Քաղաքական վերնախավը պետք է դառնա քաղաքական, բայց ոչ ռեպրեսիվ ճանապարհով
Ի պատասխան ArmarLur.cօm-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ այսօր ականատես դառնանք քաղաքական դաշտի մաքրման գործընթացին, երբ դաշտի տերերը, ի վերջո, կլինեն ոչ թե օլիգարխները, այլ քաղաքական գործիչները, ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԸ պատասխանեց.
<Լավ կլինի, որ վերջին իրադարձություններից հետո ներքաղաքական վերնախավն այդ ուղղությամբ լուրջ հետևությունների հանգի: Այսինքն՝ քաղաքական վերնախավը պետք է դառնա, իրոք, քաղաքական: Մինչդեռ այսօր քաղաքական վերնախավից ներս սղոսկել են ոչ միայն ապաքաղաքական, այլև ապակառուցողական ուժեր: Դրանց ասում են՝ կազմաքանդող ուժեր: Ես այսօր <ազգանուններ> չեմ տա, պարզապես կասեմ, որ դրանք իրենց վատ արարքներով վարկաբեկում են մեր պետականությունը, գործող վարչախմբին>:
Իսկ թե ինչպե՞ս պետք է կատարվի քաղաքական <ախոռների> մաքրումը, քաղաքական գործիչը ներկայացրեց իր դիտարկումը.
<Կա մաքրման դասական երկու ձև: Առաջինը ինքնամաքրման փուլն է:Ես այն անվանում եմ <պերեստրոյկա>: Այսինքն, քաղաքական էլիտան իր մեջ ուժ է գտնում աստիճանաբար մաքրվելու: Երկրի ճակատագրով մտահոգ, պատասխանատու մասը իշխանությունից, քաղաքականությունից հեռացնում է մյուս՝ կազմաքանդիչ մասին, բայց դա անում է առանց ռեպրեսիաների, փուլ առ փուլ: Թող գործարարը զբաղվի իր գործով՝ բիզնես դաշտում, ավազակներն էլ թող իրենց ավազակությունն անեն քաղաքական դաշտից դուրս՝ մինչև կալանավորվելը:
Երկրորդը, ըստ Արշակյանի՝ հեղափոխական ճանապարհն է.<Երբ հնարավոր չէ <պերեստրոյկա> իրականացնել, սկսվում է հեղափոխությունը. զավթում են իշխանությունը, կազմակերպում նոր ընտրություններ, ձևավորում քաղաքական նոր էլիտա: Բայց հեղափոխություն իրականացնողը պետք է ունենա լուրջ լծակներ, ուժ՝ այն սկսելու և ավարտելու համար>:
Ազատ Արշակյանի համար նախընտրելին ինքնամաքրման ճանապարհն է.<Ես ուզում եմ, որ Հայաստանում քաղաքական դաշտի մաքրումը, քաղաքական էլիտայի փոփոխությունը ընթանա առաջին՝ ինքնամաքրման ճանապարհով>:












