Գլխավոր » Politics, Լրահոս, Վերլուծական

Սեփական դեմքը փրկելու փորձ

Փետրվար 19, 2015թ. 01:10

Վերջին օրերին Հայաստանում ներքաղաքական իրադարձություններն այնքան սրընթաց էին զարգանում, որ դրանց բոլոր նրբերանգների բացահայտման համար ժամանակ եւ անհրաժեշտ տեղեկատվություն է պահանջվում։
Ներկայումս, երբ արդեն ակնհայտ է քաղաքական իրադրության որոշակի լիցքաթափման միտումը, միանգամայն հասկանալի են դառնում նաեւ նրանում անմիջականորեն ներգրավված առանձին դերակատարների պահածքի «վերջին տարօրինակությունները»։

Դրանց շարքում թերեւս ամենամեծ «սյուրպրիզը» ՀԱԿ առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանի կողմից հանրապետության նախագահին ուղղված բաց նամակի հայտնությունն է՝ իրադարձությունների զարգացման կուլմինացիոն պահին։ Դա այն պահն էր, երբ Տեր-Պետրոսյանին ակնհայտ էր դարձել «Բարգավաճ Հայաստանին» ու նրա առաջնորդին իր կողմը գրավելու եւ նրա ռեսուրսները ՀԱԿ-ի ռեւանշիստական նպատակներին ծառայեցնելու ծրագրի ձախողումը։

Երեւում է, մինչ այդ «բարդ խոսակցություն» էր տեղի ունեցել կոնգրեսի ու «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդների միջեւ, որոնցից առաջինը Գագիկ Ծառուկյանից պահանջել է անգամ սահմանազատվել իրեն աջակցության ձեռք մեկնած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից։

Ի վերջո, երբ պարզ էր դարձել ՀԱԿ-ի՝ «Գագիկ Ծառուկյան» օպերացիայի ձախողումը, Տեր-Պետրոսյանին ու նրա թիմին հարկավոր էր ընտրություն կատարել արմատականության ու կառուցողականության միջեւ։
2008-ից հետո արմատականության ծանր բեռը սեփական ուսերին կրելու դառը փորձ ունեցող ՀԱԿ-ն ու նրա առաջնորդը հայտնվել էին երկրորդ անգամ նույն գետը մտնելու կամ էլ նահանջի ուղիներ փնտրելու երկընտրանքի առջեւ։ Ու քանի որ նման «հնարավորությանն» ապավինելու ո՛չ միջոց կար, ո՛չ էլ ցանկություն, ապա դրությունը շտկելու նպատակով ընտրվեց «հետին թվով» մատուցված կառուցողականության պատրանքը։

Բանն այն է, որ մինչ այդ՝ փետրվարի 11-ին, Տեր-Պետրոսյանն արդեն հանդես էր եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին ընդունված համահայկական Հռչակագրի բովանդակության թույլ եւ խիստ արխայիկ քննադատությամբ։ Ուստի նոր պայմաններում նման փաստաթղթի գոյությունը սոսկ սեփական դեմքը փրկելու պատեհ առիթ էր Տեր-Պետրոսյանի համար։
Այդ պատճառով նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակի մեջ հայտնվեց նրա այն պնդումը, թե իբր մինչեւ հանրապետության նախագահի ու ԲՀԿ առաջնորդի հայտնի հայտարարություններն ու դրանց հետեւած իշխանության քայլերը ինքն անձամբ պատրաստ է եղել հանդիպել ու Սերժ Սարգսյանին ներկայացնել համահայկական Հռչակագրի բովանդակության շուրջ իր մտահոգությունները։

Ակնհայտ է, որ սա ուղղակի սեփական դեմքը փրկելու նպատակով ձեռնարկված պարզ աճպարարություն էր, եւ ոչ ավելին։ Դա է պատճառը, որ նույն կեղծիքը ավելի համոզիչ մատուցելու համար իր բաց նամակում Տեր-Պետրոսյանը հանկարծ հագել է «հանուն պետության ապագայի» ցանկացած գործակցության գնալու պատրաստ գործչի՝ իրեն ամենեւին էլ ոչ սազական համազգեստը։

Բայց կարեւորը դա չէ, այլ այն ակնհայտ իրողությունը, որ սրանով փորձ է արվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված համահայկական Հռչակագիրը դարձնել Հայաստանի ներքաղաքական կյանքում հաճախակի հանդիպող սովորական ու պարզունակ «հետքայլի» քողարկման «թզենու տերեւ»։

Իսկ սա արդեն, մեղմ ասած, ազնիվ չէ, քանի որ Տեր-Պետրոսյանը կարող էր սպասել եւս մեկ շաբաթ, եւ անկախ նրանից, թե վերջին իրադարձությունների հետեւանքով քաղաքական դաշտի որ հատվածում կհայտնվեր ՀԱԿ-ը, ավելի տրամաբանական տեսք տալով՝ ներկայացնել մեկ անգամ արդեն հրապարակած սեփական մտահոգությունները։ Ու քանի որ դա տեղի չունեցավ, ապա նրա դրսեւորած «մտահոգությունը» առնվազն կիսով չափ արժեզրկվեց՝ արդեն իսկ իր հրապարակման պահին։
Դրան նպաստեցին նաեւ բաց նամակի միջոցով Հռչակագրի փաստացի վերաքննության համար իր առաջադրած խորհրդակցական հանձնաժողովի անդամների հիմնական մասի ակնհայտորեն «արխիվային բնույթ» ունենալու փաստը, նրանց շարքում Վանո Սիրադեղյանի անունը ներառելու տարօրինակ առաջարկը։

Հասկանալի է, որ Տեր-Պետրոսյանի դրսեւորած կառուցողականության դաշտ տեղափոխվելու ցանկությունը ներքաղաքական առումով միանգամայն բնական քայլ է, հետեւաբար իշխանությունը որեւէ հիմք չունի մերժելու իրեն մեկնված ձեռքը։
Հարց է առաջանում. բայց ի՞նչ կապ ունի դրա հետ Ծիծեռնակաբերդում՝ հանդիսավոր պայմաններում, Հայոց երկու կաթողիկոսների ներկայությամբ արդեն ընդունված Հռչակագրի վերաքննության առաջարկը։ Արդյոք մինչեւ Հռչակագրի ընդունումը Տեր-Պետրոսյանը տեղյակ չէ՞ր ներառված կետերի ու դրույթների բովանդակության մասին կամ զրկվա՞ծ էր իր տեսակետը հրապարակայնորեն արտահայտելու հնարավորությունից։

Ուրեմն ինչո՞վ է պայմանավորված Հռչակագրի բովանդակության վերաքննության պահանջի հիմնական՝ ռազմավարական շարժառիթը։ Այստեղ արդեն «Բարգավաճ Հայաստանից» «հետ չմնալու» մտահոգությունը երկրորդական դեր ունի։ Երկրորդական է անգամ 1990-ականների սկզբների իր հայտնի տեսակետների եւ դրանց կրողը հանդիսացող գործիչների «ռեանիմացիայի» ցանկությունը։
Կարեւորն այստեղ Հռչակագրով ամրագրված նպատակների եւ դրույթների շուրջ համազգային համախմբման հեռանկարը կասկածի տակ առնելու ցանկությունն է, որը միանգամայն համահունչ է այդ կարեւոր փաստաթղթի վարկաբեկման ցանկություն ունեցող երկրների նպատակների հետ։

Պատկերացնել միայն կարելի է, թե ինչ տեղի կունենա, եթե մինչեւ ապրիլի 24-ը ձեւավորվի եւս մեկ, այս անգամ «խորհրդակցական» հանձնախումբ, եւ մշակվի Հռչակագրի դրույթներին հակասող եւս մեկ փաստաթուղթ ու տարածվի ողջ աշխարհում՝ Հայաստանի Հանրապետության նախագահի անունից։
Ազգը պառակտելու եւ ողջ աշխարհի առաջ խայտառակ լինելու ավելի գործուն սցենար դժվար թե կարողանային մշակել անգամ մեր ամենաոխերիմ հակառակորդները։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Դիտել Politics, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն