Կարծում եմ՝ հետ կանչումն ավելի վաղ պիտի արվեր. Արա Պապյան
ՀՀ նախագահի կողմից հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչին ի պատասխան լսվեց Թուրքիայի արձագանքը, անդրադառնալով խնդրին «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, պատմաբան Արա Պապյանը ասել է.
“Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական արձագանքն, ըստ էության, մեղադրանք էր առ այն, որ արձանագրությունները գտնվում էին ՀՀ ԱԺ-ում, և Հայաստանն ինքը չվավերացրեց դրանք, այսինքն՝ մեզ են մեղադրում, իբրև, եթե մենք վավերացնեինք, Թուրքիան էլ կվավերացներ: Բնականաբար, չեն խոսում, թե իրենք ինչ հստակ նախապայմաններ էին դրել արձանագրությունների վավերացման համար ու դրա մասին բազմիցս և ամենաբարձր մակարդակով խոսել են, օրինակ՝ Արցախի հարցի լուծումը, այն պատկերացումներով, որ, գոնե, ինչ-որ մի շրջան պետք է զիջել, որ մյուս հարաբերությունների հաստատումը կայանա:
Անդրադառնալով հայկական կողմի քայլին պատմաբանը նկատել է. “Կարծում եմ՝ հետ կանչումն ավելի վաղ պիտի անեին, քանի որ այս փաստաթղթերի առկայությունը մի տեսակ սպասողական վիճակ էր ստեղծում և դա շահարկվում էր Թուրքիայի կողմից, քանի որ նրանք ուղերձ էին հղում տարբեր երկրների, որ որևէ լուրջ քայլ մի ձեռնարկեք, որպեսզի չխանգարեք հայ-թուրքական հարաբերությունների կայացմանը: Սակայն այստեղ նրբություն կա՝ արձանագրություններն ընդամենը հետ են կանչվել, այլ ոչ թե չեղյալ համարվել և յուրաքանչյուր պահի այս` Հայաստան -Թուրքիա արձանագրությունները կարող են հետ գնալ խորհրդարան. սա միջազգային պայմանագիր է”:












