Այդ կենսախինդ ու իմաստուն հայուհին. Զարուհի Խանջյանի հիշատակին
Այսօր Մայրիկիս՝ Զարուհի Խանջյանի ծննդյան օրն է…
Այսօր լրացավ նրա 100 ամյակը, բայց երեսուներեք տարի է, ինչ հեռացել է կյանքից…
Կենսախինդ, հումորով, բանաստեղծական խառնվածքով, բնատուր խելքով, կյանքին ու աշխարհին փիլիսոփայորեն նայող մարդ էր:
Երբեք չչարացավ աշխարհի ու մարդկանց հանդեպ ,թեև մինչև հատակը խմել էր կյանքի դառնության մրուրը:Սովորաբար իրեն դառնացնողների մասին ասում էր՝ “Խելքն էդքան է կտրել”:
Երեսնական թվականներին՝ որպես ժողովրդի թշնամու բանտարկել են հորը` գյուղապետ Արտաշես Խանջյանին: Թիֆլիսի Օրթաճալայի բանտում՝որպես բողոքի նշան, հացադուլից մեկ ամսվա ընթացքում մեռնում է պապս:
Թագուհի տատս հոգեկան ցնցումից, վշտից ու հիվանդությունից մահանում է՝ որբ թողնելով երկու դուստրերին: Մայրս երկուս ու կես տարեկան է եղել: Երկու որբուկների՝ Հռիփսիմեի և Զարուհու խնամքն իր վրա է վերցնում հորեղբայրը: Բայց հորեղբոր կինն իր դաժանությամբ ասես հեքիաթների խորթ մոր իրական պատկերը լիներ:Այնուամենայնիվ, այդ կնոջ ո՛չ դաժանությունը, ո՛չ սիրո բացակայությունը չեն կոտրում մորս մեջ բարությունը, ըմբոստ ոգին,արդարության ու ազնվության հանդեպ հետևողականությունը, ճշմարտությունը մեղավորի երեսին ասելու համարձակությունը, ուրիշի հոգսն իր վրա վերցնելու պատրաստակամությունը:
Նա չէր սպասում՝ իրեն խնդրեն, որ ինքն օգնի:Սա իր ձևակերպումն էր` “Բերանով ուզի, ինչով ուտի”.այսինքն՝ եթե պիտի բերանով խնդրի, էլ ինչպե՞ս պիտի խնդրածը “ուտի”, քանի որ բերանն այդ պահին զբաղված է խնդրելով:
Մայրս մեզ մանկուց կրթել է ժողովրդական առակ-առածներով՝ կյանքի բոլոր պարագաների ու դեպքերի համար պատմելով մի առակ կամ առած-ասացվածք:
Մորս պատմած առակներն ու առած-ասացվածքները, որոնց մի զգալի մասն իր կենսափորձի բանաձևումն են, պատրաստում եմ տպագրության իր անունով՝ որպես հեղինակ:
Մայրս իր ծնունդը կապում էր 1915թվականի հայոց կոտորածների հետ և ասում.”Մի մարդու ծնված տարին, որ էդքան հայ են կոտորել, նա ի՞նչ բախտ ու երջանկություն կունենա”:
Թիֆլիսում նա մեզ դաստիարակում էր ազգային ոգով,ասում է.”Օտարի հողում ենք ապրում, էնպես ապրեք, որ վրացիներն ու ուրիշ ազգերը ձեր վատ արարքի համար չասեն՝ էս չե՞ք հայերդ”:
Ասում էր.”Եթե քեզ քո գլուխը պետք չէ ու դու գցում ես գետնին, ուրիշները կտրորեն ու անց կկենան.քո գլուխը միայն քո գլուխը չէ, այլ նաև քո ազգի պատիվն է”:
Մորս իմաստուն խոսքերը ուղեկցել է մեզ՝ իր չորս զավակներին, այսօր ուղեկցում է թոռներին, վաղը՝ համոզված եմ կուղեկցեն ծոռներին…
Լույս իջնի Հոգուդ,սիրելի ՄԱՅՐԻԿ, քո բարի աղոթքը լինի աշխարհի, քո սիրելի ՀԱՅԱՍՏԱՆԻ ու զավակներիդ վրա…
Մորս ամենօրյա աղոթն էր. “Տե՛ր Աստված,տու՛ր աշխարհին խաղաղություն, թագավորներին՝ հաշտություն,մահին՝ թանկություն, հացին՝ էժանություն,մայրերին՝ զավակածնություն”:
Իր ֆեյսբուքյան էջում նման հրաշալի գրառում է թողել Մարի Բարսեղյան-Խանջյանը իր մոր՝ Զարուհի Խանջյանի հիշատակին:
Մենք էլ միանում ենք մեր գործընկեր Մարիին ու շնորհավորում նրա կենսախինդ և իմաստուն մոր ծննդյան 100 ամյակը:












