաքակրթություններն ու ժողովուրդներ, եթե անգամ պատմության մեջ վերացած են համարվում, բնության մեջ, տիեզերքում դրանց գոյությունը շարունակվում է մեկ այլ գոյաձևի` այլ քաղաքակրթության, այլ հասարակության միջոցով: Այսպիսով, Աննան հաստատում է հայտնի ճշմարտությունը, որ ամեն մի վերջ մեկ այլ բանի սկիզբ է: Դա, իհարկե, չի վերաբերում հայ ժողովրդին, ով դարերի խորքից տոտիկ-տոտիկ իր ճանապարհն է հարթում և ոչ մի արհավիրք, պատերազմ ու ցեղասպանություն հայի գոյությունը չեն կարող ընդհատել:

Նկարչուհին արդեն հասցրել է իր ստեղծագործությունները ցուցադրել տարբեր երկրներում: Նրա կտավները աշխարհի մի շարք հավաքածուներում յուրօրինակ տեղ են զբաղեցնում` իրենց մեջ համադրելով ազգային ու համաշխարհային գեղարվեստի բոլոր նրբերանգները: Աննան նախնական մասնագիտական կրթությունը ստանալով հայրենիքում` հետագայում հնարավորություն է ունեցել ուսանելու Դուսելդորֆի, Դյուռենի գեղավեստի ակադեմիաներում: Ինչի շնորհիվ էլ նրա ձեռագրում միաձուլվել են ազգային գեղանկարչության ավանդույթներն ու եվրոպական նկարչական արվեստի դասական ու նորարական միտումները: Այժմ Հայաստանի, Գերմանիայի և Քյոլնի նկարիչների միությունների անդամ է: Անհատական ցուցահանդեսներով ներկայացել է Գերմանիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Հայաստանում, ցուցադրվել է Իտալիայում: Աննա Հարությունյանի գործերը գտնվում են Գերմանիայի Ժամանակակից թանգարանում, Իտալիայի Վենետիկի Սուրբ Ղազարոս թանգարանում նաև անհատական հավաքածուներում` Հայաստանում, Գերմանիայում, Հունաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում…

Առաջիկա ցուցահանդեսում Աննա Հարությունյանն ընգրկել է մոտ 12 մոնումենտալ ստեղծագործություն` “Կյանքը սկսվեց”, ՙԱշխարհի խորհրդանիշ՚ ՙԱշխարհի խաչելություն՚…, որոնք արված են ռելիեֆային, գեղանկարչական ու մոնումենտալ արվեստի համաձուլվածքով ստեղծված յուրահատուկ տեխնիկայով: Այդկերպ Աննան փորձել է իր ասելիքն արվեստասերներին նոր մոտեցմամբ մատուցել, որին նրանք մինչ օրս թերևս առիթ չեն ունեցել ծանոթանալ: Իսկ նորին դիմելու պատճառը հանդիսատեսին չձանձրացնելու և ասելիքն ավելի հետաքրքիր ձևով մատուցելու ձգտումն է: Նկարիչը չի սիրում արվեստի մատուցման կարծրատիպերը և ամեն անգամ երբ փորձում է հանդիսատեսին ինչ-որ բան ասել գույների ու կտավի լեզվով` նոր ձևաչափ է մտածում, որ մարդիկ ցուցասրահ մտնելիս հաճելի զարմանան ու կյանքին փորձեն այլ տեսանկյունից նայել, երևակայական նոր հորիզոններ բացել: Առաջիկա ցուցահանդեսը բացառություն չէ, և արվեստագետը հավաստիացնում է, որ ցուցահանդեսից այցելուները կհեռանան հաճելիորեն տպավորված:

Հատկապես Հայաստանում ցուցահանդես անելը նկարչուհու համար մեծ պատասխանատվություն է, քանի որ ինչպես նա է ասում` հայ արվեստասերներն ամենախստապահանջն ու քմահաճն են: Ուստի նա առաձնակի պատասխանատվությամբ է վերաբերում հայրենիքում կազմակերպվող ցուցահանդեսներին: Իսկ վաստակավոր նկարչուհու կոչումն առավել պարտավորեցնող է համարում, քանի որ այլևս իրավունք չունի հիասթափեցնելու իր արվեստի երկրպագուներին:

“Ու կյանքը սկսվեց” ցուցահանդեսի կտավները ստեղծելու համար երկար է մտորել: Դրանց ծնունդը նա համեմատում է մանկան ծննդի հետ` բեղմնավորման, սաղմնավորման շրջանից մինչև լույս աշխարհ գալը: Այդպես էլ իր ստեղծագործություններն են տևական ժամանակ բեղմնավորվում արվեստագետի ուղեղում գաղափարի նման, հետո երկար թրծվում են, կատարելագործվում մինչև որ վերջապես հանձնվում են կտավին ու դառնում կենսաուժ տվող ստեղծագործություն:

Աննան հավատում է, որ արվեստագետին իր արաչագործությունները տիեզերքից են թելադրվում ու իր համար մեծ պատասխանատվություն է համարում այդ գաղափարները այնպես վերատադրել, որ թելադրվածը հասկանալի դառնա մարդուն ու ծառայի նրան, քանի որ արվեստը մարդուն ծառայելու, նրա հոգին նրբակերտելու առաքելություն ունի:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ


Դիտել Culture-Hogevor, Genocide, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն