Գլխավոր » TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Խառնաշփոթից հետո ներքաղաքական դաշտը կզուլալվի, քանզի պարզ դարձավ՝ թե ո՞վ՝ ով է

Փետրվար 18, 2015թ. 21:50

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ

Ուկրաինական մայդանի ծանր օրերին այդ երկրի հայ հայմայնքի ղեկավարը մի հետաքրքիր միտք ասաց՝ Հայաստանում երբեք չի լինի այն, ինչ կատարվեց Ուկրաինայում, որովհետև լինելով հին ժողովուրդ, հայերը զգուշավոր են, և որ հայ հասարակության տարբեր շերտերը, այդ թվում նաև քաղաքական ուժերը Հայաստանում մայդաններ թույլ չեն տա: Այս առումով, ինչպե՞ս կգնահատեք ներկայիս ներքաղաքական իրավիճակը:

-Հետաքրքիր ու մեր օրերի համար դիպուկ օրինակ բերեցիք, ինչի հետ լիովին համակարծիք եմ. մեր ժողովրդի զգոնությունը, սթափությունը երբեք թույլ չի տա, որ հանձնվենք վտանգին: Գուցե պատճառն այն է, որ մեր պատմությունը եղել է վտանգներով լի՞: Ես դրանում համոզվեցի այս օրերին հետևելով քաղաքական գործիչների՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, նաև մեր հասարակ ժողովրդի կարծիքներին. ամենաբարդ իրավիճակներում ողջամտությունը մեզ չի լքում:

Անգամ այն ուժերը, որոնք գուցեև այլ սցենարներ ունեին իրենց մտքում պահած, գուցե մտմտում էին ինչ-ինչ քաղաքական տեխնոլոգիրաներ մեզանում խաղարկելու մասին, սակայն նրանք ևս լավ ճանաչելով մեր ժողովրդին, նրա սթափ մտածողությունը, հասկացան, որ երբեք չի գնա այն անձանց հետևից, ովքեր երկիրը կարող են տանել վայրիվերումների ճանապարհով ու կանգ կառնի՝ արտաքին վտանգ զգալով: Հասկացան, որ հայ հասարակությունը երկրի անվտանգությունը բարձր է դասում նաև սոցիալական հարցերից, խառնակություն, լարվածություն չի ուզում, որովհետև համոզված է, որ մեզ ուղղված տարբեր մարտահրավերներին միայն այդ կերպ կարող է դիմակայել:

Հայաստանյան իրադարձությունների այսչափ սրընթաց զարգացումը ևս հաստատեց, որ կանգնած ենք բարդ իրավիճակի առաջ. որոշ ներքին ուժեր արդեն ձեռքներն էին շփում, հարևան՝ ոչ բարեկամ երկրներն էլ ոգևորված էին՝ <Հայաստանը ներքաղական պատերազի շեմին է>: Այսօր կարո՞ղ ենք ասել, որ հաջողվեց կանխել ներքին առճակատումը:

-Ես ուշադիր հետևել եմ դրսի լրատվությանը ու համոզվել, թե ինչպիսի ուշադրությամբ ու հրճվանքով են մեր հարևանները հետևում հայաստանյան ներքաղաքական զարգացումներին: Մեր հյուսիսային հարևանը՝ Ադրբեջանը, որը սահմաններում առավել ակտիվանում է, երբ աշխարհաքաղաքական լարվածությունը մեծանում է, պատկերացրեք, թե ի՜նչ քայլեր կձեռնարկեր, եթե դրան էլ գումարվեր ներհայաստանյան լարվածությունը:

Դատելով այս պահին ընթացող ներքին գործընթացներից, կարծում եմ, մեզ հաջողվեց կանխել առճակատումը: Իսկ թե ի՜նչ վտանգից հաջողվեց փրկել մեր երկիրը, մեր ժողովուրդը դա կհասկանա շատ ավելի ուշ: Կգիտակցի նաև, որ երկրի նախագահի հայտնի ելույթը ճիշտ ժամանակին հնչեց: Եթե առաջին հայացքից նախագահի ելույթը կոշտ թվաց, ապա ուշադիր վերլուծելով քաղաքական զարգացումները, խնդիրը դիտարկելով ազգային անվտանգության տեսանկյունից, համոզվում ես, որ այն տեղին էր ու ժամանակին:

Եթե զուսպ, հանդուրժող, քաղաքական գործիչը, գնում է նման կտրուկ քայլի՝ կնշանակի կա դրա անհրաժեշտությունը: Վտանգվում էր մեր երկրի անվտանգությունը, ինչին նպաստելու էին թե՛ ներքին, թե՛ արտաքին որոշակի ուժեր: Այդ ամենի առաջն առնող քայլերը կատարվեցին իրավիճակի ճշգրիտ հաշվարկով: Իշխանությունն ապացուցեց, որ հանդուրժող լինելով հանդերձ, չի կարող թույլ տալ, որ վտանգվի մեր երկիրը: Որոշ ժամանակ անց, երբ հնարավոր կլինի իրավիճակն առավել խորքային վերլուծել, հասարակությունը անպայման կզգա, որ վտանգը կանխող քայլերն արվել են ճիշտ ժամանակին:

-Ներքաղաքական լարումը նաև լակմուսի դեր կատարեց. ոչ միայն նկատելի դարձան պետության անվտագությամբ սրտացավ քաղաքական ուժերն ու անձինք, որոնք լուրջ ներդրում ունեցան ներքին առճակատման կանխման հարցում: Ինչը նաև հաճելիորեն փաստեց, որ չնայած գաղափարական տարակարծություններին, երբ պահը գալիս է պետականամետ ուժերը կարող են համախմբվել: Նաև առանձնացան այն մարգինալ ուժերն ու գործիչները, որոնք ամեն հարմար պահի պատրաստ են արտաքին ազդակների ազդեցությամբ Հայասանում լարվածություն սերմանել:

-Ճիշտ եք: Երբ խաղաղ ժամանակ քաղաքական բոլոր ուժերն ու գործիչները խոսում են ժողովրդի անունից, ժողովրդի համար շատ դժվար է լինում գլխի ընկնել, թե իրականում ո՞վ՝ ով է: Իսկ էքստրեմալ իրավիճակներում բացվում է վարագույրը և առավել քան պարզորոշ են դարձնում մարդկանց իրական դեմքը: Ու հասարկությունն առավել հեշտությամբ կարողանում է տարանջատել, թե ո՞վ, ի՞նչ էր ուզում, դեպի ո՞ւր է իրեն մղում: Այս իրավիճակն ամեն ինչ իր տեղը գցեց, թափանցիկ դարձնելով շատերի մտքերը: Առանձնացան այն ուժերը, որոնք Ծառուկյանին մղեցին վտանգավոր քայլերի, ուժեր, որոնց նպատակն էր նրա ձեռքով շագանակներ հավաքելը, նրա ռեսուսը իրենց քաղաքական նպատակներին ծառայեցնելը: Ես այսօր անուններ չեմ տա, կարծում եմ, այս ամենը պետք է սթափ վերլուծվի ու ներկայացվի հանրությանը: Իսկ հետո կգա նաև անուններ տալու ժամանակը:

Սակայն սրանց կողքին եղան նաև քաղաքական ուժեր ու անձիք, որոնք այս դժվար պահին կանգնեցին պետության կողքին, սա շատ կարևոր հանգամանք է, դա է, որ մեր պետությունը դարձնում է անխոցելի: Մասնավորաբար, ՀՅԴ-ն այս ընթացքում դրսևորեց երկրի շահերով մտահոգ պետականամետ քաղաքական ուժին վայել կեցվածք: Ու չնահանջելով իր սկզբունքներից՝ ապացուցեց, որ դասական կուսակցություն է՝ պետությանն առնչվող հարցերում խիստ նախանձախնդիր:

Այս պահին գնահատելի է յուրաքանչյուր գործչի, ուժի դրսևորած ողջամիտ պահվածքը: Պետականամետությունն էլ հենց դա է, երբ վտանգի պահին առաջնահերթ է դառնում պետական շահը: Կարծում եմ, որ այս խառնաշփոթից հետո մեր ներքաղաքական դաշտը ավելի կպարզվի, կզուլալվի, կհստականա նաև, թե ո՞վ՝ ով է: Իսկ հասարակությունն է ճիշտ կգնահատի նրանց քայլերը, ովքեր դժվար պահին մի կողմ թողնելով խմբակային շահերը կանգնեցին պետության կողքին:

–<Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմել միմյանց դեմ, այլ հանգիստ, առանց միմյանց վիրավորելու աշխատել>, <Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյուն>. ընթերցելով ԲՀԿ ղեկավարի այս հայտարարության տեքստը ուզում ես հավատալ, որ Գագիկ Ծառուկյանն, իրոք, գիտակցել է իր քայլերի վտանգավոր հետևանքները:

– Ես ստորագրում եմ Գագիկ Ծառուկյանի այդ հայտարարության տակ: Համոզված եմ՝ գիտակցեց, որ հասարակությունը ևս չի ընդունում երկրի անվտանգությանն ուղղված ցանկացած քայլ: Հասկացավ, որ դա հարցերի լուծման ճանապարհ չէ: Ես ողջունում եմ ու դրական եմ համարում ԲՀԿ ղեկավարի այդ սթափ գիտակցումը:

-Չե՞ք կարծում, որ կատարվածից պետք է լուրջ հետևության հանգեն իշխանություննները, այսինքն սթափության պահ է նաև իշխանության համար:

-Սա շատ կարևոր հարցադրում է: Վստահ եմ, որ կատարվածը կսթափեցնի, առավել կզգոնացնի իշխանությանը, համոզված եմ, քանի որ իշխող կուսակցությունը լիովին գիտակցում է երկրում առկա դժվարությունները, մեր քննարկումներում խոսում ենք հասարակական բևեռացման, կոռուպցիայի դեմ պայքարի մասին և արձանագրում, որ տարիներ առաջ սկսած պայքարը շարունակելու ենք: Ժողովուրդը դժգոհ է, երկրում կա սոցիալական լարվածություն, իսկ եթե դա կա, ապա միշտ էլ կգտնվեն նրան հարթակ կանչողները: Եթե այսօր դա Ծառուկյանն էր, վաղը կարող է լինել մեկ ուրիշը:

Ժողովուրդը հոգնել է միջին օղակում տիրող բյուրոկրատական քաշքշուկներից: Կա չէ՞, բորենիների մի տեսակ, որը զուրկ է գաղափարներից ու միայն սեփական ստամոքսով է մտածում, այդպիսիք իրենց քայլերով արջի ծառայությունն են մատուցում իշխանությանը: Այդպիսիններից պետք է ազատվել: ՀՀԿ-ն այս ամենը շատ լավ է գիտակցում ու որոշ ժամանակ անց մեր ժողովուրդը կնկատի կոնկրետ փոփոխություններ:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն