Արտո Չաքմաքչյան. խորհրդային հասարակարգի էլի մեկ զոհը
Արտո (Հարություն) Չաքմաքչյան` քանդակագործ, նկարիչ, արվեստագետ, պարզապես հայ մարդ, ով ապրելով ու ստեղծագործելով Կանադայում` շարունակում է արմատներով ամուր կապված մնալ իր հողին ու ստեղծագործությունների մեջ հավատարմորեն իր ժողովրդից ու բնօրրանից վերցրած սնունդի կնիքն է թողնում` մարդկայինի սահմանները միաձուլելով հայրենի եզերքի կարոտին: Ժամանակը նրա հանդեպ անհանդուրժող էր, քանի որ արարելով մի հասարակարգում, որն իր քարացած սոցռեալիստական օրինաչափություններն ու կարծրատիպերն էր պարտադրում արվեստագետին` նա չհամակերպվեց դրանց հետ և որպես քանդակագործության մեջ գեղարվեստական արտահայտության նոր ձևեր փնտրող և այն տարիների համար տարաշխարհիկ գաղափարներով առաջնորդվող արվեստագետ հալածվեց այնքան ժամանակ, մինչև վերջապես 1975 թվականին որոշեց ընտանիքով հեռանալ Հայաստանից, որպեսզի շարունակի սիրել այդ երկիրը: Մեկնեց Կանադա` Մոնրեալ, ուր ապրում է մինչ օրս:
Այնինչ երբ 1948 թվականից իր ծննդավայր Եգիպտոսից ընտանիքով տեղափոխվեց Խորհրդային Հայաստան, 15 – ամյա տաղանդավոր քանդակագործը մեծ հույսեր էր կապում նախնիների բնօրրանի հետ և այդ հողին օգտակար լինելու պատրաստակամությամբ շտապեց ընդունվել Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, որտեղ հինգ տարի քանդակագործություն և գեղանկարչություն ուսանելուց հետո որոշ ժամանակ դասավանդեց այնտեղ: Այնուհետև ընդունվեց Գեղարվեստի ինստիտուտ և ուսանելու վեց տարիների ընթացքում, ինչպես արվեստագետն է խոստովանում` սովորեց ինչը չսիրել, որի շնորհիվ նա կարողացավ ավելի շատ սեր պաշարել իր մեջ:
Դեռ փոքրուց դաստիարակվելով հայկական մշակույթի ավանդույթներով` Արտոն լավ գիտեր, որ միայն նախնիների ստեղծածը մոռացության փոշիներից փրկելու և դրա հիմքի վրա սեփական մտածելակերպը մշակելու, գիտելիքներ ու կենսափիլիսոփայություն պաշարելու ճանապարհով է հնարավոր ինքնատիպ ձեռագիր մշակել համաշխարհային արվեստում:
1961 թվականին Գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտում որպես հետազոտող աշխատանքի անցնելուց հետո երիտասարդ քանդակագործը առիթը բաց չի թողնում ճամփորդելու Հայաստանի շրջաններով` միջնադարյան հայկական վանքերի բարձրաքանդակները, հայ հին արձանագործական արվեստն ու ճարտարապետությունը ուսումնասիրելու նպատակով: Հենց այդ գիտարշավների ժամանակ էլ նա բազմաթիվ բացահայտումներ արեց քանդակագործության ոլորտում` գիտակցելով, որ հայ հին քանդակագործական արվեստում պիկասոյական, շագալյան հնարքներն ու օրինաչափությունները կիրառվել են նախքան եվրոպական քաղաքակրթության ի հայտ գալը: Օրինակ` հնում հայ վարպետները միևնույն քանդակի մեջ միաժամանակ կիսադեմ և ճակատով դեմքեր են պատկերել, կամ միևնույն ծավալը մատուցել են երկու առանցքով` և այս ամենը ձևածավալների ու համամասնությունների գիտակցված խախտումներով: 10 տարվա ոտքով շրջագայությունների, հայկական և մեզ մոտիկ այլ` հիթիթական, սումերական քաղաքակրթությունների արվեստն ուսումնասիրելու արդյունքում էլ աստիճանաբար ձևավորվեց ապագա քանադակագործի տեսողականությունը: ՙԵս հասկացա, որ արվեստի անկյունաքարը ոչ թե քո հայ լինելը կուրորեն հայտարարելու մեջ է, որը պարտադրում է, որ արվեստդ ևս պիտի հայկական լինի, այլ մեր անցյալի մշակույթն ուսումնասիրելու մեջ, որպեսզի հնարավոր լինի մի օղակ ավելացնել անցյալի մշակույթին: Մենք մի փոքր վրիպում ենք ազգայինի նկատմամբ, քանի որ ազգայինը տեսողական չէ, այլ զգացողական է, այն պետք է լինի մարդու էության մեջ ու նախևառաջ ներկայացնի մարդուն ու ոչ թե տարազը կամ դիմագիծը, քանի որ յուրաքանչյուր ազգային նախ մարդկայինն է՚,- Հայաստան կատարած իր վերջին այցի ժամանակ (ընդամենը երկուսուկես շաբաթ առաջ) մեր թերթին տված հարցազրույցում ասաց վարպետը: Հենց մարդկայինի ու դրա մեջ ազգայինի որոնումները նպաստեցին սեփական` որևէ իզմերի չենթարկվող ձեռագրի մշակմանը: Մեկը մյուսի հետևից լույս աշխարհ եկան ազգային մտածողության ավանդների տիրապետումով արված, համաշխարհային մշակույթի ժամանակակից պահանջներին համապատասխանող և դեկորատիվության կաշկանդող սահմանները խախտող նրա եզակի աշխատանքները, որոնք օժտված էին ներհայեցողական բարձր զգացողությամբ, ինքնավստահությամբ, ազատախոհությամբ: Սակայն խորհրդային կարծրատիպերով շղթայված հասարակությունն ի զորու չէր հասկանալ նրա արվեստը: Վարպետը հիշում է, թե ինչպես Կոմիտասի հարյուրամյակին նրան Կոմիտասի երեքմետրանոց արձան պատվիրեցին:
Նրա համար Կոմիտասի կերպարը հայ ժողովրդի տարբեր հոգեվիճակներն ու ապրումները, ճակատագիրը` ուրախությունը, վիշտը, եղեռնը, արտահայտելու միջոց էր դարձրել և արդեն հասցրել էր մի ամբողջ կոմիտասապատում ստեղծել: Հինգ օր գիշեր ու ցերեկ աշխատելուց հետո արձանը պատրաստ էր, սակայն երեք- չորս օր անց ՊԱԿ –ի աշխատակիցները արվեստանոցի շեմին փշուր – փշուր էին արել այն, քանի որ նրա Կոմիտասը եկեղեցականի հանդերձով էր: Կանցնեն տարիներ և Դեթրոյթի Վերածննդի հրապարակում հանդիսավոր արարողությամբ կդրվի Արտո Չաքմաքչյանի կերտած Կոմիտասներից մեկը:
Խորհրդային ռեժիմին անդավաճանորեն ծառայող հայ արվեստաբանները ջանում էին ի չիք դարձնել Արտո Չաքմաքչյանի յուրօրինակ, խոր արվեստն ու տաղանդը և շուտով նրա արվեստի վրա ևս դրվում է ՙֆորմալիստական՚ կնիքը, իսկ դա նշանակում էր, որ նա կամ պիտի մեղա գար ու հրաժարվեր իր որդեգրած սկզբունքներից քանդակագործության մեջ և կամ պատրաստ լիներ ամեն տեսակի հակահարվածների միայնակ մի ամբողջ համակարգի դեմ: Այդ մարտում եղել են նաև փոքրիկ հաղթանակներ. 1964 թվականին Մոսկվայում Հերոսիմայի ողբերգության զոհերի հիշատակին հուշարձան քանդակելու մրցույթ էր հայտարարվել, որտեղ Չաքմաքչյանն արժանացավ Մոսկվայի խաղաղության կոմիտեի մրցույթի առաջին մրցանակին: Նրա կերտած ՙՀերոսիման՚ մարդկային դեմք է, որը սառել է ճչալու պահին, իսկ աչքերի ճեղքից թափանցող արևը աղետի, բոցի ու կրակի խորհուրդն ունի, աչքերի մեջ կախված երկաթյա գունդը քամու շարժումից ժանգոտած մետաղի ձայն է արձակում` որպես մահվան գույժ:
Արվեստագետը չի ուզում հիշել այն անտանելի հոգեկան ապրումներն ու հալածանքները, որոնց ենթարկվեց խորհրդային գաղափարախոսների ու կեղծ ջատագովների դեմ մենամարտում: Նա այսօր դասավանդում և ստեղծագործում է Կանադայում, այնտեղի Արքայական ակադեմիայի անդամ է: Մեր հայրենակցի ստեղծագործությունները զարդարում են աշխարհի հայտնի արվեստի ցուցասրահները, նրա կերտած քանդակները տեղադրվում են աշխարհի հանրահայտ հրապարակներում ու վայրերում: Բայց նրա երազանքը հայրենիքում ցուցադրվելն է, ի վերջո այստեղ գնահատված լինելը:
– Վարպետ, խորհրդային ռեժիմը վաղուց այլևս գոյություն չունի, ա՞յժմ ինչն է խոչընդոտում, որ Ձեր աշխատանքները ցուցադրվեն Հայաստանում:
– Ես ցանկություն ունեի իմ աշխատանքների մեծ մասը նվիրել Հայաստանին, որպեսզի նոր սերունդն իմանա, որ քանդակագործության մեջ ուրիշ ճանապարհ էլ կա, և բոլորովին հարկ չկա ռեալիստորեն պատճենել մարդկանց և իրերը: Դա անցած շրջան է` սովետական, այնինչ ժամանակը շարժվում է և իր պահանջներն է թելադրում արվեստագետին: Իսկ այստեղ շատ բաներ դեռ հին կաղապարի մեջ են մնացել: Գուցե նաև դա է պատճառը, որ քանդակներս Հայաստանին նվիրելու իմ ցանկությունը մինչ այսօր անարձագանք է մնացել:
– Ի՞նչ պահանջներ են դրված արդի քանդակագործական արվեստի առաջ:
– Ամեն դարաշրջան մարդուն, իրերը, երևույթները պատկերելու իր սկզբունքներն է թելադրում: Այսօր Վերածննդի դարաշրջանի պես չես կարող ֆիզիկական մարդու միջոցով սպառել արդի խնդիրները: Դա է պատճառը, որ ժամանակակից արվեստում արտաքին ֆիզիկական դեմքերը և մարմինները ձևափոխվում են և ոչ թե արվեստագետի քմահաճույքով այլ իր ասելիքը գերարտահայտիչ դարձնելու նպատակով: Սակայն այդ ձևափոխությունները պետք է խելամտորեն կատարվեն, արվեստի` տվյալ ժամանակաշրջանի օրինաչափություններով:
Բոդլերն ասում է, որ լավ դիմանկարը բնորդի դրամատիկականացված կենսագրությունն է: Իմ գործերում աշխատում եմ ընդգծել հենց այդ դրաման:
– Կոմիտասից բացի ազգային արժեքների դրսևորման համար Գրիգոր Նարեկացու միջնորդությանն եք դիմել: Ինչո՞ւ հենց այդ մեծերը դարձան այն խարիսխը, որի վրա հենեցիք Ձեր արվեստը:
– Երբ ընթերցեցի ՙՆարեկը՚, Նարեկացին իր Աստծո հետ մենախոսություն – աղոթքի միջոցով ինձ շշնջաց, որ մարդու ամենաիրական վիճակը մենակությունն է, քանի որ միայն այդ ժամանակ նա դիմակ օգտագործելու կարիք չունի: Ահա մարդկային այդ վիճակն արտահայտելու համար որոշեցի դիմել Նարեկացու օգնությանը, քանդակեցի` նրա միջոցով ցույց տալով մարդկային ինքնասուզումը և այդ օրվանից նրան էլ կրեցի հոգուս և մտքիս մեջ: Քանի որ ինքս միտված եմ արտահայտելու մարդու, ազգի հուզական, զգացմուքնային աշխարհը, ապա կարծում եմ այդ երկու մեծերից առավել ոչ ոք չէր կարող ներկայացնել այն դրամատիզմը, որի միջով անցել է մեր ժողովուրդը:
– Հայտնի է, որ 2007 թվականին, երբ այցելել էիք Հայաստան, որոշվեց ձեր քանդակած ՙՔայլող մարդը՚ տեղադրել հյուսիսային պողոտայում: Սակայն մինչ այսօր այն չի իրականացվել:
-“Քայլող մարդը” ուրիշ ճակատագիր ունեցավ: Երբ ինձ առաջարկեցին Հյուսիսային պողոտայում տեղադրելու համար քանդակ ստեղծել, մտածեցի քայլող մարդու մասին, որը խորհրդանշում է, որ հայերս այսօր առաջ քայլելու հեռանկարներ ունենք, սակայն մեր ամեն մի քայլը մտածելով ենք դնում: Գաղափարս հավանեցին: Անգամ խոստացա, որ դրա համար գումար չեմ պահանջի, դա կլինի Երևանին իմ նվերը: Կարծում եմ հենց այդ նվիրատվությունն էլ դարձավ պատվիրատուների լռության պատճառը: Սակայն ես չեմ պատրաստվում հավերժ սպասել նրանց պատասխանին, ափսոսում եմ դրա համար, քանի որ ուզում էի մի հետք թողնել իմ երկրում: Որոշված է, որ արձանը բոլորովին այլ վայրում վեր կխոյանա:
– Առաջիկայում պատրաստվում եք անհատական ցուցահանդեսի Փարիզում: Հետաքրքիր է, այնտեղ ներկայանալու եք որպես կանադահա՞յ, թե կանադացի արվեստագետ:
– Այո, Ֆրանսիայում ՅՈՒՆԵՍԿՈ –ի փիլիսոփայության և արվեստի ներկայացուցչի միջնորդությամբ հունվարի 28 –ից մինչև փետրվարի 12 –ը Փարիզում կկայանա իմ անհատական ցուցահանդեսը: Իմ ցանկությունն էր, որ ցուցահանդեսում ներկայացնեի Հայաստանը: Այդ նպատակով դիմեցի Կանադայում Հայաստանի դեսպանատուն` ցուցահանդեսին որպես Հայաստանի ներկայացուցիչ ցուցադրվելու խնդրանքով և ինձ ընդառաջեցին: Ցուցահանդեսին կներկայացվեն հիմնականում հայաստանյան շրջանի գործերը, որոնք արգելված են եղել Խորհրդային աշխարհում: Դրանցից շատերի մեջ մարդկային ճակատագրի թանձր լարվածություն կա, ինչն ապրել եմ այն տարիներին:
Թագուհի Ասլանյան












