Պետք է ամբողջությամբ վնասազերծել արձանագրությունները.Կիրո Մանոյան
զրույցում
ՀՀԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը ողջունում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ազգային ժողովից հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու փաստը։
Սակայն նաև հավելում, որ պետք է հետ կանչվի հայկական կողմի ստորագրությունը, որպեսզի հայ-թուրքական արձանագրություններն ամբողջությամբ «վնասազերծվեն»:
«Պետք է գնալ մինչև վերջ, և ստորագրությունները հետ վերցնել արձանագրություններից: ԱԺ-ից հետ կանչվելուց հետո էլ արձանագրությունները իրավականորեն դեռ կենդանի են համարվում: Այսինքն՝ ԱԺ օրակարգից հարցը դուրս հանել տակավին չի նշանակում այդ արձանագրություններն ամբողջությամբ վնասազերծել: Պետք է անպայման լինի հաջորդ քայլ, այլապես ներկա վիճակով միշտ էլ կարելի կլինի դրանք ԱԺ օրակարգ վերադարձնել»,-ասաց նա:
Հարցին, թե անհրաժե՞շտ է մինչև ապրիլի 24-ը հետ կանչել Ցյուրիխյան արձանագրությունների՝ հայկական կողմի ստորագրությունը, Կիրո Մանոյանը պատասխանեց, որ դա պարտադիր չէ նախ այն պատճառով, որ այդ քայլը վաղուց պետք է արվեր։
«Այն հիմնավորմամբ, որ հիմա հետ է կանչվել ԱԺ-ի օրակարգից, նույն հիմնավորմամբ կարելի է հանգիստ ստորագրությունը հետ վերցնել արձանագրություններից: Այսինքն՝ Թուրքիան ցույց տվեց այս անցնող գրեթե 6 տարիների ընթացքում, որ անկեղծ չէ Հայաստանի հետ՝ առանց նախապայմանների հարաբերություններ սկսելու հարցում: Ներկա վիճակով, մենք տակավին Թուրքիայի ձեռքում ինչ-որ լծակ թողնում ենք»,-ասաց նա:












