Գրանդ Հոլդինգը վերազգային արտադրություն հիմնելու մտադրություն ունի
Երեկ ՙԳրանդ հոլդինգ՚ ընկերության սեփականատերեր ՄԻՔԱՅԵԼ և ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆՆԵՐՆ ընկերության տարեկան հաշվետու ասուլիս էին հրավիրել, որի ժամանակ ներկայացրեցին ընկերության ձեռքբերումներն ու զարգացման հեռանկարները:
ՙԳրանդ հոլդինգի՚ հիմնադիր, լուսահոգի Հրանտ Վարդանյանն անցած տարվա իր վերջին ասուլիսի ժամանակ ցանկություն էր հայտնել, որ 2014թ. տարեկան հաշվետու ասուլիսն իր որդիներն անեն, և այդ ասուլիսը Կարեն Վարդանյանի ներկայացմամբ նաև տուրք էր իրենց հոր ցանկությանը:
Ի դեպ, ՙԳրանդ հոլդինգի՚ հիմնավորման օրվանից ի վեր դրա միակ ու լիարժեք սեփականատերը համարվում է Վարդանյան ընտանիքը: Ինչպես հավաստում է Կարեն Վարդանյանը՝ ՙԱյդպես է լինելու միշտ, ուրիշ սեփականատեր կամ համասեփականատեր չի լինելու՚: Եվ ինչպես Հրանտ Վարդանյանն է ընկերությունը ժառանգել իր որդիներին, այդպես էլ իրենք են հետագայում ընկերության սեփականման իրավունքը փոխանցելու իրենց որդիներին:
Այսօր Հրանտ Վարդանյանի որդիներն արժանապատվորեն շարունակում են իրենց հոր գործը՝ ձգտելով բազմապատկել ընկերության ձեռքբերումները: Վիճակագրական թվերը ներկայացնելով՝ Կարեն Վարդանյանը հպարտությամբ նշեց, որ անցած տարի ՙԳրանդ հոլդինգի՚ կազմում ընդգրկված ձեռնարկությունները տնտեսական ցուցանիշների զգալի աճ են արձանագրել: Իսկ դա նշանակում է, որ իրենք արդարացրել են իրենց հոր սպասելիքները՝ ընկերության համար զարգացման նոր ուղիներ հարթելով. ՙՄենք շարունակում ենք Հրանտ Վարդանյանի գործը այնպես ինչպես նա կցանկանար, այնպես, որ նա մեզանով հպարտանա: Թե ինչպես է ստացվում՝ այդ մասին խոսում են մեր գործունեության արդյունքները: Հրանտ Վարդանյանի ստեղծած և մեզ ժառանգված ընկերությունը տարեց տարի բոլոր ոլորտներում աճի նորանոր ցուցիչներ է արձանագրում: Վիճակագրական տվյալներով՝ 2014թ. արտահանման ոլորտում ՙԳրանդ հոլդինգը՚ Հայաստանի պատրաստի արտադրանքի ամենախոշոր արտահանողն է դարձել: 2014թ. ՙԳրանդ Քենդի՚ ընկերությունն արտահանել է 1370 տոննա հրուշակեղեն և քաղցրավենիք՝ 2013թ. համեմատ արձանագրելով 65 տոկոս աճ՚:
Հալդինգը հայրենական արտադրողների շարքում այսօր առաջին հարկատուն է համարվում: Եթե 2013-ին Հայաստանի պետական բյուջե ՙԳրանդ հոլդինգի՚ կազմի մեջ ընդգրկված ընկերությունները միասին վճարել են 21 մլրդ 267 մլն դրամ հարկ, ապա 2014-ին ընկերության վճարած հարկերի շնորհիվ պետակա բյուջեն հարստացել է 25 մլրդ 84 մլն դրամով:
Այն առաջինն է նաև աշխատատեղերի քանակով: 2014թ. հոլդինգին պատկանող ընկերություններում աշխատատեղերն ավելացել են 331 –ով՝ կազմելով 7081 աշխատատեղ: Եվ քանի որ ընկերությունն արտահանման, հետևաբար արտադրության ծավալներն ընդլայնելու հեռահար ծրագրեր ունի, ապա նոր աշխատատեղերի ստեղծումը շարունակական գործընթաց կլինի:
Ներկայացնելով ծխախոտի արտադրության ոլորտում ունեցած նվաճումները՝ Միքայել Վարդանյանը նշեց, որ ծխախոտագործության ոլորտում անցած տարի աննախադեպ ցուցանիշներ են գրանցվել: ՙԳրանդ տոբակո՚ և ՙԻնտերնեյշնլ Մասիս Տաբակ՚ ընկերությունները հաշվետու տարում արտահանել են 1063 կոնտեյներ սիգարետ: 2013-ի համեմատ 2014թ. արտահանման աճը կազմել է 76 տոկոս: Կարեն Վարդանյանի հավաստմամբ դա շատ մոտ է Հայաստանի կոնյակ և սպիրտային խմիչքներ արտադրող բոլոր ընկերությունների ընդհանուր արտադրանքի արտահանման թվին: Ընդորում ՙԳրանդ հոլդինգի՚ ընկերություններն այսօր Հայաստան ներմուծվող սիգարետներից մոտ 4,4 անգամ ավելի շատ սիգարետ են արտահանում: Ընկերության արտադրված սիգարետների 80 տոկոսն արտահանվում է և միայն 20 տոկոսն է սպառվում ներքին շուկայում:
Միքայել Վարդանյանը նշեց նաև, որ ունեցած ձեռքբերումներով չեն բավարարվելու և ընդլայնելու են ծխախոտի արտադրության ծավալներն՝ արտահանման մեծացման հեռանկարներով. ՙԱյժմ շարունակում ենք ավելացնել չորանոցների թիվը: Անցած տարի 31 նոր չորանոց ենք ստեղծել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում: Հավատարիմ մնալով մեր ընկերության՝ միայն լավորակ արտադրանք ստեղծելու սկզբունքին՝ չորանոցներն ու թութունի աճեցման հողատարածքներն այնպիսի վայրերում ենք ընտրում, որպեսզի նախ էկոլոգիապես մաքուր լինեն և համապատասխանեն ծխախոտի աճեցման համար անհրաժեշտ չափորոշիչներին: Այդ պատճառով մեր չորանոցներն ու հողատարածքներն ընդլայնում ենք Լեռնային Ղարաբաղում և Տավուշի մարզում: Փոխարենը կրճատում ենք Արարատյան դաշտում եղած հողատարածքները, քանի որ այնտեղ հողի քիմիական պարունակությունը և ոռոգման ջրումի քլորի մեծաքանակ առկայությունը չեն համապատասխանում ծխախոտագործության համար անհրաժեշտ չափորոշիչներին: Մեր ընկերության հաջողության գրավականը արտադրանքի բարձր որակն է, և ամեն ինչ պետք է անենք, որ այդ որակն ապահովենք ու պահպանենք՝ սկսած հումքի գյուղատնտեսական մշակումց մինչև արտադրություն՚:
Անդրադառնալով 2014թ. ներդրումների ծավալներին՝ Կարեն Վարդանյանը նշեց, որ եթե 2013-ին կատարվել է 12 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում, ապա 2014-ին այդ թիվը հասել է 15 ԱՄՆ դոլարի: Ներդրումների նպատակը աշխարհի լավագույն հոսքագծերի ձեռքբերումն է, ինչն էլ միտված է ընկերության արտադրողականության որակի էլ ավելի բարձրացմանն ու նոր արտադրամասերի ստեղծմանը: Նոր արտադրամասերի ստեղծումով ընկերության սեփականատերերը փորձում են իրենց ապրանքատեսակների արտահանման ծավալներն ընդլայնել ու նորանոր միջազգային շուկաներ նվաճել՝ հայկական բրենդը ներկայացնելով աշխարհի տարբեր երկրներում: Առաջիկայում ընկերության սեփականատերերը նպատակ ունեն իրենց արտադրանքի համար ճանապարհ հարթել դեպի պարսկական շուկա: Ճիշտ է՝ Պարսկաստանը մեր հարևան պետությունն է, սակայն Հայաստանի դեռևս չի կարողանում լայնորեն օգտվել այդ շուկայի հնարավորություններից: Այս տարվանից ընկերությունը նաև Ռուսաստանյան շուկայի հետ կապված լուրջ ծրագրեր ունի՝ Ռուսաստանում վաճառքի ծավալները մեծացնելու և սեփական առաքման բազա ստեղծելու ուղղությամբ, ինչը հնարավորության կտա անձամբ վերահսկելու արտահանումն ու առաքումը ռուսական շուկայում:
ՙԳրանդ հոլդինգում՚ մեծ հույսեր են կապում նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության հետ: Կարեն Վարդանյանը եվրասիական տնտեսական միության անդամակցումը հայ գործարարների համար անսահման շուկա դուրս գալու լավագույն հնարավորություն է դիտարկում. ՙՅուրաքանչյուր գործարար պետք է փորձի օգտագործել այդ մեծածավալ շուկայի հնարավորությունները: Մենք այժմ ուսումնասիրում ենք միության բոլոր օրենքները, միջոցները, պայմանները, որպեսզի հասկանանք, թե ինչպես կարելի է օգտվել այդ շուկայից: Այն, որ ԵԱՏՄ-ն օգտակար է լինելու մեզ համար, անկասկած է, բայց Հայաստանն էլ պետք է լիարժեք գնահատի իր ուժերն ու հնարավորությունները, մեր պաշտոնյաները պետք է աջակցեն գործարարներին այդ հնարավորություններն առավելագույնս ի հայտ բերելու և ճիշտ քայլեր անելու համար: Այդ դեպքում կարծում եմ՝ առաջընթաց անպայման լինելու է, և մոտ ապագայում մենք կկարողանանք մուտք գործել նաև ղազախական, բելառուսական շուկաներ՚:
Միքայել Վարդանյանը ներկայացնելով ընկերության զարգացման հեռանկարները՝ չթաքցրեց, որ իրենք վերազգային արտադրություն հիմնելու հսկայական ծրագիր ունեն, որն ի դեպ Հրանտ Վարդանյանի բաղձալի ցանկությունն է եղել. ՙՀայաստանում երբևէ չենք ունեցել որևէ վերազգային ընկերություն: Մենք առաջինն ենք փորձում դա իրականացնել: Ծրագիրն իրագործելով մենք կնպաստենք հայկական բրենդի ներկայությանը աշխարհի տարբեր երկրներում՝ տեղական արտադրանքի, այլ ոչ թե արտահանվող ապրանքի տեսքով: Վերազգային արտադրության հիմնումով նաև մեր մասնագետները կկարողանան իրենց մտավոր ու տեխնիկական ներուժն իրացնել աշխարհում ու ցույց տալ, թե մենք ինչի եք ընդունակ՚:
Կարեն Վարդանյանն էլ հավելեց, որ իրենց այդ հավակնոտ ծրագիրը լիովին իրագործելի են համարում՝ չնայած բոլոր դժվարություններին. ՙԻնչպես Հայաստանում ՙԿոկա- կոլա՚ ընկերությունն է ըմպելիքներ արտադրում, այպես էլ ապագայում ՙԳրանդ Քենդին՚ կարող է ԱՄՆ -ում հրուշակեղեն արտադրել ու այդ ոլորտում անուն ձեռք բերել: Դա մեր պետության համար մեծ նվաճում կլինի՝ բոլոր, նաև բարոյական առումնեով. Հայաստանի նման փոքր երկիրն իր արտադրությամբ օտար շուկաների ներկայացուցիչը կդառնա: Դա իհարկե երկար տարիների ու տքնաջան աշխատանք է: Բայց մեր ցանկութուններն ու հնարավորությունները շատ մեծ են, կարծում եմ մեր աշխատասիրությամբ, գիտելիքներով ու փորձով կարողանանք ծրագիրը կյանքի կոչել՚:
Միքայել Վարդանյանը հավաստիացնելով, որ վերազգային ատրադրությունը ցանկություն և կամք դրսևորելու դեպքում շատ իրատեսական նախաձեռնություն կարող է դառնալ, հիշում է, թե ինչպես ժամանակին ոչ ոք չէր հավատում, որ Հայաստանում կարելի է զարգացնել ծխախոտագործությունը: Բայց այս տարի ընկերությունում ծխախոտաարտադրության մեծ աճ է գրանցվել՝ արտահանման հաշվին: Այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում 5,6 տոկոսով նվազել են ծխախոտի արտադրության ծավալները: Դա խոսում է հայկական ատադրության ծխախոտի լավ որակի ու աշխարհում պահանջված լինելու մասին: Իսկ ընկերության արտադրած ծխախոտի որակի մասին ոչ թե հոլդինգի սեփականատերերն են խոսում, այլ նրանք, ովքեր օգտվում են այդ արտադրանքից:
ՙՄի դեպք եմ հիշում. վերջերս Դուբայում ցուցահանդեսի էինք մասնակցում: Մեր տաղավարին էին մոտեցել մեկ անգլիացի և արաբ: Արաբն անգլիացուն պատմում էր, որ երբ չորս տարի առաջ իրենց երկրի շուկայում հայտնվեց հայկական ծխախոտը, մտածում էին, որ ժամանակի ընթացքում այն կորակազրկվի ու շուկայից դուրս կմնա: Իրոք բիզնեսում կա նման բան, երբ նոր ապրանքանիշը շուկա մտնելիս լավ որակ է ապահովում՝ ներկայանալի դառնալու համար: Սակայն շուկայում որոշակի դիրք զբաղեցնելուց հետո այլևս չի վերահսկում ապրանքի որակը, և այն սկսում է ընկնել: Արդյունքում ընկերությունը դուրս է մնում շուկայից: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ հայկական սիգարետի որակը ոչ միայն չի ընկնում, այլ տարեցտարի ավելի լավն է դառնում: Ես իհարկե հպարտ էի մեր մասին նման գնահատական լսելով, և հիմա ավելի պարտավորված եմ զգում, որպեսզի ամեն ինչ անենք մեր ապրանքի որակը պահպանելու ու բարելավելու համար՚,- պատմում է Միքայել Վարդանյանը:
Նույնպիսի թերահավատությամբ են վերաբերել հայկական ընկերության արտադրանքին նաև Վրաստանում: Այսօր վրացական շուկայում ՙԳրանդ քենդիի՚ 1000 տոննայից ավելի ապրանք է իրացվում: Մինչդեռ երբ ընկերությունը նոր էր մտել այնտեղի շուկա՝ վրացիները սպասում էին, որ ամենաշատը մեկ տարի հետո հայկական կողմը կհրաժարվի իրենց ապրանքը Վրաստան արտահանելուց: Բայց երեք տարի է անցել, իսկ արտահանվող ապրանքի ծավալները գնալով ավելանում են՝ մեծացող պահանջարկի հաշվին:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ












