Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ

Մեկ-Մեկ ասում եմ` թողնեմ-գնամ Զիմբաբվե.Նիկոլայ Ծատուրյան

Փետրվար 23, 2015թ. 23:54

Բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ ՆԻԿՈԼԱՅ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ համոզված է, որ թատրոնը իրական կյանքում երբեք չի մեռնի

«Երբ ինձ մեկ-մեկ հարցնում են` թատրոնը կմեռնի՞, պատասխանում եմ` մեռնում է` մեռնի, իրական կյանքում այնքան թատրոն կա: Բա կնունքը, հարսանիքը, թաղումը թատրոն չե՞ն, բա մեր պառլամենտը թատրոն չէ՞: Պատերազմները, աշխարհում կատարվող բոլոր գործընթացները թատրոն են, երեւի հենց դրանցից էլ ծնվել է թատրոնը, եւ, իհարկե, այն կգոյատեւի»:

Այսօր մեր շրջապատում տեղի ունեցող իրադարձությունները նա համարում է ֆարս, այսինքն` թեթեւ կոմեդիա, որի մեջ հնարավոր չէ լրջանալ. «Հենց որ լրջանաս, այդ ամենը կդառնա ոչ միայն տրագեդիա, այլեւ խենթանալու մի բան, ու ոչ միայն աշխարհի, այլեւ քո վերջը կգա: Ասում են` գեղեցկությունը կփրկի աշխարհը, բայց իրականում այդպես չէ. հումորը կփրկի աշխարհը»:

Բեմադրիչը իրեն ո՛չ հոռետես, ո՛չ լավատես, այլ իրատես է համարում. «Առաջ, երբ դեռ նոր էինք անկախացել, ես գիտեի, որ Հայաստանը թե՛ Ադրբեջանից, թե՛ Վրաստանից շատ ավելի լավ վիճակում էր, մենք լույս էինք տալիս Վրաստանին, ավելի հզոր էինք: Այսօր, ցավոք, շատ ենք հետ մնացել:

Մեքենայով գնացել էի Վրաստան` Ուռեկիում հանգստանալու եւ անընդհատ նախանձով նայում էի շատ-շատ բաների: Տեսնում էի, որ այդ երկիրն իսկապես պինդ է, ծաղկում է: Գնացի Բաթում, որը Գյումրիի չափ, բայց մի հրաշք քաղաք է: Ինձ ասում են` ծովափնյա քաղաք է, դրա համար էլ զարգացած է: Բայց դա կապ չունի»:

Նիկոլայ Ծատուրյանը նշում է, որ ինքը դա ասում է սրտի ցավով, այլ ոչ թե ոմանց նման չարախնդում է. «Ես չեմ կարող չարախնդալ, որովհետեւ նույնն է, ինչ քո մոր վրա չարախնդաս: Դա իմ երկիրն է, իմ հայրենիքը, եւ ավելի շատ ցավ եմ զգում աղքատությունից, ահավոր չափերի հասած արտագաղթից:

Մի անգամ գրախանութից ռուսերեն երկու հատոր Ղուրան գնեցի, մտածեցի` կարդամ-տեսնեմ՝ սրանց հավատքը ինչ է: Գրքերը ձեռքիս եկա, դռան զանգը տվեցի, կինս դուռը բացեց, ցույց տվեցի, հարցրեց` ինչո՞ւ ես առել: Պատասխանեցի` շուտով ես ու դու ենք մնալու Հայաստանում, եւ երբ թուրքերը վրա տան, սա ցույց կտանք, որ մեզ չսպանեն: Այստեղ, իհարկե, թե՛ հումոր կա, թե՛ ցավ»:

Բեմադրիչը հիշեցրեց տարիներ առաջ տպագրված Լոուրենս Արաբացու հարցազրույցը, որտեղ խոսվում է Հայաստանն առանց հայերի հրեշավոր ծրագրի մասին, ապա հավելեց. «Հիմա մի բան չեմ հասկանում. ի՞նչ է, մենք ինքնե՞րս ենք իրագործում այդ ծրագիրը: Ժողովուրդը մնացել է անհույս:

Հայրս, մայրս պատմում էին, որ բոլորն անհամբեր սպասում էին կոմունիստական կուսակցության հերթական համագումարին: Եվ ոչ թե այն պատճառով, որ այնտեղ ինչ-որ քաղաքական հարցեր էին քննարկվելու, այլ պարզապես ամեն մի համագումարի ժողովրդի համար մի լավ բան անում էր. ինչ-որ մի բանի գին էր ընկնում, աշխատավարձեր էին բարձրանում, ոմանց նոր արտոնություններ էին տրվում: Իսկ հիմա հենց որ մի նոր հրամանագրի, օրենքի մասին է խոսվում, մարդիկ ավելի շատ են դրանից վախենում, որովհետեւ գիտեն, որ դա իրենց օգտին չի լինելու»:

Բայց չէ՞ որ մարդիկ այսօր էլ անհամբեր սպասում են ԱԺ հերթական նստաշրջանին: Մանավանդ որ ոմանք կռվեցին, ապա հաշտվեցին, ԲՀԿ-ից պատգամավորներ են լքում կուսակցության շարքերը. «Սա մանկապարտեզ է, ոչ մի լուրջ բան չի կարելի սրանցից սպասել: Կռվեցին, ապա մեկն ասաց` դե լավ, արի քեզ ներեմ: Ի՞նչը ներես: Ամեն մեկն իր կարծիքը, կյանքի կրեդոն ունի, եւ եթե դավաճանեց դրան կամ ինչ-որ բան փոխեց, ուրեմն ինչի՞ համար է ապրում: Ունե՞ս հստակ (շատ հնարավոր է` նույնիսկ սխալ) դիրքորոշում, ուրեմն տեր կանգնիր դրան»:
Քանի որ երկար տարիներ Ն.Ծատուրյանն աշխատում է Գյումրիի թատրոնում, ուստի բնական էր նաեւ Ավետիսյանների ընտանիքի հրեշավոր սպանության վերաբերյալ նրան ուղղված հարցը, որ քառասուն օրն էլ լրացել է, բայց դեռ ոչինչ պարզ չէ, ավելին` ուշադրությունը դրա նկատմամբ կարծես թե նվազել է:
«Իսկ ինչի՞ նկատմամբ չի սկսում ուշադրությունը նվազել. չեն կարող անընդհատ կրքերը բորբոքված լինել: Բացի դրանից, հասկացան մի բան` Պերմյակովին չեն հանձնելու հայկական կողմին, ու այդ մտքի հետ համակերպվում են: Իսկ մնացածը ֆարս է. ջուր էր ուզում խմել, մտավ-սպանեց: Ախր, բոլորս գիտենք, որ դա հնարովի պատմություն է, սրա հիմքերը շատ ավելի խորն են, ինձ թվում է` Պերմյակովը բոլորովին կապ էլ չունի»,- կարծում է Ն.Ծատուրյանը։

Այդ դեպքից հետո գյումրեցին չի խեղճացել, որովհետեւ պինդ է, նաեւ հումորով. «Գյումրեցուն հարց են տալիս` ինչպե՞ս է այսօրվա մեր քաղաքական իրավիճակը, պատասխանում է` կայուն անհուսալի: Գյումրեցուն ոչ մի բան չի կարող խեղճացնել. նույնիսկ երկրաշարժի ժամանակ հումոր էր անում: Ամենատխուր մարդը անհումոր մարդն է, օրինակ, մեր պատգամավորները բոլորը շատ լուրջ են, ցույց են տալիս, որ գործ են անում»:

Իսկ ի՞նչ պետք է անի մտավորականը, ո՞րն է նրա տեղը: «Դեկլարատիվ ճառեր չեմ սիրում: Մտավորականը նուրբ հոգի ունեցող մարդն է: Միացնում եմ հեռուստացույցը եւ լսում, որ, ասենք, «Շմայսը սրան այս ասաց, նա էլ այսպես պատասխանեց»: Ու չեմ ուզում տնից դուրս գալ, որովհետեւ դրսում գաղջ մթնոլորտ կա, չես ուզում շփվել այդ մթնոլորտն ստեղծողների հետ:

Այդ ինչպե՞ս են խոսում, ինչպե՞ս են իրար հետ վարվում: Դրա՞նք են ինձ ղեկավարելու: Էդ գեղցիները: Կան, իհարկե, արժանի մարդիկ, բայց այնքան քիչ են, որ գյուղն է տիրում: Ինձ ոչ մի ընտիր հեռուստացույց կամ այլ շքեղ բան պետք չէ, բայց մեկ-մեկ ասում եմ` թողնեմ-գնամ Զիմբաբվե, որովհետեւ չեմ ուզում, որ էդ մարդիկ իմ ապագան կառուցեն, ինձ ղեկավարեն»:

Ինչ վերաբերում է ստեղծագործական աշխատանքներին, ապա ՀՀ ժողովրդական արտիստը համոզված է, որ այսօրվա առօրյայի մասին ներկայացում բեմադրելը բացարձակապես հետաքրքիր չէ, որովհետեւ դրա մասին ավտոբուսում, տրոլեյբուսում բոլորը խոսում են: Ու եթե բեմից էլ այդ նույնն է հնչում, մարդիկ նստում-ուրախանում են, նրանց հոգին հանգստանում է, ու նրանք պարզապես էլ չեն ուզում ինչ-որ մեկին որեւէ հարցով դիմել, բողոքել:

Մինչդեռ, ըստ բեմադրիչի, թատրոնը պիտի խոսի հնարավոր վտանգների մասին, հարցադրումը ներկայացնի, բայց դրա լուծումը թողնի հանրությանը. «Իսկ եթե լուծումն էլ ես առաջարկում, դառնում ես քաղաքագետ: Ի դեպ, մի շատ հետաքրքիր գաղափար ունեմ, որը կարելի է ներկայացնել: Եթե աշխարհում գտնվի անմահության դեղը, ամբողջ մարդկությունը կվերանա: Դա մեծ փողեր արժե, եւ այն ձեռք բերելու համար կսկսեն մորթել միմյանց: Բայց, փառք Աստծո, կա մի այնպիսի հրաշք բան, որը կոչվում է մահ եւ հավասարեցնում է բոլորին: Այս ամենի վերջը ապոկալիպսիսն է, որովհետեւ մարդկությունը լրիվ գազանացել, վայրենացել, դարձել է արյունարբու գազան»:

Ռուսլան Թաթոյան


Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն