Մի չարչրկված կյանքի պատմություն. Հրաչյա Աճառյան
Նրա ապրած կյանքը մեծագույն սխրանք էր: Մեծ գիտնականի կյանքում թերևս չի եղել այնպիսի շրջան, որ հիշարժան ու խռովահույզ դեպքերով համեմված չլիներ:
Շատ դառնություններ է տեսել իր կյանքում հայ գիտնականը, մեծ նեղություններ կրել, սակայն միշտ իր համառ աշխատանքի և բարի սրտի շնորհիվ կարողացել է արժանապատվորեն դուրս գալ բոլոր այդ փորձություններից: Թեև կրած յուրաքանչյուր դառնությունը չի պակասեցրել նրա բարությունը, փափուկ և ազնիվ բնավորությունը չի խեղել, փոխարենը դրանք ժամանակից շուտ ճերմակեցրել են նրա հանճարեղ գլուխը և կորացրել մեջքը:
Դեռևս Շուշիում աշխատելու տարիներին Հրաչյա Աճառյանը հանդիպում է իր կյանքի հավատարիմ ուղեկցին՝ Արուսյակին: Գեղանի Արուսյակը դառնում է Աճառյանի կյանքի անմնացորդ նվիրված կողակիցը, ով ամեն ինչ նվիրաբերում է ամուսնուն, նրա նպատակներն ու ցանկությունները դարձնում իրենը: Նրանց սերը եղել է անկեղծ ու փոխադարձ և ոչինչ՝ ոչ առաջին համաշխարհայինը, ոչ ջարդարար թուրքերի նախաձեռնած հայոց կոտորածն ու գաղթերը չեն բաժանում նրանց՝ թե ֆիզիկապես և թե հոգեպես: Շամախու կոտորածից փրկված մոտ 600 –ի չափ հայերի հետ ամուսինները Ղարաբաղից գաղթում են Էնզելի, որտեղ էլ մեծ մանկավարժը ստանում է Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերը և կնոջ հետ ժամանում Երևան՝ դասախոսական աշխատանքի անցնելով Երևանի պետական համալսարանում: Համալսարանը դառնում է նրա կյանքի հետագա 30 տարիների արգասաբեր օրրանը: Մինչև ուղնուծուծը մանկավարժությամբ օժտված Աճառյանը կրթում ու դաստիարակում է տասնյակ սերունդներ, շարունակում բեղմնավոր գիտական աշխատանք ծավալել:
Կնոջ` Իրանում բնակվող բարեկամներից մեկին գրված մի նամակից, որ թվագրված է 1924թ.-ին, տեղեկանում ենք, որ Աճառյանը գոհ էր իր այդ ժամանակվա կյանքից, աշխատանքից: Արդեն մեկ տարի հետո նույն մարդուն հասցեագրված հաջորդ նամակից իմանում ենք սիրելի կնոջ մահվան մասին. ՙԵվ այսպես խեղճ Արուսյակս մեռավ յուրայիններից հեռու, նույնիսկ չարժանացավ նրանց կարեկցությանը: Ես միայն մնացի, որ գիշեր-ցերեկ անդադար հիշում եմ, ողբում ու ցավում: Այսօր հատկապես շատ դառն հուշերի մեջ էի, վախենում եմ, որ ես էլ կգժվիմ, տանը բոլորովին մենակ եմ, ոչ ոք չունիմ և եթե մի արկած պատահի ինձ, փողոցի շան դրությունից էլ վատթար է լինելու դրությունս՚:
Եվ որպեսզի կնոջ կարոտն առնի, զգա ներկայությունը, նրա ամենասիրած շրջազգեստը կախում է պատից և ամեն օր դասերից վերադառնալիս զրուցում դրա հետ, պատմում իր անցկացրած դասերի և գալիք օրերի անելիքների մասին: Բայց օրերից մի օր գողերը մտնելով նրա տուն և ձեռագրերից բացի ոչինչ չգտնելով` տանում են պատից կախված զգեստը: Մեծ գիտնականը շատ է վշտանում, հոգեկան ապրումների մեջ ընկնում այնքան ժամանակ, մինչև որ Աբովյան փողոցով անցնելիս Արուսյակի զգեստը պատահաբար տեսնում է մի կնոջ հագին: Անմիջապես կանգնեցնում է նրան, հարցուփորձով իմանում, որ կինն այն գնել էր անծանոթ մի երիտասարդից և պահանջում է տեղում հանել զգեստն ու վերադարձնել իրեն: Բարձրացած աղմուկի վրա հավաքվում են մարդիկ, փորձում հանգստացնել պրոֆեսորին, սակայն նա անհողդողդ էր և պահանջում էր, որ զգեստն անմիջապես վերադարձնեն: Չի օգնում անգամ ոստիկանական միջամտությունը, և միայն այն բանից հետո, երբ ոստիկանատանը Աճառյանը այդ զգեստի համար վճարում է կնոջը և թանկագին հիշատակը տուն բերելով` կախում նախկին տեղում, նոր միայն վերագտնում է իր հոգեկան հանգիստը: Բայց զգեստը այլևս խորթացել էր, դարձել անհարազատ, և Աճառյանը օտարացած շրջազգեստը իջեցնում է պատից ու փոխարենը կախում կնոջ յուղաներկ նկարը, իսկ ավելի փոքր լուսանկարը դնում իր գրասեղանին: Այդուհետ նա հաղորդակցվում է լուսանկարների հետ:
Արյուսակից հետո միայնակ ապրելը բոլորովին փոխում է Աճառյանի կենցաղն ու բնավորությունը, ինչը մտահոգում էր իր ընկերներին: Եվ նրանք որոշում են, որ իրենց ընկերոջը կփրկի միայն նոր ամուսնությունը: Աճառյանը սկզբում անգամ լսել չի ուզում այդ մասին. ՙԱրյուսակից հետո ո՞վ պետք է լինի, որ այդ տարիքում (իսկ նա արդեն 60-ին մոտ էր) իր հոգսերը հոգա ու հավատարիմ լինի իրեն՚:
Ընկերներին մի կերպ հաջողվում է համոզել նրան ու իմանալ նրա ճաշակը: ՙՈչ գեր լինի, ոչ նիհար, բռնելու մկան ունենա, ոչ շատ մեծ լինի, ոչ էլ շատ փոքր, պոլսեցի լինի, որ նրանց կենցաղն իմանա ու իր համար պոլսական ճաշեր պատրաստի՚,- այսպիսին էին Աճառյանի հավակնությունները: Սակայն իր ապագա կնոջը պետք է գտնի ինքը և ոչ թե միջնորդ ընկերները: Մի օր ընկերուհու հետ պրոֆեսորին է այցելում բժշկական ինստիտուտում սովորող իր ծանոթ Օլյան ընկերուհու՝ Սոֆիկի հետ: Սոֆիկն անմիջապես գրավում է Աճառյանի ուշադրությունը: Նա գեղեցիկ էր, բարեկազմ, բավականին համեստ էր երևում և ամենակարևորը՝ իր ուսանող ընկերուհիներից տարիքով էր, թեև իրենից շատ երիտասարդ: Նա Օլյայից իմանում է, որ Սոֆիկն ամուսնացած և բաժանված է: Դե ինչ, Սոֆիկը իդեալական զույգ էր տարիքն առած, սակայն հարազատ կողակցի կարիք ունեցող պրոֆեսորի համար: Աճառյանը մտահոգվում էր, թե ինչպես կարող է գրավել նրան, երբ տարիքի հսկայական տարբերություն կար իր արտաքին տեսքն ու կենցաղն էլ այլևս այն չէին: Սակայն ճակատագիրն արդեն կանխորոշել էր այդ երկու լքված հոգիների միաձուլումը: Սոֆիկը, որ ժամանակից շուտ հասունացել և կյանքի դառը փորձով հասկացել էր երջանկության գինը, ուշադրություն չի դարձնում գիտնականի ոչ տարիքին, ոչ տեսքին և ոչ էլ կենցաղին: Այդ տղամարդը կարողանում է նրան գերել իր կենսուրախ, աշխույժ և մարդամոտ բնավորությամբ: Իսկ վերջին վճռորոշ ՙմարտը՚ լինում է Աճառյանի գրած բանաստեղծությունը` նվիրված Սոֆիկին: Այդ օրը Սոֆիկն ընդմիշտ մնում է իր սիրելի բարեկամի տանը և դառնում նրա ողջ կյանքի ուղեկիցը: Տիկին Սոֆիկը հետո պետք է մեծ դեր խաղար մեծ գիտնականի թե անձնական, թե գիտական կյանքում՝ նրա պես հավասարապես կրելով ամուսնուն բաժին հասած դառնություններն ու դժվարությունները, ուղիղ 18 տարի լինելով նրա հավատարիմ ընկերն ու բարեկամը:
Հազիվ էր կարգավորվել Աճառյանի կյանքն ու հոգեկան ներաշխարհը, երբ հերթական փորձությունը, որին շատերը պետք է ենթարկվեին այդ թվերին, թակում է նրա կյանքի դուռը: 37 թվականն էր: Չգիտես ինչպես և ում հանցագործ ձեռքով բազմաթիվ մտավորականներ և խելացի ուղեղներ հայտարարվում են ՙնացիոնալիստներ՚, ասել է թե ազգայնամոլներ, ժողովրդի թշնամիներ, լրտեսներ և այդ պիտակով ով բանտարկվում, ով աքսորվում, ով ենթարկվում է բռնաճնշման ու հալածանքների կամ, որ ավելի սարսափելի է` գնդակահարման ու անհայտ գերեզմանոցներում թաղվելուն: 37թ.-ի մղձավանջը անտարբեր չի անցնում նաև կենսասեր ու լավատես, քաղաքականության հետ ոչ մի ուղղակի աղերս չունեցող, ոչ մի կուսակցության չպատկանող և միայն ու միայն գիտությանը նվիրված Աճառյանի կողքով: Երևանի բանտերում ավելի քան 800 դաժան և տառապալի օրեր էին սպասում նրան:
Աճառյանին կալանավորում են սեպտեմբերի 29-ին, բռնագրավում գրամեքենան և ձեռագրերը` միևնույն ժամանակ փակելով և կնքելով սենյակի դուռը: Տիկին Սոֆիկին և տան ծառայող Պոլինային թույլ են տալի օգտվել միայն խոհանոցից: Աճառյանի ձեռագրերը, որոնք ենթակա էին բռնագրավման, մնում են հյուրասենյակում: Ամբողջ գիշեր Սոֆիկն ու Պոլինան մտածում են, թե ինչպես փրկեն դրանք և երկար մտորումներից ու քննարկումներից հետո որոշում են օգտվել սենյակից դեպի խոհանոց բացվող փաքրիկ օդանցք-պատուհանից: Սոֆիկը մի կերպ ներս է սողոսկում դուրս բերում ձեռագրերի մի մասը: Բայց դրանք հարկավոր էր նաև ապահով տեղում թաքցնել: Այս անգամ արդեն օգնում է Սոֆիկի քեռին` դրանք տեղափոխելով Նոր Բութանիա, որտեղ երկաթե արկղի մեջ դնելով` թաղում են պարտեզում` առվից հեռու մի ծառի տակ: Եվ երկու տարի շարունակ այդ ծառը չեն ջրում, որպեսզի ձեռագրերը չխոնավանան:
Աճառյանի ձերբակալության մասին որոշումն ընդունվում է 1937թ.-ի սեպտեմբերի 18-ին անվտանգության կրտսեր լեյտենանտ ոմն Կիրակոզովի կողմից: Պրոֆեսորը մեղադրվում է որպես անգլիացիների կողմից Ադրբեջանում նշանակված գործակալ ու Երևանի համալսարանում իբրև թե գործող պրոֆեսորների հակահեղափոխական-ֆաշիստական խմբի անդամ: Երեք անգամ տարվելով հարցաքննության` երթարկվում է ծեծի ու հայհոյանքների, նրան խոստանում են ՙմեղքը՚ հանձն առնելու և մեղայական խոստովանություն գրելու դեպքում մի քանի օրից ազատ արձակել: Եվ 61-ամյա հյուծված, ահաբեկված ու անօգնական գիտնականը ստոր ու դաժան քննիչի հարկադրումով ու թելադրանքով իր ձեռքով դիմում է գրում ՆԳ ժողկոմին` ՙխոստովանելով՚ իր գլխին բարդած հանցանքը:
Թե ինչպես է Կիրակոզովը Աճառյանից կորզում այդ ստորագրությունը, հետագայում պատմել են նրա խցակից ընկերները: Հարցաքննություններից մեկի ժամանակ քննիչի այն մեղադրանքին, թե Աճառյանը իբր գերմանական, ֆրանսիական, անգլիական, ճապոնական ու տաճկական լրտես է, Աճառյանը սրամիտ պատասխան է տալիս, թե՝ ՙեթե կան հիմար մարդիկ, ովքեր կհավատան, թե գիտնականը, հայ լեզվաբանը կարող է լրտես լինել, և եթե այդպիսի սուտը շատ անհրաժեշտ է ձեր կարիերայի համար, գրեք, և ես կստորագրեմ: Բայց որ ես` հայ գիտնական Աճառյանս, տաճկական լրտես եմ, դա զառանցանք է, չտեսնված վրդովեցուցիչ վիրավորանք և եթե ինձ կտոր-կտոր էլ անեն, ես այդպիսի զրպարտանք հանդուրժել չեմ կարող և հավատացած եմ, որ իր արժանապատվությունը չկորցրած ամեն մի հայ մարդ նույնը կասի ձեզ՚: Այս համարձակ պատասխանի համար քննիչը անասնաբար ինչքան որ ուժ ուներ ապտակում է թույլ ու տկար ծերունուն: Բայց Աճառյանը չի կորցնում իրեն և պատասխան ապտակ է հասցնում քննիչին` արհամարհական ասելով, թե` ՙԻնչ մեծ հերոսություն քեզ նման ուժեղ երիտասարդի համար ձեռք բարձրացնել ինձ նման հիվանդ մի ծերուկի վրա՚: Մեկ ուրիշ հարցաքննության ժամանակ չկարողանալով բռնությամբ խոստովանեցնել խեղճ ծերուկին` քննիչը, բերանից հանելով վառվող ծխախոտը, հանգցնում է այն ուղղակի Աճառյանի ճակատին, և դա դեռ քիչ էր` այնքան է ծեծում, որ ուժասպառ ու հուսահատ ծերունին երկու անգամ ընկնելով աստիճանների վրա` հազիվ է հասնում իր խցիկի դռանը:
Դրանից հետո միայն Աճառյանը զրպարտում է ինքն իրեն` խոստովանելով, թե իբր ինքն իսկապես 1915 թվի օգոստոս և սեպտեմբեր ամիսների ընթացքում ծառայել է Բաքվի տեղական հեղափոխական իշխանությանը` որպես ՙհետախույզ մարմնի ագենտ՚, ինչպես նաև պետհամալսարանում մերձավորների շրջանում, ինչպես և դասախոսների հետ խոսակցության միջոցին, տոգորված լինելով նացիոնալիստական տրամադրություններով, թույլ է տվել նացիոնալիստական և անգլիոֆիլիական արտահայտություններ: Սակայն մեղայականից հետո ոչ թե մի քանի օր, ինչպես որ խոստացել էին նրան, այլ ավելի քան մեկուկես տարի է անցնում, մինչև վերջապես քննության է դրվում Հրաչյա Աճառյանի գործը: Դատարանի որոշմամբ նրան դատապարտում են 6 տարի ազատազրկման: Իրեն կորցրած և հուսախաբ Աճառյանը միայն կարողացել է բեկբեկուն ձայնով բղավել. ՙԱ՞յս էր ձեր արդարությունը՚,- և փուլ գալով աթոռին` հեկեկացել է:
Հետագայում դեպքերն այնպես են ընթանում, որ Աճառյանը բանտում լրացնում է միայն երկու տարի: 1939 թվականի դեկտեմբերի 19-ին շուրջ 2 տարի 3 ամիս կալանքի մեջ գտնվելուց հետո Աճառյանը ազատվում է բանտից: Եվ քանի որ բանտից ազատվել էր ՙհանցակազմի բացակայության՚ հիմնավորումով, անմիջապես վերականգնում են նրա դասախոսական իրավունքները: Հետաքրքիր է, որ հասնելով համալսարանի շենքին` այդքան տարիների իր կարոտն առնելու համար պրոֆեսորն ու գտնականը լացակումած սկսում է համբուրել շենքի պատերը:
Աճառյանը աստվածավախ մարդ էր: Կյանքի բոլոր դժվար ու անելանելի պահերին միշտ հույսն Աստծու վրա է դրել և բանտից ազատվելուց հետո էլ անգամ կյանքում վրա հասած ուրիշ փորձությունների ժամանակ միշտ աղոթել է, միշտ հավատացել, որ բարին ամենակարող է, և երբեք չի հանձնվել, թույլ չի տվել, որ արատավորվի իր հոգին: Դստեր` Քնարիկ Աճառյանի պատմելով` հայրիկը օրվա ընթացքում 4 անգամ աղոթում էր` առավոտյան, կեսօրին, ընթրիքին և քնելուց առաջ և որպեսզի չմոռանա, թե քանի անգամ է աղոթել, ամեն աղոթելուց հետո թաշկինակի մի ծայրը հանգուցում էր:
Կյանքում բազմաթիվ տառապանքներ տեսած, բազում մղձավանջային օրեր ապրած մեծ գիտնականի, ազնիվ ու մեծասիրտ մարդու համար 50-ական թվականները ամենահանգիստ ու խաղաղ տարիներն էին: Այդ ժամանակ նա արդեն 74 տարեկան էր: Սակայն շարունակում էր դասավանդել համալսարանում և կշարունակի մինչև մահը` 1953 թվականի ապրիլի 16-ը: Այդ օրը նա սովորականի պես գնում է դասախոսության, պարապում պարսկերենի դասը, վերադառնում տուն, սափրվում, թեև դա իր սափրվելու օրը չէր, ախորժակով ճաշում է, նստում բազկաթոռին ու գոհունակությամբ դիմում կնոջը. ՙՍոֆիկ, ես երջանիկ եմ, փառք Աստծո, կինս առողջ է, աղջիկս առողջ, այսօր էլ կարողացա համալսարան գնալ և դասերը հաջող անցան: Հիմնական գործս վերջացրել եմ, ապրել եմ 77 տարի` կախարդական երկու թվանշան կողք-կողքի, վայելել եմ ամեն ինչ, տեսել այն օրերը, որ երազում էի: Հիմա ինձ համար ամեն ինչ վերջացել է՚: Սակայն տանեցիները չէին կասկածում, որ մեծ մարդու կանխատեսմամբ նա զգում էր իր մահը: Դրանք Աճառյանի կյանքի վերջին պահերն էին: Այդ օրը նա ՙԱլմաստ՚ օպերայի երկու տոմս էր գնել կնոջ և դստեր համար: Ճանապարհելիս նրանց համբուրում է, ավելի ուժգին սեղմում կրծքին և հուզվում: Տանեցիները ոչինչ չեն կասկածում, այնքան սովորական էր նրանց համար մեծ ծերունու հուզմունքը: Իսկ օպերայից տուն վերադառնալով` նրան տեսնում են բազմոցին մեկնված` աչքերը փակ, ձախ ձեռքը գլխի տակ, աջ ձեռքին թաշկինակը` 3 ծայրերը ագուցված, մեկը` ոչ… Չորրորդ անգամ չէր հասցրել աղոթել…: Մտածում են, թե քնած է, բայց շուտով հասկանում են, որ իրենց սիրելի հայրն ու ամուսինը մահացել է:
Իր ապրած կյանքի 77 տարիներից 65 – ի ընթացքում, աշխատելով առավոտից մինչև ուշ գիշեր, Հրաչյա Աճառյան գիտնականը ստեղծեց այնպիսի կոթողային աշխատություններ, որոնք անկրկնելի են: Մեծ գիտնականի մինչև այսօր հրատարակված աշխատությունների ցանկի անվանումների թիվը հասնում է մոտ 250-ի` ամփոփված ավելի քան 32 հազար մեծադիր էջերում` չհաշված մի քանի տասնյակից անցնող ձեռագիր աշխատությունները: Այս ողջ ավանդը յուրօրինակ կյանքի մանրամասներով նա ժառանգեց իր ազգին, ում նվիրել էր ողջ կյանքը: Նա այն միակ հայ պոլիգլոտն էր, որ հինգ տասնյակից ավելի լեզուների էր տիրապետում և հասկանում էր եռապատիկ անգամ ավելի լեզուներ… Այս ռեկորդը հայ իրականության մեջ դեռևս չի գերազանցվել:
Թագուհի Ասլանյան












