Նացիստական սարսափը հիշեցնում է նախորդ ցեղասպանությունը. The Sunday Times
The Sunday Times պարբերականի լրագրող Դոմինիկ Լոուսոնը զուգահեռներ է տարել մարդկության դեմ կատարված հանցագործությունների միջև` համեմատելով Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը:
Հոդվածը ներկայացված է կրճատումներով.
«Նյուրնբերգի ռազմական տրիբունալում դատախազերի ներկայացրած ապացույցների թվում էր Ադոլֆ Հիտլերի խոսքը իր գեներալներին Լեհաստան ներխուժելուց առաջ, որում ասել էր. «Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»:
Մինչդեռ նացիստական ցեղասպանական արշավը հրեաների նկատմամբ անօրինակ էր, այն, ինչպես ժամանակին Հիտլերն էր հայտարարել, ունեցել է իր նախադեպը, որի 100-րդ տարելիցը լրանում է այս տարի:
«Ցեղասպանություն» տերմինը մշակել է լեհ փաստաբան Ռաֆայել Լեմկինի` ի պատասխան 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի դեմ իրականացված վայրագությունների, որոնց ժամանակ սպանվեց 1.3-1.9 մլն հայ:
Հետաքրքիր կապ կա այս Ցեղասպանության և հրեաների Հոլոքոստի միջև: Վերջինս մշտապես նվազեցվել է բրիտանական և ամերիկյան կառավարությունների կողմից. մեծ հաշվով` ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը և Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը ցանկանում էին հասարակությանը առիթ չտալ հավատալու Հիտլերի այն պնդումներին, որ պատերազմը մղվում էր «հանուն հրեաների»:
Հակառակն է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության պարագայում: Հալեպում ԱՄՆ հյուպատոսն իր գրասենյակից 1915-16 թթ. հաղորդում էր, որ «կողոպուտի հսկայական ծրագիր է իրականացվում` հայ ժողովրդին բնաջնջելու նպատակով»: Ուինսթոն Չերչիլն իր «Համաշխարհային ճգնաժամը» գրքում գրել է. «1915-ին թուրքական կառավարությունը սկսեց և դաժանորեն ավարտին հասցրեց տեղահանությամբ ուղեկցվող լայնամասշտաբ կոտորածն` ընդդեմ հայերի… Ամբողջական թաղամասեր են ջնջվել… Կասկած չկա, որ այս հանցագործությունը նախագծվել և իրականացվել է քաղաքական պատճառներով»:
Այսօր, սակայն, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները հրաժարվում են կիրառել «ցեղասպանություն» և առավել ևս «հոլոքոստ» բառը հայերի հետ կատարվածը բնորոշելու համար: Սա մաքուր քաղաքականություն է: Այսօր, Հայաստանը, որին պատկանում է իր պատմական տարածքի 10 տոկոսը միայն, աղքատ երկիր է` առանց ելքի դեպի ծով և մեծ ռազմավարական նշանակություն չի ներկայացնում:
Թուրքիան, ընդհակառակը, հսկա պետություն է, ՆԱՏՕ-ի անդամ, որը մեծ աշխարհառազմավարական կարևորություն է ներկայացնում:
Ինչքան էլ որոշ մարդիկ փորձեն արմատախիլ անել հիշողությունը կամ ժխտել հայերի հետ մեկ դար առաջ տեղի ունեցածը, այս և բոլոր տարիներին պետք է հիշվի այն: Սակայն պետք չէ ակնկալել, որ Վաշինգտոնը կամ Վեստմինստերը ջանքեր կգործադրեն»:
tert.am












