Մեզ համար շատ մտահոգիչ են բռնությունները շփման գծում.Վիկտորիա Նյուլանտ
«Մեզ համար շատ մտահոգիչ են բռնությունները շփման գծում, եւ ես իմ այցի ընթացքում այդ մասին ասել եմ։ Մենք ուզում ենք, որ լինի խաղաղություն, լինեն ուղղակի բանակցություններ, եւ այդ մասին նշել են Մինսկի խմբի համանախագահները։
Ես երկու նախագահների՝ ե՛ւ նախագահ Ալիեւի, ե՛ւ նախագահ Սարգսյանի հետ խոսել եմ արյունահեղության դադարեցման մասին, որը ոչ մեկին օգուտ չի բերում:
Երկու մայրաքաղաքներում էլ այս այցի շրջանակներում, կարծում եմ, ունեցել ենք առաջընթաց, եւ մենք հույս ունենք, որ առաջիկա օրերին, շաբաթներին տարածաշրջանում կլինի խաղաղություն՝ ի շահ բոլոր զինծառայողների ու նրանց ծնողների, ի շահ տարածաշրջանային կայունության եւ խաղաղության»,- հայտարարեց երեկ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պատասխանատու ՎԻԿՏՈՐԻԱ ՆՅՈՒԼԱՆԴԸ։
Ինչ վերաբերում է ադրբեջանցի «գերիներին» վերադարձնելուն (խոսքը դիվերսիոն ներխուժման փորձի ընթացքում երկու խաղաղ բնակչի սպանության համար դատապարտված եւ ԼՂՀ-ում իրենց պատիժը կրող Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի մասին է), ապա. «Այն, ինչ տեղի է ունեցել, անշուշտ, սոսկալի հանցագործություն է, բայց դրա հետ մեկտեղ մենք կոչ ենք անում պատկան մարմիններին կատարել այդ հումանիստական ժեստը»։












