Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Դաշնակցությունը կարող է վերադառնալ կոալիցիա, եթե…

Փետրվար 18, 2015թ. 21:25

Ընթացիկ ներքաղաքական զարգացումներին ու ՀՀԿ-ի հետ վերստին կոալիցիա կազմելու մասին շրջանառվող խոսակցություններին անդրադառնալով՝ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ երեկ լրագրողների հետ ճեպազրույցում մասնավորապես նկատել է. «Կոալիցիա վերադառնալը մեզ համար խնդիր չէ: Սակայն կոալիցիան լքելու որոշումը ինքնանպատակ չի եղել: Եթե մարդու մտքին միայն պաշտոն ունենալն է, նա կարող է հազար պատճառ բռնել այդ պաշտոնում մնալու համար: Նույնն էլ մենք. կարող էինք մինչեւ հիմա կոալիցիայում լինել»:
Ինչպես հայտնի է, ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս եկավ հայ-թուրքական արձանագրությունների պատճառով: Իսկ այդ արձանագրությունները նախագահ Ս.Սարգսյանն օրերս հետ կանչեց խորհրդարանից:
Այս առնչությամբ Ա.Ռուստամյանը նկատել է, որ ժամանակին 7 կետից կազմված առաջարկություն են արել ու սպասում են իշխանությունների քայլերին: ՀՅԴ ներկայացուցիչը հայտարարել է. «Եթե մենք տեսնենք, որ մեր առաջարկների իրականացման համար կա քաղաքական կամք, այո, մենք պատրաստ ենք մտնել կոալիցիա եւ այդ ուղղությամբ աշխատել, մեր լուման ունենալ»:
Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն վերջին շրջանում իշխանությունների հետ բանակցում է արմատական բարեփոխումներ իրականացնելու հեռանկարով: Այս առնչությամբ Արմեն Ռուստամյանը մասնավորապես ընդգծել է. «Այդ ամբողջական փոփոխությունների մեր պատկերացումը հրապարակավ հայտնել ենք եւ կոչ ենք արել մեր մյուս գործընկերներին միանալ այդ գործընթացներին, Դաշնակցությանը միայնակ չթողնել, որովհետեւ մի բան է, որ մենակ մենք սա պահանջենք, այլ բան է, երբ մեզ հետ լինեն այլ քաղաքական ուժեր:
Եվ այդ պահանջների արդյունքում փոփոխությունները կլինեն շատ ավելի խորքային եւ արմատական: Մենք սա ենք ցանկանում հիմա անել, այլ նպատակ չենք հետապնդել»:
Արմեն Ռուստամյանը նաեւ անդրադարձել է նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը հնարավոր դարձնելու համար իրենց քայլերին, նաեւ գնահատել ստեղծված կացությունը. «Շատ ողջունելի է այն, ինչ կատարվում է այս ընթացքում: Շատ ուրախ ենք, որ առողջ տրամաբանությունը հաղթանակել է: Ունենք մի վիճակ, որ լավ նախադրյալներ են ստեղծված, որպեսզի հետագա քայլերն ուղղվեն խնդիրների լուծմանը, որոնք ժողովուրդն ուներ»:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն