«Եթե նորմալ փաստաբան լիներ, նա այսօր մեր կողքին կլիներ». Ավետիսյանների հարազատները պահանջում են փաստաբանների նոր խումբ
Այսօր Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները գնացել էին Շիրակի մարզի դատախազություն` դատախազ Րաֆֆի Ասլանյանից պահանջելով, որ կազմակերպի հանդիպում կամ հեռախոսազրույց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ: Ավետիսյանների հարազատները ցանկանում են ստանալ իրենց հարցերի պատասխանները` գործի քննության և ընթացքի մասին : Եվ մինչև ուրբաթ ժամանակ են տվել գլխավոր դատախազին` ներկայանալ և անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնել իրենց հակառակ դեպքում դուրս կգան փողոց: Ավետիսյանների ընտանիքի հարազատները պահանջել են իրենց տրամադրել փաստաբանների նոր խումբ:
«Եթե նորմալ փաստաբան լիներ, նա այսօր մեր կողքին կլիներ ու մեզ տեղեկատվություն կհաղորդեր: Նա պարտավոր էր լինել: Դիմում ենք աշխարհի, Հայաստանի փաստաբաններին, թող կապնվեն մեզ հետ: Մեզ նոր, ավելի գործուն փաստաբաններ են պետք»,- ասել են Ավետիսյանների հարազատները:
Գյումրեցի ակտիվիստ Կարեն Պետրոսյանն էլ ասաց, որ Ավետիսյանների հարազատներից ոմանք գոհ չեն փաստաբանի գործողություններից: «Այս գործում լավ փաստաբանություն է պետք, անհրաժեշտ է հստակ հասկանալ, թե ինչ է կատարվում այս գործի շրջանակներում: Լավ առիթ է, որպեսզի մեր փաստաբաններ րոպե առաջ ցանկություն հայտնեն ընդգրկվել այս գործում, նպաստել գործի քննությունը: Գործը շատ մեծ է, անհասկանալի բաներ կան»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ տուժողների մերձավոր ազգականներից 5 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ: Փաստաբան Երեմ Սարգսյանը քրեական գործով ներկայացնում է տուժողի իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանի և Եգոր Ադամյանի շահերը: Տուժողների շահերը պաշտպանում է նաև հանրային պաշտպան Թամարա Բաղդասարյանը:
Գյումրի քաղաքում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրված նաև ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ սպանություն և դասալքություն:
Դեպքից հետո Գյումրիում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, պահանջը մեկն էր՝ Պերմյկովին հանձնել հայ իրավապահներին, նրա դատավարությունն ընթանա Հայաստանում՝ հայաստանյան օրենքներին համապատասխան:
Փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային: Պատասխան դեռևս չկա:












