Գլխավոր » Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Ինձ համար շատ հուզիչ պահ էր՝ լինել այդ հուշահամալիրում.Նյուլանդ

Փետրվար 18, 2015թ. 19:10

Կենսունակ քաղաքացիական հասարակությունն է

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պատասխանատու ՎԻԿՏՈՐԻԱ ՆՅՈՒԼԱՆԴԸ, տարածաշրջանային այցի շրջանակներում ժամանել է Երեւան, եւ ԱՄՆ դեսպանատանը հրավիրված ճեպազրույցի ընթացքում ներկայացրեց հայաստանյան հանդիպումների շարքը, ինչպես նաեւ պատասխանեց մի քանի հարցի

Տիկին Նյուլանդը, բացի նրանից, որ հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ քաղաքացիական հասարակության «լայն շրջանակների» հետ, հասցրել է լինել նաեւ Ցեղասպանության հուշահամալիրում, իսկ պատվիրակության կազմում ընդգրկված պաշտպանության ոլորտի պաշտոնյաները հանդիպել են հայաստանցի գործընկերներին։
«Մեր ուղերձն այն է, որ Միացյալ Նահանգները կարեւորում է Հայաստանը որպես գործընկեր։ 25 տարի մենք աջակցել ենք Հայաստանի տնտեսական աճին, ժողովրդավարության առաջընթացին, բարեկեցությանը, խաղաղությանը եւ ցանկանում ենք շարունակել, խորացնել, ամրապնդել այդ համագործակցությունը»,- ասաց նա՝ շեշտելով 2,5 միլիոնանոց հայ համայնքի դերը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հարցում։

«Մենք ուրախ ենք համագործակցելու ՀՀ իշխանությունների, Հայաստանի նախագահի հետ հակակոռուպցիոն աշխատանքների շուրջ, շնորհակալ ենք Հայաստանին եւ խիզախ հայ զինծառայողներին, որոնք մեզ հետ են Աֆղանստանում եւ Կոսովոյում, ողջունում ենք Լիբանանում հայկական զորամիավորման առկայությունը, եւ ես շնորհակալություն հայտնեցի Հայաստանի կառավարությանը Սիրիայի փախստականներին աջակցելու հարցում ցուցաբերած առատաձեռնության, համընդհանուր խաղաղության եւ անվտանգության հարցերում Հայաստանի ներդրման համար»,- հայտարարեց Վ.Նյուլանդը։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումը ամրապնդել է պետքարտուղարի տեղակալի վստահությունը, որ մեր երկիրը հավատարիմ է ժողովրդավարական զարգացման ուղեգծին. «Հայաստանի ուժեղ կողմերից մեկը կենսունակ քաղաքացիական հասարակությունն է, կենսունակ երկխոսությունը, որ կա կառավարության եւ հասարակական սեկտորի միջեւ։ Այդ երկխոսությունը ձեւավորվել է Հայաստանի անկախացումից ի վեր, եւ մենք հպարտ ենք, որ կարողացել ենք աջակցել ձեզ այդ հարցում։ Մեր գործընկերությունը ամուր է, եւ մենք շահագրգիռ ենք Հայաստանն առավել բարեկեցիկ, ամուր, ժողովրդավարական պետություն դարձնելու հարցում»։

Նախագահ Սերժ Սարգսյանը երկու օր առաջ հետ կանչեց հայ-թուրքական արձանագրությունները Ազգային ժողովի օրակարգից։ Ամերիկյան կողմի գնահատմամբ՝ հայ-թուրքական չեղած հարաբերությունների պատմության այդ էջը այլեւս փակվա՞ծ է, թե՞ դեռ կան հնարավորություններ շարժելու գործընթացը մեռյալ կետից։
«Մենք հավատացած ենք, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը շարունակում է կարեւոր մնալ երկու երկրների, տարածաշրջանի, տարածաշրջանային խաղաղության եւ կայունության համար, եւ խթանելու ենք դրան ուղղված ջանքերը։ Պետք է նկատել, որ Հայաստանը դուրս չի եկել գործընթացից, եւ մեզ համար շատ կարեւոր է, որ այն կարող է շարունակություն ունենալ»,- պատասխանեց ԱՄՆ փոխպետքարտուղարը։
Ժամանակին պետքարտուղար Քլինթոնը նույնպես այցելել էր Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերին, եւ այդ քայլը մեկնաբանել էր որպես մասնավոր այց։ Տիկին Նյուլա՞նդն ինչ անուն կտար Ցեղասպանության հուշահամալիր կատարած այցին։
«Ինձ համար շատ հուզիչ պահ էր՝ լինել այդ հուշահամալիրում։ Անձամբ ես երբեք առիթ չէի ունեցել լինելու այնտեղ, եւ դա իմ այսօրվա այցելության կարեւոր մասն էր»,- նկատեց տիկին Նյուլանդը։
Փոխպետքարտուղարին ուղղված հաջորդ (եւ վերջին) հարցը վերաբերում էր Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական, կոպիտ խախտումներին, որոնց հետեւանքով սահմանում գրեթե ամեն օր մարդիկ են զոհվում, եւ Բաքվում բարձրաձայնած տեսակետին, թե՝ լավ կլինի, որ Հայաստանը, որպես բարի կամքի դրսեւորում, ոչ այն է՝ ազատ արձակի, ոչ այն է՝ վերադարձնի ադրբեջանցի «գերիներին» (խոսքը դիվերսիոն ներխուժման փորձի ընթացքում երկու խաղաղ բնակչի սպանության համար դատապարտված եւ ԼՂՀ-ում իրենց պատիժը կրող Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի մասին է):
Ինչպե՞ս հասկանալ այս հայտարարությունը, առավել եւս, որ բոլորիս հիշողության մեջ թարմ է Սաֆարովի նախադեպը, երբ Ալիեւը Հունգարիայից «գնեց» ու հերոսի կոչում շնորհեց իր կացնով մադասպանին՝ հայի արյուն թափելու համար։
«Մեզ համար շատ մտահոգիչ են բռնությունները շփման գծում, եւ ես իմ այցի ընթացքում այդ մասին ասել եմ։ Մենք ուզում ենք, որ լինի խաղաղություն, լինեն ուղղակի բանակցություններ, եւ այդ մասին նշել են Մինսկի խմբի համանախագահները։
Ես երկու նախագահների՝ ե՛ւ նախագահ Ալիեւի, ե՛ւ նախագահ Սարգսյանի հետ խոսել եմ արյունահեղության դադարեցման մասին, որը ոչ մեկին օգուտ չի բերում:
Երկու մայրաքաղաքներում էլ այս այցի շրջանակներում, կարծում եմ, ունեցել ենք առաջընթաց, եւ մենք հույս ունենք, որ առաջիկա օրերին, շաբաթներին տարածաշրջանում կլինի խաղաղություն՝ ի շահ բոլոր զինծառայողների ու նրանց ծնողների, ի շահ տարածաշրջանային կայունության եւ խաղաղության»։
Ինչ վերաբերում է «գերիների» վերադարձին, տիկին Նյուլանդի ասածն ասած է. «Այն, ինչ տեղի է ունեցել, անշուշտ, սոսկալի հանցագործություն է, բայց դրա հետ մեկտեղ մենք կոչ ենք անում պատկան մարմիններին՝ կատարել այդ հումանիստական ժեստը»։
Հետո՞ ինչ, որ «պատկան մարմինները» ոչ թե Հայաստանում են գտնվում, այլ հարեւան չճանաչված երկրում։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ


Դիտել Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն