Էներգախնայողությունը մեզ կապահովագրի էներգակիրների թանկացումից
Օրերս էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում քննարկում էր կազմակերպվել՝ երկրում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի վերաբերյալ հանրության իրազեկման բարձրացման թեմայով:
Քննարկումը վարում էր էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
Միջոցառման նպատակը կառավարության կողմից որդերգրած էներգախնայողության քաղաքականության մասին հասարակության իրազեկվածության բարձրացումն է, քանի որ ոլորտի նկատմամբ թերընկալում կա:
Հայաստանում վերականգնվող էներգետիկայի մասին խոսելիս բոլորը պատկերացնում են միայն փոքր հէկ-երը՝ այն էլ դրանց վատ հետևանքներով: Այնինչ այսօր ավելի ու ավելի բարձրաձայն է խոսվում այն մասին, թե մեր երկրում արևային էներգիայի կիրառման մեծ պոտենցիալ կա, բայց կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում կամ վերականգնվող էներգետիկայի տեխնոլոգիաները և սարքավորումները շատ թանկ են և մեզ համար կիրառելի չեն:
Հայկ Հարությունյանի հավաստմամբ՝ բոլոր այս կարծրատիպերն այսօր այլևս արդիական չեն, քանի որ ոլորտի սրընթաց զարգացմանը, ավանդական էներգակիրների պաշարների նվազմանն ու մեր երկրում դրանց աստիճանական թանկացմանը զուգընթաց կառավարությունը ռազմավարական նոր ծրագրեր է որդեգրել՝ երկրում էներգախնայողությունն ու այլընտրանքային վերականգնվող էներգետիկայի ներդրումը գերակա ուղղություն դարձնելով: Կառավարությունը առաջնային է համարում էներգախնայողությունը որպես երկրի էներգետիկ անվտանգության, տնտեսական մրցունակության մեծացման և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման միջոց:
Միևնույն ժամանակ նորագույն տեխնոլոգիաներն ու այլընտրանքային վերականգնվող էներգետիկայի կիրառման համար անհրաժեշտ սարքավորումները ավելի ու ավելի մատչելի են դառնում՝ պայմանավորված միջազգային շուկայում դրանց գների իջեցմամբ, դրանց ներկրման համար կառավարության կողմից սահմանված տուրքերի նվազեցմամբ կամ զրոյացմամբ: Բացի դա, կառավարությունը համագործակցելով ֆինանսական կառույցների հետ՝ վարկային ծրագրեր է իրականացնում այդ տեխնոլոգիաները հասարակական տարբեր խավերի համար հասանելի դարձնելու նպատակով:
Բայց քանի որ հանրությունը իրազեկված չէ այդ ծրագրերից, դրանց կիրառման արդյունավետությունից, ուստի դրանցից օգտվելու առանձնապես մեծ խանդավառություն չի ցուցաբերում՝ դեռ կառչած մնալով հին կարծրատիպերից՝ թե իբր նորագույն տեխնոլոգիաներն ու սարքավորումները թանկ են և իր համար դեռևս ոչ հասանելի:
Փոխնախարարը հավատացնում է, որ այդ տեխնոլոգիաների թանկությունը միայն հարաբերական է, քանի որ այսօր դրանցից օգտվելով՝ քաղաքացին հնարավորություն է ստանում խնայել իր գրպանի ծախսերը՝ որոշ ժամանակ հետո ամբողջությամբ հետ բերելով կատարած ներդրումները:
ՙ Հայաստանը մեծապես կարող է խնայել՝ ներդրումներ կատարելով էներգախնայողության մեջ: Համաշխարհային բանկի 2008թ. ուսումնասիրությունը բացահայտեց, որ էներգախնայողության մեջ ներդրումներ անելով՝ մենք կարող ենք խնայել տարեկան 132 մլրդ. դրամ` ՀՆԱ -ի մոտ 4,95 տոկոսին համարժեք գումար: Այսօր, երբ գազն ու էլենկտրաէներգիան 40-45 տոկոս թանկացել են, այդ խնայողությունն ավելի մեծ կլինի՝ մոտ 200 մլրդ դրամ: Դա գրեթե 400 մլն դոլար գումար է, որը կմնա մեր գրպաններում:
Շատ ավելի մատչելի է էներգիան խնայել, քան արտադրել: Տնտեսության զարգացման համատեքստում այս պարզ իրողությունը պետք է հաշվի առնել և լրացուցիչ հզարություններ կառուցելու փոխարեն պարզապես անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել առկա պաշարները՚,- ասում է Հայկ Հարությունյանը:
Ըստ նրա՝ մարդկանց պետք երկու հիմնական մեսիջ հասցնել՝ խնայեք, որ էներգակիրները չթանկանան, քանի որ ինչքան շատ ենք սպառում, այնքան դրանց թանկանալու հավանականությունն ավելի մեծ է. ՙԱյսօր դեռ քիչ թե շատ մատչելի համարվող էլէներգիայի ռեսուրսը սահմանափակ է: Դրանում մենք համոզվեցինք դեռ անցած տարի, երբ ՙՈրոտան՚ հէկերի համակարգն արտադրեց նախատեսվածից 157 մլն կվտ ժամ քիչ էլէներգիա: Բացի դա՝ փոքր հէկերը նույնպես նվազեցրել են իրենց արտադրանքի ծավալները, թերարտադրել են 168 մլն կվտ ժամ:
Այս ամենի արդյունքում մենք ստիպված ենք շատ ավելի թանկ էլեկտրաէներգիա գնել ՙՀրազգան՚ ջէկից, քանի որ սպառման համար պահանջվող էներգիան չի բավականացրել առկա պահանջարկին: Այս ամենի հիմնական պատճառը սակավաջուր տարիներն են: Այս տարի ավելի լավ պատկեր չենք ունենալու: Ուստի պետք է խնայենք, որպեսզի ստիպված չլինենք թանլ էլէներգիայի կշիռը մեր բալանսում շատացնել: Իրավիճակ է ստեղծվել, որ խնայողությունն ուղղակի կարող է ազդել վերջնական էլեկտրաէնրգիայի սակագնի վրա՚:
Երկրորդ մեսիջը, որ հարկավոր է հասցնել հանրությանը՝ սեփական գրպանի միջոցները խնայելն է՝ գազն ու էլեկտրաէներգիան ավելի խնայողաբար օգտագործելու արդյունքում:
Պետությունն արդեն էներգախնայողության ծրագրեր է իրականացնում բյուջետային հաստատություններում կառավարությունից հատկացրած միջոցներով և որոշակի միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրված միջոցներով:
Ծրագրի էությունը հետևյալն է՝ օրինակ, դպրոցը դիմում է մեր էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի հիմնադրամին, որն ուսումնասիրություն է իրականացնում այդ դպրոցում և եզրահանգում՝ կարող են խնայել ծախսվող ջերմային և էլեկտրական էներգիայի որոշակի տոկոսը, եթե այսքան ներդրում կատարվի: Ծրագրով կարող են նախատեսվել նոր ջերմամեկուսիչ պատուհանների տեղադրում, տանիքի մեկուսացում, ավելի էներգախնայող կաթսայի տեղադրում և այլն: Այնուհետև դպրոցը պայմանագիր է կնքում, որի համաձայն հիմնադրամը պետք է աշխատանքները կազմակերպի և գումարներ ներդնի ծրագրի համար: Հետո հիմնադրամը մրցույթ է հայտարարում շինարարական կազմակերպությունների մեջ: Մրցույթը հաղթում է այն կազմակերպությունը, որը արդյունավետ ներդրումների ծրագիր է ներկայացնում՝ առավել մեծ խնայողությունների հեռանկարով և հետգնման առավել կարճ ժամանակահատվածով:
Ընկերությունը պայմանագիր է կնքում հիմնադրամի հետ, ներդրումներ են կատարվում, դպրոցը որևէ լումա չի ծախսում, այլ միայն իր կատարած խնայողություններից է ներդրումները վերադարձնում հիմնդրամին: Եթե խնայողություն չի լինում, չի վճարում, իսկ հիմնադրամն էլ այդ դեպքում շինարարական ընկերությանը չի վճարում:
Այս սկզբունքով պետությունն արդեն երկու տասնյակ հաստատությունում էներգախնայողության ծրագրեր է իրականացրել, ևս 40-ը իրականացման փուլում են, իսկ մի քանի տասնյակում էլ ծրագրեր են նախատեսվում մինչև տարեվերջ:
Ինչպես տեղեկացնում է նախարարի տեղակալը՝ այդ ծրագրերը բավական արդյունավետ են, քանի որ միջինը 50 տոկոս էնրգախնայողություն են ապահովում հիմնարկներում: Իսկ որոշ հիմնարկներում խնայողությունն անգամ հասնում է մինչև 80 տոկոսի: Կատարած ներդրումների հետգնումը 3-10 տարի է:
Կառավարությունը նաև այլ կարևոր քայլեր է ձեռնարկել էներգիայի առավել արդյունավետ օգտագործումը խթանելու համար: Դրանից մեկն էլ մաքսային արտոնություններ են, որոնք սահմանվել են արևային սարքերի ներկրման համար: Այդ սարքերի ներկրման համար զրո տոկոս մաքսատուրք է սահմանված:
Ակնկալվում է, որ երկրի ներսում նաև էներգախնայող սարքավորումների արտադրության համար ներդրումներ կիրականացվեն: Արդեն հայ-կորեական մի ընկերություն ցանկություն է հայտնել 20 մլն դոլարի ներդրում կատարել՝ Հայաստանում նորարար LED տեխնոլոգիայով լուսատուների արտադրություն սկսելու համար՝ տարեկան մինչև 50 մլն լուսատու արտադրողականությամբ: Ընկերությունը նախատեսել է այս տարվա հոկտեմբերից առաջին արտադրանքը շուկա արտահանել: Եթե այդ արտադրանքը մատչելի լինի սոցիալական բոլոր խավերի համար, ապա ինչպես հավաստում է Հայկ Հարությունյանը, կառավարությունը ջանք չի խնայի ընկերության գործունեությունը խթանելու համար:
Ի դեպ, այսօր եվրոպական մի շարք երկրներում արգելված է շիկացման լամպերի վաճառքը, իսկ որոշ ժամանակ հետո նախատեսվում է շուկայից հանել նաև սնդիկով և հալոգեն լամպերը: Փոխարենը սպառման համար կառաջարկվեն LED տեխնոլոգիայով լամպեր, որոնք անհամեմատ էներգախնայող են և անվտանգ, իսկ դրանց արտադրությունն ու վաճառքը բխում է տվյալ երկրների էներգետիկ անվտանգության շահերից:
Հայկ Հարությունյանը վստահեցնում է, որ մոտ ապագայում Հայաստանում նույնպես կհետևեն Եվրոպայի օրինակին:
Այժմ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն ուսումնասիրություններ են իրականացնում՝ հասկանալու համար, թե LED լամպերի համար տեղական արտադրության ի՞նչ խթաններ կան և այդ լամպերով ամբողջ շուկան փոխարինելու դեպքում արդյո՞ք սոցիալական խնդիրներ չեն առաջանա: Մինչև տարեվերջ հավանաբար այդ ուսումնասիրություները կավարտվեն և հնարավորության դեպքում հստակ քայլեր կիրականացվեն այդ ուղղությամբ:
Քաղաքացիներին էներգախնայողության ոլորտի ծրագրերում ներգրավելու նպատակով կառավարությունը նաև ծրագրեր է իրականացնում ֆինանսական կազմակերպությունների հետ: Այսօր գրեթե բոլոր բանկերը այլընտրանքային վերականգնվող էներգիայից օգտվելու համար սարքեր ձեռք բերելու և դրանք տեղադրելու կամ էներգախնայողության այլ տեխնոլոգիաներից օգտվելու վարկային հատուկ ծրագրեր են իրականացնում՝ գրավիչ արտոնություններ սահմանելով իրենց հաճախորդների համար:
Հայկ Հարությունյանի տեղեկացմամբ մարտին նոր ֆինանսական ծրագիր է նախատեսվում հատուկ վերականգնվող էներգետիկայի սարքավորումների վաճառքի համար. ՙՇատերի համար սկզբնական վճարվելիք գումարը դժվարհայթայթելի է, ինչն էլ հաճախ խոչընդոտում է, որ մարդիկ օգտվեն առաջարկվող ծրագրերից: Հիմա մենք փորձում ենք նաև այդ հարցը լուծել:
Օրինակ՝ եթե մեկն ուզում է արևային ջրատաքացուցիչ տեղադրել իր տանը ու տաք ջրի ծախսը խնայել 70-80 տոկոսով, նրան հնարավորություն է տրվելու առանց նախնական գումար վճարելու իր տանը այդ սարքը տեղադրել՝ հետգնման մինչև 5 տարի ժամանակով, իսկ ամեն ամիս բանկին վճարել խնայած գումարը՝ այդ 70-80 տոկոսը: Հետգնման ժամկետը լրանալուց հետո, երբ կմարվեն պարտքերը, սարքը կծառայի ևս 20 տարի՝ արդեն ընտանեկան բյուջում ռեալ գումարներ խնայելով:
Այս ծրագրից կկարողանան օգտվել բոլորը, և ոչ ոք չի կարող ասել, թե գումար չունի ներդրումների համար՚:
Հանրության շրջանում էներգախնայողության գաղափարն արմատավորելու և ծրագրերն առավել արդյունավետորեն իրականացնելու համար կառավարությունը դեռ անելիքներ ունի:
Դրանք հիմնականում առնչվում են օրենսդրական դաշտում անհրաժեշտ փոփոխություններին, հանրության շրջանում՝ մասնավոր և գործարար հատվածներին, լայնածաված իրազեկմանը, կենցաղում էներգիայի խնայողության համար քարոզչական աշխատանքներին, գործարարներին էներգախնայողության ոլորտում ներդրումներ իրականացնելու համար գրավիչ պայմաններ ստեղծելուն և այլն: Այդ բոլոր խնդիրներով կառավարությունն արդեն լրջորեն զբաղվում է:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ












