Ադրբեջանցի դիվերսանտների քայլերը հանցագործություն են. Նուլանդ
Լեռնային Ղարաբաղի տարածք ներթափանցած եւ անցած տարվա դեկտեմբերին կատարած սպանության, լրտեսության եւ մի շարք այլ մեղադրանքներով դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների քայլերը Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը հանցագործություն անվանեց:
«Անկասկած, դա հանցագործություն էր, սակայն կոչ ենք անում համապատասխան մարմիներին հումանիտար ժեստ կատարել»,- ասաց նա, չմանրամասնելով, թե ինչ <ժեստի> մասին է խոսքը:Սակայն ավելի վաղ Բաքվում արած նրա հայտարարությունը, թե <Լեռնային Ղարաբաղում գտնվող ադրբեջանցի բանտարկյալները, պետք է հանձնվեն Ադրբեջանին՝ որպես բարի կամքի դրսեվորում>, պարզություն է մտցնում նրա խոսքում:
Իսկ հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նուլանդը նշել է, որ ամերիկյան կողմի համար շատ մտահոգիչ է ադրբեջանա-ղարաբաղյան սահմանին տեղի ունեցող բռնությունները:
«Այցի ընթացքում նշել եմ, որ ուզում ենք լինեն հանգիստ ժամանակներ, բանակցություններ: Ես այդ մասին խոսել եմ երկու երկրների նախագահների հետ, արյունահեղության դադարեցման մասին, որը կողմերից ոչ մեկին օգուտ չի բերում: Կարծում եմ, որ առաջընթաց կա»:












