Ինչո՞ւ էր իշխանությանն անհրաժեշտ այլընտրանք հանդես եկող ԲՀԿ-ին մի գիշերում դարձնել արմատական ընդդիմություն
Երեկվանից Հայաստանի քաղաքական կյանքը թևակոխեց միանգամայն այլ փուլ: Մեծ հավանականությամբ, առաջիկայում ականատես կլինենք կոշտ դիմակայությունների ու առճակատումների:
Նախագահ Սերժ Սարգսյանի՝ նախօրեին ունեցած, մեղմ ասած, կոշտ ելույթից հետո, երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ դա իր դեմ ուղղված պատերազմի մարտահրավեր է, որն ինքն ընդունում է:
Նա համազգային մոբիլիզացիայի կոչ արեց՝ հայտարարելով. «Երեկվանից ստեղծվել է մի վիճակ, որը պահանջում է հանգուցալուծում: Ես համոզված եմ, որ միակ հանգուցալուծումն ամբողջական իշխանափոխությունն է` արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով: Սիրելի՛ ժողովուրդ, ես գիտեմ, որ սա է եղել ձեր հիմնական պահանջը, և ես երկար ժամանակ փորձել եմ անցնցում տարբերակով այդ պահանջի բավարարման ճանապարհը գտնել։ Բայց, փաստորեն, ցնցումների ճանապարհով գնում է իշխանությունը: Ի՞նչ ասեմ, մեղքն` իր վիզը»:
Այսպիսով, քաղաքական դաշտում հստակ ջրբաժան առաջացավ. իշխանությունը, որը սպառնում է Ծառուկյանին ֆինանսական և քրեական հետապնդմամբ, և ոչ իշխանական ուժերը՝ Ծառուկյանի գլխավորությամբ, որոնք սպառնում են իշխանափոխությամբ: Տպավորությունն այնպիսին է, որ իշխանությունը ցանկանում էր Ծառուկյանից օր առաջ լսել իշխանափոխության մասին պահանջը, ինչը, փաստորեն, ստացավ: Իսկ թե ինչո՞ւ էր իշխանությանն անհրաժեշտ որպես այլընտրանք հանդես եկող ԲՀԿ-ին մի գիշերվա մեջ դարձնել արմատական ընդդիմադիր ուժ, ցույց կտան առաջիկա զարգացումները: Կոմպրոմատներ, ֆինանսական ու քրեական հետապնդումներ, «առնետավազք»: Այս և քաղաքականության հետ կապ չունեցող բազմաթիվ երևույթներ կուղեկցեն առաջիկա քաղաքական զարգացումները:
168.am












