Գլխավոր » Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան

Ռուսական կողմը պատրաստ չէ հանձնել Պերմյակովին

Փետրվար 21, 2015թ. 15:12

Գյումրիում Ավետիսյանների ողբերգական սպանությունից անցել է 40 օր: Նրանց տան դիմաց հավաքված հարազատները, գյումրեցիները միասին գնացին Գյումրիի գերեզմանատուն, որտեղ կայացավ Ավետիսյանների քառասունքի հոգեհանգստյան կարգը: Ներկա էին նաև քաղաքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ:

Արարողությանը ներկա Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը լրագրողներին հայտնեց, որ Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդները՝ հարազատները, երկու օր առաջ հրավիրվել են ՀՀ քննչական կոմիտե և նախաքննական մարմնից նրանց պարզաբանումներ են ներկայացվել՝ քննության ընթացքի հետ կապված։ Ի պատասխան լրագրողների հարցերի, նա միայն նշում էր, որ տեղյակ է այնքան, որքանով հենց լրագրողները:

Գյումրիից ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը լրագրողներին ասաց, որ ինքը եղել է Մոսկվայում, որտեղ բարձրացրել է ռուս զինվորական Պերմյակովին, ով խոստովանել է, որ ինքն է կատարել հանցագործությունը, Հայաստանի իրավապահներին հանձնելու հայ ժողովրիդ պահանջը.«Պատասխանը, ցավոք, բացասական է եղել` պատրաստ չեն հանձնելու, բայց պատրաստ են քննչական համատեղ գործողությունները, դատավարությունը Հայաստանում իրականացնել, իսկ թե պատիժը որտեղ է կրելու, հստակ պատասխան չի տրվել»:

Նա ընդգծեց, որ հարազատների, գյումրեցիների, հայ ժողովրիդ պահանջն արդարացի է:

Ավետիսյանների հարազատները լրագրողների հետ զրույցում ասացին, որ նրանք մի քանի օր էլ կսպասեն, ապա կդիմեն կտրուկ քայլերի՝ կգնան նախագահական նստավայրի մոտ ցույցեր կանեն :

«40 օրվա ընթացքում որևէ ստույգ պատասխան չենք ստացել»,- ասում են սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրերը:

Գյումրի քաղաքում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրված նաև ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ սպանություն և դասալքություն:

Դեպքից հետո Գյումրիում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, պահանջը մեկն էր՝ Պերմյկովին հանձնել հայ իրավապահներին, նրա դատավարությունն ընթանա Հայաստանում՝ հայաստանյան օրենքներին համապատասխան:
Փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային: Պատասխան դեռևս չկա:


Դիտել Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն