Բացառիկ հարցազրույց Պերճ Զեյթունցյանի հետ
ՙԱվելի քան 50 տարիների գրական գործունեության ընթացքում միշտ համոզված եմ եղել, որ արձակագիրը ներշնչանքին պիտի չսպասի, ամեն օր գրասեղանի առջև նստի ու տքնի, սակայն այդպես էլ բեղուն գրող չեմ դարձել: Դրա փոխարեն՝ չեմ կարծում, որ այնպիսի գործ եմ գրել, որի համար ամաչեմ: Հրատարակել եմ քսան գիրք, թարգմանվել եմ աշխարհի տասնմեկ լեզուներով: Տասներկու թատերգության հեղինակ եմ, որոնցից միայն մեկը՝ ՙԱպրելն ու մեռնելը՚ չի բեմադրվել՚: Ժամանակակից գրողներից շատ քչերն են, որ այսօրվա անմշակույթ, ՙանգիրք՚ դարում պահանջված են ու սիրված, շարունակում են ստեղծագործել ու տպագրվել, արժանանալ մրցանակների ու բարձր գնահատականների:Պերճ Զեյթունցյանն այդ երջանիկներից է, թեև հեղինակն այքան էլ բեղուն չի համարում իր գրիչը, բայց չէ՞ որ գրչի բեղմնավորությունը որոշվում է ոչ այնքան ստեղծագործությունների քանակով, որքան դրանց խորությամբ ու իմաստնությամբ, ժամանակի ոգին որսալու նրբանկատությամբ և ընթերցողին ՙխուտուտ՚ տալու հմտությամբ: Գրական ու դրամատուրգիական վաստակի համար ստացած մրցանկները, կոչումներն ու մեդալները գրողի անցած գրական ուղու լավագույն գնահատականն են` ՀԽՍՀ պետական մրցանակ, ՙՄովսես Խորենացի՚ մեդալ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ՙՍուրբ Սահակ- Սուրբ Մեսրոպ՚ պատվո շքանշան, ՙՀայ արվեստի ասպետ՚ կոչում, ՙՈսկե գրիչ՚ մրցանակ, վերջերս Ֆրասիայում գրողն արժանացավ ՙԱրարատ՚ գրական մրցանակին, որը պաշտոնապես հանձնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, Կալիֆորնիայի պետական համալսարանի հայագիտության ամբիոնը գրողին Գրիգոր Նարեկացու անվան շքանշան շնորհեց: Բայց Պերճ Զեյթյունցյանի ամենամեծ մրցանակը կյանքի դժվարությունների ու փորձությունների հանդեպ տարած հաղթանակն է: Չնայած գրողը համարում է, որ ինքը բախտավոր աստղի տակ է ծնվել և շատ հարցերում կյանքն ընդառաջել է իրեն` ի տարբերություն շատ ու շատ ժամանակակից գրողների:
Երբ պատրաստվում էի զրուցել գրողի, դրամատուրգի, մեծ մարդու հետ` չգիտեի ի՞նչ ուղղությամբ տանեմ զրույցը` հարցերը շատ էին, տարաբնույթ` անձնականից մինչև խոհափիլիսոփայական, գրողի անցած ուղուց մինչև գրողի առաքելությունը: Մեկուկես ժամն այնքան արագ անցավ, այնքան կլանված էի գրողի խոսքով, որ հասցրեցի գրանցել հիմնականում նրա կյանքի ոդիսականը` երջանիկ մակության մասին պայծառ հուշերով ու հայրենադարձության դառը հետևանքների մասին թախծոտ խոկումներով:
Երջանիկ մանկություն եմ ունեցել
Ծնվել եմ 1938 թվականին` անցյալ դարում: Անցյալ դար ասելով` սարսափում ես, թե այդ ի՞նչքան ժամանակ է անցել, ինչքա՞ն եմ ապրել: Բայց խոսքը շատ մոտ անցյալի մասին է` ընդամենը 73 տարվա: Ծնվել եմ Եգիպտոսում` Ալեքսանդրիա քաղաքում: Հայրս ադանացի էր, մայրս իզմիրցի: Նրանք մինչև եղեռնը գաղթել էին Եգիպտոս և թուրք ջարդարարի թրի տակ չէին ընկել: Երեք տարեկան էի, երբ ծնողներիս հետ տեղափոխվեցի Կահիրե, որտեղ էլ սկսեցի հաճախել Մանիսալյան վարժարան: Հիշում եմ, որ մի անգամ վարժարանում ինձ պատժել էին, ես էլ փոքր երեխա էի, հուզվել էի, լաց էի լինում և կանչում` մա-մա, մա-մա: Կողքս կանգնած երկու դաստիարակչուհիները միմյանց հետ խոսում էին և հարցնում, թե ինչո՞ւ լաց լինելիս երեխաները միշտ մորն են հիշում: Այդ լսելով` ես սկսեցի կանչել` պա-պա, պա-պա:
Եգիպտոսում ես երջանիկ, անհոգ մանկություն եմ ունեցել, ապրել եմ սովորական երեխայի ուրախություններով: Ամեն ինչ փոխվեց, երբ հայրենասեր ծնողներս որոշեցին շատերի պես իրենց ապագան կառուցել հայրենի տանը` Խորհրդային Հայաստանում, որի մասին շատ թյուր պատկերացումներ ունեին:
1947 թ. պատրաստվում էինք շատ եգիպտահայերի հետ հայրենադարձվել Խորհրդային Հայաստան: Սակայն Եգիպտոսում խոլերայի համաճարակ բռնկվեց: Եվ մեր մեկնումը բարեբախտաբար մեկ տարով էլ հետաձգվեց: Հիշոմ եմ` մի ինքնուս ՙկոմպոզիտոր՚ կար մեր քաղաքում` օրիորդ Շաքեն (60 տարեկան էր): Այդ ժամանակ երգ հորինեց, որի մի տողը մինչ օրս հիշում եմ` ՙԱմառն անցավ, ձմեռն եկավ, ՙՊոբեդան՚ չեկավ…՚: ՙՊոբեդան՚ այն նավն էր, որով մենք պետք է Հայաստան գայինք: Բոլորը տխրում էին, որ մեկ տարով էլ բարեկեցիկ կյանքի ծանր ՙլուծը՚ պիտի քաշեին: Էհ…
Մենք մեր տունն արդեն վաճառել էինք և տեղափոխվեցին Ալեքսանդրիա, այդ մեկ տարին` մինչ հայրենադարձվելն այնտեղ ապրեցինք: Ծնողներս ինձ տվեցին Հայկազյան վարժարան, որտեղ հայրս խնդրեց ինձ ազատեն արաբերեն սովորելուց` պատճառաբանելով, թե Հայաստան ենք մեկնելու և ինձ այնտեղ արաբերենը պետք չի գալու: Եվ ափսոս, որ ես այդպես էլ արաբերեն չսովորեցի: Գուցե զարմանաք, թե ինչպես է` 10 տարի ապրել եմ արաբների մեջ և նրանց լեզուն չեմ սովորել: Եգիպտոսն այն ժամանակ անգլիական գաղութ էր և ինտերնացիոնալ երկիր էր, շատ ազգություններ էին ապրում` հիմնականում եվրոպացիներ: Արաբերեն խոսելու անհրաժեշտություն չկար: Մարդիկ միմյանց հետ շփվում էին անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, Իտալերեն: Մայրս խոսում էր ֆրանսերեն, հունարեն, իտալերեն: Հայերն էլ միմյանց հետ հայերեն էին շփվում: Այնպես որ արաբերենը յուրացնելու անհրաժեշտություն չկար: Իհարկե որոշ կենցաղային բառեր ծնողներս գիտեին, բայց այդքանով էլ սահմանափակվում էր նրանց իմացությունը:
Սպիտակ հացը փոխարինվեց սև հացով
1948-ին եկանք Հայաստան: Մեր` Եգիպտոսից հեռանալու և հայրենիք վերադառնալու պատճառը ամենևին էլ սոցիալական խնդիրը չէր: Եգիպտոսում հայերը բարեկեցիկ կյանքով էին ապրում, քանի որ բոլորն էլ աշխատում էին, ունեին իրենց փոքրիկ կամ մեծ բիզնեսը և բավականին լավ էին վաստակում: Թերևս հայրենիքի սերն ու կարոտը բոլորին մղեց դեպի Հայաստան: Բայց դրանում ամենամեծ լուման խորհրդային քարոզչամեքենայինն էր: Խորհրդային իշխանությունները սարսափելի հզոր քարոզարշավ էին իրականացնում սփյուռքահայերի շրջանում: Հայաստանը ներկայացվում էր որպես դրախտ: Անգամ խելացի մարդիկ ընկան այդ հիպնոսի ազդեցության տակ: Մտածում էին` կգնան, կառուցեն իրենց հայրենիքը իրենց տեղացի հարազատների հետ: Առաջին քարավանով հայրենադարձվածները նամակներ էին գրում նրանց, ովքեր սպասում էին հայրենադարձվելու իրենց հերթին և նամակների տողատակերում հասկացնում, զգուշացնում էին նրանց չգնալ Հայաստան: Բայց ո՞վ էր հավատում այդ նախազգուշացումներին: Մտածում էին Հայաստանն աշխատելու երկիր է, նրանք չեն աշխատում, չեն կարողանում ապրուստը հոգալ և դժգոհում են: Ու մեծ հույսերով մարդիկ հավաքում էին իրենց ճամպրուկները: Եվ այդ դյուրահավատության համար նրանք իրենց պատիժը ստացան: Այն էլ ինչ պատիժ:
Մենք մեկնեցինք ՙՊոբեդա՚ նավով: Հիշում եմ` բոլորին տեղավորել էին տախտակամածին, այնտեղ էինք ապրում` անգամ երբ անձրև էր տեղում: Ասում էին` նավախցիկները սպիտակ ռուսների համար է: Ես այն ժամանակ չգիտեի` ինչ է նշանակում սպիտակ ռուս: Հետո իմացա, որ ազնվական ռուսներն էին, ովքեր մեզ պես հավատալով խորհրդային քարոզչությանը` հայրենադարձվում էին իրենց հայրենիք: Բայց նրանք հետո քշվեցին Սիբիր:
Մինչև Բոսֆորի նեղուց հասնելը նավի վրա մեզ սպիտակ հաց էին տալիս: Հենց Բոսֆոր մտանք` սև հացը բերեցին: Ցեխ էր: Մայրս ասաց` ՙՎայ, կեկս են տալիս մեզ՚: Երբ հասանք Բաթում, մեզ տեղավորեցին հսկա ամբարում, որտեղ 100-150 մահճակալ կար և բոլորս միասին պառկում ու քնում էինք այդ ընդհանուր անկողիններում: Ամբարների մոտակայքում ճաղեր կային,որոնց մի կողմում մենք էինք, մյուս կողմում Երևանից կամ այլ վայրերից իրենց հարազատներին դիմավորելու եկած մարդիկ: Շատ էին նաև հետաքրքրասերները: Նրանք նախատինքով նայում էին մեզ` թե ինչո՞ւ մենք ականջալուր չեղանք իրենց հորդորներին: Բայց հետդարձի ճանապարհ այլևս չկար: Մի քանի օր հետո գնացքով եկանք Հայաստան: Այս անգամ բարեբախտաբար գնացքները բեռնատար չէին, չնայած հետո իմացա, որ շատերին բեռնատարներով են բերել: Ի դեպ, մեր իրերն այդպես էլ ՙչհայրենադարձվեցին՚, ճանապարհին կորան: Մենք ոչինչ չունեինք` դատարկաձեռն էինք: Մեզ հետ հայրենադարձներից շատերին գյուղեր ու փոքր քաղաքներ ուղարկեցին ապրելու: Մեզ Երևանում ՙբնակարան՚ տրամադրեցին, որը մի ընտանիքի տան խոհանոցն էր: Տանտիրուհին բժշկուհի էր` տիկին Անժելան: Երբ նրան տիկինով էինք դիմում` նեղանում էր: Ասում էր ինձ ասեք Անժելա Կարպովնա: Մեզ այդ դիմելաձևը ծանոթ չէր: Չէինք հասկանում ռուսական Կարպովնա դիմելաձևի նշանակությունը: Հիշում եմ` երբ սկսեցի դպրոց հաճախել, մեր դասարանում հիմնականում նորեկներ էին` հայրենադարձներ: Մեր ռուսերենի ուսուցչուհուն դիմում էիք հայրանունով` Սերգեևնա: Մենք չորրորդ դասարանի երեխաներ էին և չէինք հասկանում` ի՞նչ է նշանակում Սերգեևնա: Ու նրան ՙտավարիշ սերկևիլ՚ էինք ասում:
Շատ դժվարին, զրկանքներով լի պայմաններում էինք ստիպված ապրել մեր բարեկեցիկ կյանքից հետո: Դա մեծ փորձություն էր: Այդ տանը և ընդհանրապես մոտակա շենքերում կոյուղի գոյություն չուներ: Մարդիկ իրենց արտաթորանքը ուղղակի փողոցն էին լցնում: Զարմանում եմ, թե ինչպե՞ս համաճարակ չբռնկվեց: Իրականությունը շատ դառն էր: Մայրս սովոր էր պարահանդեսների մասնակցել, ռեստորաններում ճաշել, հետևել նորաձևությանը: Հայրս մորեղբորս հետ Եգիպտոսում կոշիկի փոքր ֆաբրիկա էին աշխատացնում. հայրս հաշվապահ էր, մորեղբայրս ձևարար: Դա բավականին շահութաբեր գործ էր, և մեր ընտանիքը որևէ կարիք չէր ունենում: Այստեղ հայրս երկու տարի աշխատանք չէր գտնում միայն մեկ պատճառով` ռուսերեն չգիտեր, իսկ առանց ռուսերենի իմացության նրան ոչ ոք չէր համարձակվում աշխատանք տալ: Անհեթեթություն էր` եգիպտոսից եկած մարդն ինչո՞ւ պետք է ռուսերեն իմանար: Երկու տարի հետո վերջապես աշխատանք գտավ` օպերայի հաշվապահ: 425 ռուբլի մինչխրուշչովյան ռուբլի էր ստանում: Դա խրուշչովյան փողով 42 ռուբլի էր: Չնչին գումար, և եթե մայրս չլիներ` մենք սովամահ կլինեինք: Նա հրաշալի ձեռք ուներ, լավ ճաշակ, դերձակ էր և նորաձև զգեստներ էր կարում օպերային երգչուհիների համար: Նրա հաճախորդներն էին Տաթևիկ Սազանդարյանը, Գոհար Գասպարյանը: Այն ժամանակ այս երկրի սարսափազդու ուժերից մեկը` ֆինբաժինը, թույլ չէր տալիս մեզ հանգիստ ապրեինք: Հիշում եմ` ամեն անգամ, երբ մեր դուռը թակում էին, հավաքում էինք կարուձևի բոլոր պարագաները, թաքցնում և վախվորած բացում դուռը` մտածելով, թե ֆինբաժնի` թղթապանակները թևի տակ դրած աշխատակիցներն են, եկել են մեզ տուգանելու: Բայց հետո նրանց հետ լեզու գտանք. ամսական կաշառք էինք տալիս` 150 ռուբլի: Դա շատ համեստ գումար էր, և զարամանալի էր, որ նրանք քչով բավարարվում էին: Ես մի անգամ գրել եմ` եթե այդ մարդիկ ողջ են, հիմա չե՞ն ասի պատկան մարմիններին` չե՞ք ամաչում, մեր ստացած կաշառքն ո՞ւր, այսօրվա կաշառքի չափերն` ուր:
Ես հաճախում էի մեր տան կողքի դպրոցը: Լավ էի սովորում: Հենց դպրոցում էլ սկսեցի գրել: 14 տարեկանում տպագրվում էի ՙՊիոներ՚ ամսագրում: Իմ պատմվածքներն արժանացան Հայաստանի երիտասարդական առաջին փառատոնի ոսկե մեդալի: Մեկ-երկու տարի հետո Խորհրդային Միության երիտասարդական փառատոնում դրանք արծաթե մեդալ շահեցին:
Այդպես ապրեցինք, ալեկոծումների մեջ, այնքան բան տեսանք: Բայց զրկանքներից, սովից, ցրտից առավել (դրան կարելի էր մի կերպ դիմանալ) սարսափելի էին ստալինյան հետապնդումները և վախի այն մթնոլորտը, որ ստեղծվել էր անձի պաշտամունքի տարիներին: Մի երկրում, որտեղ Պավլիկ Մորոզովը դրական կերպար է համարվում, չէր կարող լավը լինել: Դա դժոխք էր, ուր հայրենադարձվեցին հարյուր հազար հայեր և որտեղից հետդարձի ճանապարհ չկար: Իսկ եթե նման բան որևէ մեկի մտքով անգամ անցնար` մյուս օրը Սիբիր կքշեին, ինչպես հորեղբորս քշեցին: Նա նպարավաճառ էր, իր տան առաջին հարկում նպարեղենի խանութ էր բացել, ինքն ապրում էր երրորդ հարկում: Այսինքն նրա ՙերթուղին՚ երրորդ հարկից առաջին հարկ էր և հակառակը: Այդ փոքր տարածության մեջ նա դժվար թե քաղաքական հարցերի մեջ ներքաշվեր: Նա անգամ որևէ կուսակցության չէր հարում և նման հետաքրքրություն չուներ: Հայրս, օրինակ, ռամկավար էր, թե ռամկավարների համակիր, հաստատ չգիտեմ և տրամաբանորեն մեզ պետք է աքսորեին: Բայց քանի որ խորհրդային հասարակարգը ՙանտրամաբանական՚ էր` կառավարության քայլերում որևէ տրամաբանություն փնտրելն անիմաստ էր: Ստալինյան բռնաճնշումները շրջացեցին մեր ընտանիքը: Հիշում եմ, որ հորեղբորս ընտանիքն աքսորվելուց հետո մեր սեղանին մի գունդ պանիր և սմբուկի խավիար էր մշտապես շարված. ամեն պահի սպասում էինք, որ կարող է մեզ էլ աքսորեն և ճանապարհին սովամահ չլինելու համար դրանք պատրաստվում էինք հետներս տանել: Չեկան…
Երազում էի, որ մայրս չաշխատի
1956 թ, երբ սովորում էի 10-րդ դասարանում, լույս տեսավ իմ առաջին ժողովածուն: Դա ֆանտաստիկ բան էր, որ այդ տարիքում գիրք տպագրեն: Գիրքը լավ ընդունելություն ունեցավ: Նաիրի Զարյանը հրաշալի գրախոսություն գրեց, որտեղ նշված էր, որ պատմվածքներից մի քանիսը կարող են պատիվ բերել փորձված գրողին: Ընդ որում գրական աշխարհ վաղ մուտք գործելն օգնեց ինձ նաև ավագ գործընկերների հալածանքներից զերծ մնալ: Ավագ գրողները երիտասարդների հանդեպ խանդով են լցված և կարող են ճնշել նրանց: Տարիքս հաշվի առնելով` նրանք ներողամիտ էին իմ հանդեպ և հեշտությամբ թույլ տվեցին, որ ես էլ դառնամ իրենցից մեկը: Այդպես աստիճանաբար սկսեցի ոտքի կանգնել: Այն ժամանակ ես երազում էի այնքան գումար վաստակել, որ մայրս ստիպված չլիներ աշխատել: Առաջին գրքիս հոնորարը 5-6 հազար ռուբլի էր: Կարծում եմ, եթե տարիքով ավելի մեծ լինեի` ավելի շատ կվարձատրեին: Այդքանն էլ այն ժամանակների համար զգալի գումար էր: Եվ մայրս սկսեց չաշխատել: Հիշում եմ մի օր ֆինբաժնի աշխատակիցը հերթական այցով մեր տուն էր եկել` ստուգելու համար` մայրս աշխատո՞ւմ է, թե ոչ, քանի որ մենք զգուշացրել էինք, որ իրենց ՙհոնորարներն՚ այլևս չենք տալու: Բայց նա եկել էր շերլոկհոլմսություն անելու: Պատվիրեց կարի մեքենայի սփռոցը հանել և մատով ստուգեց` մեքենան փոշո՞տ է, թե ոչ: Փոշու առկայությունը վկայում էր, որ մեքենան երկար ժամանակ չի օգտագործվել: Ես կյանքումս այդպես չէի բղավել, առավել ևս ինձնից տարիքով մեծ մարդու վրա, ինչպես այդ օրը բղավեցի թղթապանակով այդ մարդու վրա` ՙԴուրս եկեք՚: Դա մեր կրած ողջ տառապանքն էր, ապրած վախերը, որ կուտակվել էին մեջս և միանգամից ժայթքեցին:
Դպրոցն ոսկե մեդալով ավարտելուց հետո ընդունվեցի օտար լեզուների ինստիտուտ: Այնտեղ զարմացան ինձ վրա, քանի որ ոսկե մեդալով ավարտողներն ավելի ՙհեղինակավոր, լուրջ՚ մասնագիտություն էին ընտրում: Օրինակ` ընդունվում էին բժշկական ինստիտուտ: Բայց ես ուզում էի օտար լեզուներ սովորել, որպեսզի իմ սիրած հեղինակներին բնագրով կարդայի: Շատ էի սիրում կարդալ Անտոն Չեխովի արձակը և Գի դը Մոպասանի գործերը: Նրանք իմ առաջին ուսուցիչներն են եղել:
Ինստիտուտում սովորելու տարինեին գրելու մեծ փափագ ունեի, իսկ ուսումը շատ ժամանակ էր խլում` հատկապես ՙկոմունիստական՚ առարկաները: Եվ որոշեցի հեռակա սովորել, որպեսզի զուգահեռ կարողանայի ստեղծագործել: Բայց Երևանում օտար լեզուների ուսուցման բնագավառում հեռակա չկար: Օրենքով ես կարող էի դիմել ամենամոտ գտնվող քաղաքի համապատասխան ուսումնական հաստատություն, որտեղ հեռակա էր գործում: Դա Պյատիգորսկի մանկավարժական ինստիտուտն էր: Ես ընդունվեցի այդ ինստիտուտ, ուր միայն քննությունների ժամանակ էի ներկայանում: Բայց հեռակայով հնարավոր չէ լրջորեն օտար լեզու սովորել: Այդ տարիներին մեծ հետաքրքրություն էր առաջացել դեպի կինոն և ինստիտուտում ուսանելուն զուգահեռ սկսեցի հաճախել բարձագույն կինոսցեներական կուրսերի Մոսկվայում: Ինձ ցնցած առաջին ֆիլմը դիտել էի դեռ դպրոցական տարիքում. 10-րդ դասարանում էի սովորում, Մոսկվայում երիտասարդ գրողների խորհրդակցություն էր, որին ես էլ էի հրավիրված: Հենց այդ ժամանակ էլ ցուցադրեցին իտալացի ռեժիսոր Ջուզեպե Դե Սանտիսի ՙԽորտակված անուրջներ՚ ֆիլմը, որի բնօրինակի անվանումն էր ՙՏվեք Աննա Ձակեոյի ամուսնուն՚: Այդ ֆիլմը ծնունդ էր տվել կինոյի հանդեպ իմ հետաքրքրությանը, որը հետագայում ավելի շատ կլանեց ինձ: Երկու տարի ապրեցի Մոսկվայում, միայն ժամանակ առ ժամանակ մեկնում էի Պյատիգորս` քննություններ հանձնելու: Այդ կուրսերը շատ բան տվեցին ինձ. աշխարհի լավագույն ֆիլմերը տեսա` նկարահանված կինոյի հայտնաբերման օրերից մինչև 1960-ական թվականները: Հետո սկսեցի հաճախել թատրոն և մեջս բացահայտեցի թատրոնի մեծ սիրահարին: Իսկ դրանում ինձ օգնեց ՄԽԱՏ-ում բեմադրված Չեխովի ՙԵրեք քույրերը՚ պիեսը: Բեմադրության հեղինակը Նեմիրովիչ-Դանչենկոն էր: Նա վաղուց չկար, ներկայացումն էլ այն թարմությունը չուներ, այդուհանդերձ հանճարեղ էր: Այդ ներկայացումը ինձ վարակեց թատրոնի բացիլով, թատրոնի մարդ դարձա:
Կինոյում բախտս չբերեց
Երեք-չորս ֆիլմ ունեմ, բացի ՙԵրևանյան խրոնիկայից՚ բոլորն էլ անհաջող են, ձախողված: Հիմա կասեն` սցենարն է անհաջող: Բայց կարող եմ առարկել. շատ երիտասարդ տարիքում գրեցի ՙՄեր թաղի տղաները՚ վիպակը, որի հիման վրա 1960 թ. համանուն ֆիլմ նկարահանվեց: Ֆիլմը հաջողություն չունեցավ, բայց վիպակը Մոսկվայում լույս տեսավ 115 հազար տպաքանակով: Նշանակում է` որևէ արժեք ուներ: Միակ հաջողված ֆիլմն էլ` ՙԵրևանյան խրոնիկան՚, անխղճաբար կրճատեցին այն ժամանակ: Այդուհանդերձ այդ ֆիլմում ինչ-որ բան կա: Բախտս բերեց, որ Ֆրունզե Դովլաթյանը այն բեմադրեց, ես նրան շատ էի հավանում և հավատում: Այդուհանդերձ անհաջողությունները մեջքս չկոտրեցին: Մեջս ուժ գտա և շարունակեցի գրքեր գրել, տպագրվել: 1974 թ. ՙԵրևանյան խրոնիկա՚ ֆիլմի հաջողությունից հետո 1975 թ. փորձեցի թատրոնի համար հերթական պիեսը գրել: Առաջինը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի համար էի գրել, կոչվում էր ՙՄեզանից հետո՚: Այն որպես վիպակ տպագրվեց Մոսկվայում: Մայր թատրոնում պիեսը բեմադրելու ցանկություն էին հայտնել Խորեն Աբրահամյանն ու Ֆրունզիկ Մկրտչյանը` համահեղինակությամբ: Սակայն գեղարվեստական խորհրդում սարսափելի ՙբաղնիք՚ սարքեցին իմ գլխին, և պիեսը խաղացանկում չընդգրկեցին: Երիտասարդներն իմ կողմից էին, բայց նրանք էլ ձայն չունեին: Հետո գլխի ընկա, որ ամբողջ աղմուկի պատճառն այն էր, որ չէին ցանկանում երկու ռեժիսորներն իրար հետ պիես բեմադրեն: Այն ժամանակ շատ երիտասարդ էի:
Երկրորդ պիեսը ՙԱվերված քաղաքի առասպելը. Արշակ Երկրորդն՚ էր, որը բեմադրեց Հրաչյա Ղափլանյանը իր թատրոնում` դրամատիկականում: Այդ մարդը իր թատրոնի դռները լայնորեն բացեց իմ առաջ, և մինչև կյանքիս վերջ երախտապարտ եմ նրան: Հրաշալի բեմադրություն էր, մեծ հաջողություն ունեցավ թե այստեղ, թե Մոսկվայում: Մոսկվայում հատկապես փայլուն ընդունելության արժանացավ: Ի վերջո այնտեղի հանդիսատեսը ավելի լայն մտահորիզոն ուներ, ավելի առաջադեմ էր, քան այստեղի հանդիսատեսը: Հաճախ է եղել, որ որևէ ստեղծագործություն այստեղ ընդունելության չարժանանալով` Մոսկվայում մեծ հաջողություն է ունեցել: Ի տարբերություն կինոսցենարների` պիեսներս բախտավոր աստղի տակ էին ծնվել: Հիշում եմ, թե ինչպիսի մեծ ոգևորությամբ հանդիսատեսը, հատկապես մոսկովյան հանդիսատեսն ընդունեց ՙԱնավարտ մենախոսությունը՚` Խորեն Աբրահամյանի բեմադրությամբ: Միութենական թերթերը լի էին դրական արձագանքներով: Իսկ Կիևում, ասում են, ներկայացման տոմսերի ձեռք բերման համար գոյացած հերթերը մինչև փողոցներն էին հասնում:
Մի օր էլ նշանակվեցի Գրողների միության վարչության քարտուղար և աշխատեցի 12 տարի: Լավ տարիներ էին ինձ համար: Շատ բան սովորեցի գրական ընտանիք կոչեցյալից: Ինչու կոչեցյալ, քանի որ 300 անդամ էինք, իսկ ընտանիքն այդքան բազմամարդ չի կարող լինել: Այն ժամանակ այդ մեծ ընտանիքը ղեկավարում էր Վարդգես Պետրոսյանը: Ղեկավար օղակում հիմնականում երիտասարդներ էինք, իսկ մեր ավագ գործընկերները մի տեսակ դժկամությամբ էին մեր ուղղությամբ նայում: 12 տարի այնքան էլ հեշտ չէր այդ մթնոլորտում դիմանալը, բայց դիմացանք: Բեղմնավոր տարիներ էին: Ինչեր ասես` գլխովս չանցան, բայց մեծ փոթորիկներ չեն եղել: Մի պահ պաշտոնական գրաքննությունը ՙթարսվեց՚ հետս: Իմ հասցեին սկսեցին մեղադրանքներ հնչել: Ինձ մեղադրում ին կյանքի ճանաչողության պակասի մեջ: Բանը հասել էր այնտեղ, որ ինձ հրապարակայնորեն, Խորհրդային Հայաստանի պաշտոնաթերթում` ՙՍովետական Հայաստանում՚, նույնն է, թե անձնագրիդ մեջ, ՙարևմտաեվրոպական գրականության դեսանտ՚ կոչեցին, որակեցին որպես ՙազգային արմատներից կտրված՚ գրող: Մինչդեռ ՙդեսանտությունն՚ այն էր, ինչը հետագայում Պարույր Սևակը այսպես բանաձևեց՝ ՙնայել նույն ուղղությամբ, որով ընթանում է համաշխարհային արվեստը՚, այսինքն հասնել այն բանին, որ ազգայինը ընկալվի համաշխարհային արվեստի համատեքստում: Հակառակ դեպքում առաջանում է լուսանցքում հայտնվելու վտանգը՝ ինչպես մենք հայտնվել ու հայտնվում ենք հաճախ: Բարեբախտաբար նման պիտակներին միշտ էլ հակակշռել է ընթերցողների սերը: Ես միշտ էլ իմ թիկունքին զգացել եմ որոշակի թվով, ընդ որում նվիրված ընթերցողների քաջալերանքը, համակրանքը: Գրաքննությունն այնքան էլ դաժան չի եղել իմ հանդեպ: Մի վեպ եմ գրել` ՙՔույրերը՚, որը թույլ չտվեցին տպագրել: Պատճառը թեման էր: Վեպը աքսորից վերադարձած մի կնոջ մասին էր, ով չի դիմանում այս կյանքին ու վերադառնում է աքսորավայր: Հետո էլ կենտկոմն արգելեց Սողոմոն Թեհլերյանին նվիրված պիեսի բեմադրությունը, երբ պրեմիերային ընդամենը մեկ շաբաթ էր մնացել: Ուրիշ գրողների քաշածների հետ համեմատած սրանք դատարկ բաներ էին:
Հետո եկան նորերը…
Երբևէ հրապարակախոսական հոդվածներ չեմ գրել: Բայց 1988 թ երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, մեջս ծնվեց հրապարակախոսը: Սկսեցի գրել խորհրդային կարգերի դեմ, ի պաշտպանություն ղարաբաղյան շարժման: Եվ զարմանալի է, որ հոդվածներս տպագրվում էին ՙՍովետական Հայաստան՚ թերթում, որի խմբագիրը` Շորս Դավթյանը , Սիսիանի ռայկոմի նախկին առաջին քարտուղարն էր: Ես խորհրդային կարգերը չէի սիրում` սիրելու բան չէր: Ինձ կարող է մեղադրեն, թե խորհրդային կարգերի ժամանակ գրող դարձա: Բայց չէ՞ որ ես հասա այդ ամենին, ինձ չդարձրեցին: 1988-ի շարժումն ինձ այլափոխեց՝ ես ամբողջ էությամբ տարվեցի մեր ժողովրդի միասնականությամբ, վճռականությամբ, հավատացի, որ պատմական իրադաձությունների էի մասնակցում: Դրանք, առանց չափազանցության, իմ կյանքի ամենաերջանիկ օրերն էին: Ես շարժման մասնակից ամենաանաղմուկ, բայց հավատարիմ գրողն էի, օպերայի հրապարակում իմ մշտական, մեկուսի տեղն ունեի` կարապի լճի վերջում, ամեն երեկո, առանց բացառության, բոլոր հռետորներին ծայրեծայր լսում էի: Եթե հանրահավաքը շատ ուշ էր վերջանում, ոտքով էի տուն վերադառնում: Որքան մեծ էր իմ ոգեւորությունը, այնքան էլ դառն ու խորը եղավ հաջորդած հիասթափությունը, մանավանդ որ նյութականը իսկույն փոխարինեց հոգեկանին, գրական ընթերցանությունը մոռացվեց, մշակույթն ընդհանրապես անտեսվեց: Իմ հրապարակագրությունը ներքին այդ բախումից է ծնվել, քանի որ ինձ համար օրենքը հասարակության, երկրի բարոյականության հիմքն է: Այդպես եկան նորերը: Ես լսում եմ Բեթհովենի հինգերորդ սիմֆոնիայի սկզբի մասը` դա-դա-դա-դամ…
Բայց այն ժամանակ ես հավատում, վստահում էի նրանց: ՙՂարաբաղ կոմիտեի՚ տղաների մեջ այնքան ոգևորություն կար, խոստանում էին, որ երկիրը ոտքի կկանգնեցնեն, կվերափոխեն: Հավատում էինք: Հետո իշխանության գլուխ անցնելով` ինձ դարձրեցին նորանկախ հանրապետության առաջին մշակույթի նախարար: Դա էլ իր նախապատմությունն ունի: Երբ ինձ առաջարկեցին ստանձնել նախարարի պաշտոնը, ես միանգամից չհամաձայնեցի: Խնդրեցի մտածելու ժամանակ տալ: Բայց մտածելուց հետո որոշեցի հրաժարվել: Նախարար լինելը մեծ պատասխանատվություն էր: Ի վերջո ես ընթերցող, հանդիսատես ունեի, հեղինակություն ու ճանաչում էի ձեռք բերել իմ տարիների վաստակով: Նախարար լինելու կարիք պարզապես չունեի, մարդիկ նման պաշտոնների գնում են նաև ինքնահաստատվելու համար, ես այդ խնդիրը չունեի, քիչ թե շատ ինձ արդեն իսկ ճանաչում էին, հենակների կարիք չունեի: Երբ իմ ոչը ասելու համար գնացի կառավարություն, այնտեղ մի մռայլ փոխվարչապետ կար` Կտրիճ Սարդարյանը: Ասաց` հնարավոր չէ պարոն Զեյթյունցյան, արդեն բոլորին ասել ենք, որ դուք եք մշակույթի նախարարը: Հրաժարվելու դեպքում կմտածեն, թե դուք չեք ուզում նոր իշխանությունների հետ աշխատել: Նոր իշխանությունն ինձ համար Աստված էր, ինչպե՞ս կարող էի նրանց հուսախաբ անել: Ստիպված համաձայնեցի: Մեկ տարի ղեկավարեցի այդ նախարարությունը: Մեկ տարվա մեջ չէի կարող շատ բան անել: Առաջին նախարար լինել այդ խառը տարիներին շատ անշնորհակալ գործ էր: Կոլեգիայի նիստեր էին տեղի ունենում, ուր հավաքվում էին մեր ամենանշանավոր արվեստագետները, բայց միշտ քննարկել ենք հիմար հարցեր. մի տեղ տանիքն է կաթում, մի տեղ գողություն են արել, շատ էր այն ժամանակ գողությունը, բայց մենք ախր ոստիկան չէինք: Մենք մեզ երջանիկ էինք զգում, երբ երբեմն-երբեմն մշակութային հարցեր էինք քննարկում, արվեստով էինք զբաղվում:
Այն տարիներին հինը քանդելու մեծ մարմաջ կար: Այնինչ սովետներից լավ ժառանգություն էր մնացել, այնպես չէր, որ փլատակներ էինք փրկում: Ես չթողեցի, որ հին մեխանիզմը քանդեն, այն նորմալ աշխատում էր` չհաշված գաղափարական և գրաքննության հարցերը: Բաըց մեկ անգամ չկարողացած զերծ մնալ քանդելու գայթակղությունից: Մտածեցի` ինչով եմ պակաս մյուսներից, մի բան էլ ես քանդեմ: Ու քանդեցի: Շատ եմ զղջում դրա համար: Բայց իմ քանդածը ուրիշների քանդածի համեմատ շատ անմեղ բան էր: Մանավանդ հետագայում էլ այն վերականգնվեց: րական եմ համարում իմ գործունեության ժամանակ այն, որ Օհան Դուրյանին բերեցի Հայաստան, հուզիչ նամակ գրեցի, նա էլ հոիզվեց ու եկավ: Հետո միշտ հիշում էր դա: Տիգրան Լևոնյանին դարձրեցի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար: Ճիշտ քայլ էր: Շահեն Խաչատրյանին դարձրեցի պատկերասրահի տնօրեն: Դա էլ ճիշտ քայլ էր: Ինձ մեղադրեցին, թե ախպարներին առաջ եմ տանում: Բայց ես հաշվի էի առնում այդ մարդկանց ներուժը, կարողությունները և ոչ թե ախպար լինել, թե չլինելը: Նրանց մտայնության մեջ կար այդ մոտեցումը, որ ղեկավարներն աշխատում են իրենց ՙհամերկրացիներին՚ պաշտոնի տեր դարձնել: Բայց նախարար լինելը ինձ չէր խանգարում քննադատել ինձ պաշտոն տված իշխանություններին, նրանց դեմ հոդվածներ էի գրում: Գրողի մասնագիտությունը քեզանից առաջ է ընկնում: Ես չէի կարող ճշմարտությունն իմ մեջ խեղդել: Ես ուրախ եմ, որ գիտակցությունս չհաղթեց գրողի մասնագիտությանը: Գիտակցությունս ասում էր` ՙԱյ տղա, նախարար մարդ ես, ինչ գործ ունես իշխանությունների դեմ նման բաներ ես ասում, ձայնդ կտրիր, տեղդ նստիր՚:
Իմ հեռացված լինելու մասին իմացա հեռուստատեսությամբ
Իմ աշխատասենյակում հեռուստատեսության համար հարցազրույց եղավ: Այդ տեսագրությունը մինչ օրս պահել եմ, անգամ հետագայում խնդրել եմ մի անգամ էլ ցուցադրել: Իմ ելույթի մեջ այն ժամանակվա իշխանություններին կոչեցի ՙբիրդան աղաներ, քաջ նազարներ՚: Եվ դա չներվեց: Նույն բանը ասել էի ՙՀանրապետություն՚ թերթի համար, բայց նրանք չտպագրեցին: Բնականաբար այդ ամենը զեկուցել էին Լևոն Տեև-Պետրոսյանին: Եվ հինգ օր հետո իմ հարցերը լուծեցին: Դեկտեմբերի հինգին ժամը 9: 5 րոպեին ՙԼրաբերով՚ հաղորդեցին, որ ինձ պաշտոնից ազատել են և նոր նախարար են նշանակել: Ես այդ ժամանակ իմացա, որ հեռացված եմ: Գիշերը զանգեցի իմ օգնականին, և նրա մեքենայով գնացինք նախարարություն, թղթերս հավաքեցի ու վերադարձա տուն: Ես թեթևացած էի, ազատվել էի ահռելի բեռից: Հավատացեք, որ ամեն առավոտ ասես պարանը գցում էին վզիս ու տանում աշխատանքի: Չկամությամբ էի գնում: Իսկ որպես գրող ես այդ ընթացքում որևէ բան չկարողացա ստեղծել: Անգամ գիրք կարդալու ժամանակ չէր լինում, որ մնաց գրելու:
Այդ օրվանից տանն եմ, գրքեր եմ գրում, տպում, պիեսներս բեմադրվում են: Փառք եմ տալիս, որ դրամատուրգ դարձա: Այսօր գիրք չեն կարդում: Առաջ սպասում էին գրողների գործերին: Այսօր չեն սպասում: Բայց բոլոր դեպքերում հարկավոր է գրել: Այսօր ավելի շատ պիեսներ եմ գրում, քանի որ մարդիկ դեռ շարունակում են թատրոն գնալ, հետևաբաև պիեսների միջոցով կկարողանաս երկխոսել նրանց հետ: Իմ պիեսները բեմադրվում են թե Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և թե Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոններում և փառք Աստծո` պահանջված են: Երկու նոր գործ եմ գրել երկու թատրոնների համար` մեկն ավարտել եմ, մյուսը շուտով կավարտեմ, երկուսն էլ ցեղասպանության թեմայով: Ցեղասպանությունն իմ արյան մեջ է և անընդհատ անհագստացնում է ինձ: Չեմ կարողանում հաշտվել այն բանի հետ, որ իմ ժողովուրդն այդպիսի ահավոր բան է տեսել:
Ցեղասպանությունը սևեռուն գաղափար է դարձել ինձ համար: Երկու պիես ունեմ այդ թեմայով, երկուսն էլ գրեթե պատրաստ են և մեկ ծավալուն վեպ` ՙՎերջին արևագալը՚` Գրիգոր Զոհրապի, արևմտահայ մտավորականության մասին: Ուրախ եմ, որ այսօր ցեղասպանության ընունման հարցը դարձել է մեր արտաքին քաղաքաականության անկյունաքարարից մեկը:
Հայ գրողներս մեր ժողովրդի հանդեպ չհատուցված պարտք ունենք: Իմ կարծիքով մինչև այժմ Մեծ Եղեռնի ողբերգությունն արտացոլող լավագույն վեպերը այլազգիներն են գրել: Նկատի ունեմ հատկապես Ֆրանց Վերֆելի ՙՄուսա լեռան 40 օրը՚, Էդգար Հիլզենրաթի համեմատաբար վերջերս լույս տեսած ՙՎերջին մտքի հեքիաթը՚: Մենք չենք կարողանում 1915 թիվը գրականության՝ վեպի թեմա դարձնել, որովհետև մեր վերքը չափազանց խորն է, մոտ մի դար անց էլ չի սպիանում: Ոճրագործությունը, ողբերգությունն է աննախադեպ: Չեխովը իրավացի է՝ գրել կարելի է միայն այն ժամանակ, երբ ուղեղդ լիովին սառն է:
Ցեղապանությունը սարսափելի բան է, այն պատերազմ չէ, դա չվերջացող թեմա է: Մանավանդ թող մեղք չհամարվի` արմտահայերի համար: Ես արևմտահայ եմ, մեզ համար դա ավելի սրված զգացողություն է, անընդհատ բոցավառվող, չմարող վրեժի, ցավի, կորուստի զգացողություն է, անպատժելիության: Վրեժի զգացողությանը միայն կարելի հագուրդ տալ մի եղանակով, այն էլ` մասամբ` Թուրքիայի քթի տակ ստեղծել բարեկեցիկ, կարգին երկիր, որ մարդ ուզենա այնտեղ ապրել և չուզենա արտագաղթել:
Թագուհի Ասլանյան












