Քաղաքական դաշտը պետք է մաքրել կազմաքանդող՝ լումպենացված ուժերից
Հարցազրույց ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԻ հետ
-Այս օրերին՝ մեկը մյուսին հաջորդող իրողությունների ֆոնին, կարծես ստվերվեց կարևոր մի միտք, որը երեկվա ու այսօրվա հրամայականն է՝ քաղաքական դաշտը պե՛տք է պատկանի քաղաքական գործիչներին: Ներկայիս կրքերի հանդարտումից հետո, հնարավո՞ր է, որ մենք այդ գործընթացի ականատեսը դառնանք:
-Շատ ճիշտ ու շատ լավ կլինի, որ վերջին իրադարձություններից հետո ներքաղաքական վերնախավն այդ ուղությամբ լուրջ հետևությունների հանգի: Այսինքն՝ քաղաքական վերնախավը պետք է դառնա, իրոք, քաղաքական: Մինչդեռ այսօր քաղաքական վերնախավից ներս սղոսկել են ոչ միայն ապաքաղաքական, այլև ապակառուցողական ուժեր: Դրանց ասում են՝ կազմաքանդող ուժերր: Ես այսօր <ազգանուններ> չեմ տա, պարզապես կասեմ, որ դրանք իրենց վատ արարքներով վարկաբեկում են մեր պետականությունը, գործող վարչախմբին:
Ռուս գիտնական Լև Գումիլյովն ասում է՝ եռանդուն գործիչների երկու տեսակ կա, մեկին անվանում է <պասիոնար>, սրանք հանուն հասարակության, պետության անձնազոհ քաղաքական գործիչներ են: Կա եռանդուն գործիչների մեկ այլ խումբ ևս, որոնք գործում են հանուն անձնական շահի, այսպիսիք կոչվում են լումպեններ, սրանք կազմաքանդողներ են: Այսօր Հայաստանի քաղաքական դաշտում լումպենները չափազանց մեծ թիվ են կազմում: Իրենց գոյությամբ նրանք վտանգում են մեր պետականությունը:
Դրա դրսևորմներից մեկն այն է, որ ԱԺ-ում կարող է չընդունվել հակակոռուպցիոն որևէ օրինագիծ: Այսինքն, լումպենները օրենսդիր մարմին են նաև սղոսկել:
Որոշ ուժեր այսօր հայտարարում են նախագահական արտահերթ ընտրությունների անցկացման մասին ու դա պատճառաբանում նրանով, թե քաղաքական որոշ ուժեր ցանկանում են երկրում բարեփոխումներ (սահմանադրական Ա.Ս.) իրականացնել: Ստացվում է, որ արտահերթ ընտրություններ պահանջողները դուրս են եկել բարեփոխման կողմնակիցների դեմ: Կնշանակի արտահերթ ընտրությունների պահանջ ներկայացնողները լումպեններ են, որոնք պետք է հեռացվեն քաղաքականությունից:
-Նախագահ Սարգսյանն իր հայտնի ելույթում հետևյալ միտքն ասաց. <Մենք պիտի քաղաքական դաշտը իսպառ մաքրենք ֆեոդալական տրամաբանությունից քաղաքական դաշտում քաղաքական գործիչների համար տեղ բացելով, որ հնարավոր լինի քաղաքակա՛ն լուծումներ գտնել, քաղաքակա՛ն որոշումներ կայացնել>: Իսկ ինչպե՞ս պետք է կատարվի քաղաքական <ախոռների> մաքրումը:
-Կա մաքրման դասական երկու ձև:Առաջինը ինքնամաքրման փուլն է:Ես այն անվանում եմ <պերեստրոյկա>: Այսինքն, քաղաքական էլիտան իր մեջ ուժ է գտնում աստիճանաբար մաքրվելու: Երկրի ճակատագրով մտահոգ, պատասխանատու մասը իշխանությունից, քաղաքականությունից հեռացնում է մյուս՝ կազմաքանդիչ մասին, բայց դա անում է առանց ռեպրեսիաների, փուլ առ փուլ: Թող գործարարը զբաղվի իր գործով՝ բիզնես դաշտում, ավազակներն էլ թող իրենց ավազակությունն անեն քաղաքական դաշտից դուրս՝ մինչև կալանավորվելը:
Երկրորդը հեղափոխական ճանապարհն է, այսինքն, երբ հնարավոր չէ <պերեստրոյկա> իրականացնել, սկսվում է հեղափոխությունը. զավթում են իշխանությունը, կազմակերպում նոր ընտրություններ, ձևավորում քաղաքական նոր էլիտա: Բայց հեղափոխություն իրականացնողը պետք է ունենա լուրջ լծակներ, ուժ՝ այն սկսելու և ավարտելու համար:
Ես ուզում եմ, որ Հայաստանում քաղաքական դաշտի մաքրումը, քաղաքական էլիտայի փոփոխությունը ընթանա առաջին՝ ինքնամաքրման ճանապարհով:
-Ինչը նաև երկիրը զերծ կպահի ցնցումներից:
-Իհարկե, և դա շատ կարևոր է: Մենք ունենք արտաքին մարտահրավերներ, կան երկրներ, որոնք հայակական պետականության, հայ էթնոսի ոչնչացման ծրագիր ունեն:Մեկ անգամ արդեն փորձել են այն ամբողջությամբ իրականացնել, չի հաջողվեց ոչնչացնել հայ ժողովրդին, բայց դա չի նշանակում, որ նրանք հրաժարվել են իրենց մտադրությունից: Ուրեմն, այսօր մենք պետք է շատ զգույշ լինենք: Քրեականացած, լումպենացած քաղաքական էլիտան նույնպես թիրախ է ու զոհ: Եվ ես հույս ունեմ, որ նրանք, արտաքին սպառնալիքից զգուշանալով, կարող են զսպել իրենց ու թույլ տալ, որ Հայաստանը գնա <պերեստրոյկայի> ճանապարհով:
Կա մի կարևոր հանգամանք ևս: Ստեղծվել է նպաստավոր իրավիճակ, արտաքին ուժերը, գերտերությունները, որոնցից մենք հաճախ ենք դժգոհում ասելով, թե իրենց միջամտություններով ապակայունացնում են Հայաստանը, ևս շահագրգռված են Հայաստանի կայունությամբ: Սա բացառիկ դեպք է, նման իրավիճակ ստեղծվել էր 90-ականների սկզբին ու մենք կարողացանք հաջողության հասնել Արցախյան պատերազմում: Այսօր ևս աշխարհի ազդեցիկ ուժերը ուզում են տեսնել կայուն, կենսունակ հայկական պետություն:
-Իսկ ի՞նչն է ձեզ հիմք տալիս նման լավատեսության:
-Տեսեք, Ռուսաստանը գտնվում է նեղ վիճակում և չի ուզում դոնորություն անել Հայաստանին ու շահագրգռված է, որ ԵԱՏՄ անդամ դարձած
Հայաստանում լինի կայունություն, որպեսզի իր գլուխը չցավի նաև մեր պրոբլեմներից: Հայաստանի խաղաղությամբ շահագրգռված է նաև ԵՄ-ն ու պատարաստ է համերաշխության, բարգավաճման իր ծրագրերն այստեղ իրականացնել: ԱՄՆ-ն ևս որպես գերտերություն կուզենա, որ քաղաքակրթական սահմանի վրա ունենա կայուն, ապահով դաշնակից ու գործընկեր: Այսինքն, ինչպես ասացի, պահը բարենապաստ է երկրի ներքաղաքական դաշտում ինքնամաքրում սկսելու:
Ինչո՞ւ նման մտքեր Սերժ Սարգսյանը չէր ասում 3, 4 կամ 1 տարի առաջ: Կամ ինչո՞ւ չհամբերեց ու այսօր այդ մասին ասաց: Որպես շախմատիստ նա զգում է, որ եկել է Հայաստանի քաղաքական վերնախավը մաքրելու ճիշտ ժամանակը: Իրավիճակը նրան տեսանելի է, քանզի նաև լավ տեղակացված է ու հասկանում է՝ այսօր մեզ դրսից չեն խանգարի, հակառակը՝ կօգնեն այդ հարցում: Մնում է, որ իշխանությունը առիթը բաց չթողնի ու գործի անցնի: Կոմպետենտ վերնախավը միայն կարող է ձեռնամուխ լինել հայկական պետականության զարգացմանը: Կարծում եմ, իշխանության առաջ այսօր նման վերնախավ ձևավորելու խնդիր է դրված: Հայաստանում կյանքը դարձել է տագնապալի ու ինչ-որ մեկը պե՞տք է այդ գործը սկսի: Ես ենթադրում եմ, որ Սերժ Սարգսյանն առիթից կօգտվի և մեզանում լայնամասշտաբ <պերեստրոյկա> կսկսի:
-Հույս կար, թե ԲՀԿ-ն ի զորու կլինի քաղաքական դաշտում ձևավորել ընդդիմադիր բևեռ, մինչդեռ, ապացուցեց, որ այդ դերակատարումն իր ուժերից վեր է, որ լինելով օլիգարխիկ կուսակցություն անկարող է քաղաքական ուժին վայել դեր ստանձնելու: Ի՞նչ ճակատագիր է սպասվում այս կուսակցությանը:
-ԲՀԿ-ն իմիջայլոց ստեղծված կազմակերպություն է: Այդ մասին է վկայում անգամ նրա անվանումը: ԲՀԿ-ն ստեղծողներն այնքան անփույթ են եղել, որ անգամ անվանումն են անհաջող ընտրել. հապավման մեջ չկա գոնե մեկ ձայնավոր, որ նրա արտաբերումը դարձնի բարեհունչ:
Քաղաքական <տախտակի> վրա տեղ զբաղեցնող այդ ուժը որքան շուտ դառնա քաղաքական, այնքան լավ: Բայց այդպես չի լինում, քանի որ հնարավոր չէ գոյություն չունեցող ինչ-որ բանի համար քաղաքական նպաստավոր կուրս առաջարկել: Քաղաքական ուժն ի սկզբանե պետք է կառուցվի քաղաքական ծրագրի վրա ու դրա շուրջ համախմբի գաղափարակիրներին: Իսկ ծրագիրը պետք է լինի առաջընթաց ապահովող: Մինչդեռ, ԲՀԿ-ն սխալ է կառուցված, քանզի նրա ծրագիրը կազմաքանդիչ է, հետևաբար, դրա շուրջ էլ համապատասխան թիմ է ձևավորվել:
Երբ ստեղծվեց ԲՀԿ-ն՝ կազմաքանդելը մի տեսակ մոդա էր, Հայաստանի քաղաքական դաշտի նկատմամբ կար արհամարհական վերաբերմունք, իշխում էր այն վտանգավոր մտածողությունը, թե՝ ով ուզենա կարող է քաղաքականությամբ զբաղվել:
Եվ այսօր արդեն ԲՀԿ-ն ներկայացնող մի քանի մարդիկ ուզում էին պետություն քանդե՞լ: Չեն կարող, որքան էլ ջանասեր լինեն այդ հարցում: Մենք դա չենք թույլ տալ, մարդասեր աշխարհը նույնպես համաձայն չէ, որ իր պետությունը վերականգնած հրաշք ժողովուրդը լումպենների ձեռքով կործանվի: Իսկ հայ ժողովուրդը իրավունք ունի պետություն ունենալու:
Կազմաքանդող ուժի դիմաց այսօր փակվել է, ու ԲՀԿ-ի ծրագիրը շուռ է եկել իր իսկ դեմ՝ ինքն իրեն է քայքայելու: Այս օրերին կատարվածը ցույց տվեց, որ կազմաքանդողի ողջ ուժը դեպի ներս է աշխատում: Հիմա պետք է սպասենք, մինչև երկիրը կազմաքանդել ցանկացողը ինքնաքանդվի, ինքնաքայքայվի: Գործընթացը սկսված է:
-Դրա արդյունքում որտե՞ղ կապաստանի ԲՀԿ քաղաքական թևը:
– ԲՀԿ քաղաքական թև ասվածն այնքա՜ն շինծու է, հենց որ Ծառուկյանը փակեց իր դրամապանակը, ընդորում, ապօրինի ֆինասավորվող դրամապանակը, քաղաքական կուսակցությունը կդադարեցնի իր գործունեությունը, որովհետև այնտեղ վարձով աշխատող մարդիկ շա՜տ կան: Իսկ ԲՀԿ-ի փոխարեն դաշտում կհայտնվեն սոցիալ-դեմոկրատական արժեքներ հետապնդող ուժերը, որոնք բարձրացնելով իրենց դրոշը կդառնան ՀՀԿ-ի քաղաքական մրցակիցը:
-Տեղյա՞կ եք, որ այս պահին քաղաքական դաշտի մաքրման գործընթաց է սկսվել նաև ոչ իշխանական հատվածից, նախաձեռնողը Դաշնակցությունն է:
-Ողջունելի է այս օրերի ՀՅԴ դերակատարումը: Այսօր Դաշնակցությունը շատ ավելին է, նա նաև հանդուրժողականության, համերաշխության կոչով հանդես եկած քաղաքական ուժ է: Առջևում Հայոց ցեսապանության 100 ամյակն է ու ՀՅԴ-ն այստեղ էլ մեծ անելիք ունի:Ուրեմն,Դաշնակցությունը ճիշտ ժամանակին է աշխուժացել:
Ինչպես ասացի, սոցիալ-դեմոկրատների պահանջարկ կա այսօր: ՀՅԴ-ն հին, ավանդական, նաև սոցիալ-դեմոկրատական կուսակցություն է, ուրեմն նաև պահանջված է:
Բացառված չէ, որ այս փոթորիկից հետո, բացի ՀՅԴ-ից, հայտնվի նաև երրորդ ուժը, որը կառաջարկի ճգնաժամից դուրս գալու նոր կանոններ: Բարեբախտաբար, ԵԱՏՄ-ին միանալով Հայաստանը չդարձավ հակամարտությունների ասպարեզ, հակառակը, գերտերությունները պատրաստ են համագործակցել Հայաստանում: Ուրեմն, հնարավոր է, որ իհայտ գա այն ուժը, որը կլինի այդ համագործակցության ծրագրի իրականացնողը:
Ամեն դեպքում կարծում ենք մաքրելով մեր քաղաքական դաշտը կունենանք քաղաքական մեր <հեծանիվը>, որի աջ <պեդալը> կլինի բուժուա-դեմոկարատական ուժը, ձախը՝ սոցիալ-դեմոկրատական ուժը, ու մեր հասարակությունը հենվելով այդ երկու <պեդալների> վրա հեծանիվը կշարժի առաջ:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












