Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Նվիրումով կատարվող գործի շնորհիվ հնարավոր է հաղթահարել բոլոր բնական և արհեստական խոչընդոտները

Փետրվար 24, 2011թ. 21:00

2003 թվականին հայրենի արտադրությանը խթանելու խանդավառությամբ և երկրում արտադրվող կաթնամթերքի որակի բարձր ցուցանիշով ու հաճախորդների առողջությամբ մտահոգ` ձեռներեց Գարիկ Սարուխանյանը հիմնեց կաթնամթերքների արտադրությամբ զբաղվող ՙԲիոկաթ՚ ՍՊԸ-ն, որն արդեն 6 տարի հայ սպառողին ապահովում է բարձրորակ և յուրօրինակ համով առանձնացող կաթնամթերքի տեսականիով: Ընդամենը 5 տարի անց` 2008 թվականի օգոստոսի 1-ին, պարոն Սարուխանյանի նախաձեռնությամբ Արցախում շահագործման հանձնվեց պահածոների արտադրության ՙԱրցախ ֆրութ՚ ՓԲԸ-ն:

Պարոն Սարուխանյան, Արցախը տնտեսական զարգացման ճանապարհին է, սակայն դեռ բազմաթիվ դժվարություններ հաղթահարված չեն: գործարանի շահագործումը hամարձակ քայլ չէ՞ր այն դեպքում, երբ այստեղ կայուն շահույթ ապահովելու համար դեռևս պարարտ հող չկա:

– Բազում դժվարություններ հաղթահարելու գնով ի վերջո հաջողվեց վերագործարկել Ստեփանակերտի պահածոների գործարանի առաջին հոսքագիծը, որն իմ կյանքի կարևոր առաքելություններից մեկն եմ համարում: Հիրավի այսօր շատ կարևոր է խթանել և աշխուժացնել Արցախի տնտեսությունն ու ներքին արտադրությունը, խթանել գործարարությունը գյուղատնտեսության բնագավառում, ինչը պետական քաղաքականության առաջնահերթ խնդիրներից է և որում մեծ դեր է հատկացված հայ գործարարներին: Ստեղծման դժվարանց ճանապարհին այս դավանանքի օգնությամբ կարողացանք հաղթահարել բոլոր խոչընդոտները, և այսօր ես գոհ եմ մեր նախնական ձեռբերումներով: Հույս ունեմ` գործարանը շահավետ ձեռբերում կլինի մեր հայրենի Արցախի համար: Ես դրա համար ջանք չեմ խնայի:

– Իսկ ինչո՞ւ որոշեցիք հենց Արցախում հիմնել Ձեր նոր բիզնեսը:

– Իմ ցանկությունն է Արցախը տեսնել լիովին բնակեցված, որպեսզի պատերազմի դաշտում տարած հաղթանակի գինը չնսեմանա, որ թափված արյան յուրաքանչյուր կաթիլն իմաստավորվի սերունդների համար: Ես յոթ զավակների հայր եմ, և դա իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումն եմ համարում, ուստի նպատակս է, որ բազմազավակ հայկական ընտանիքների թիվը տարեցտարի ավելի մեծանա: Ահա ինչու գործարանից ակնկալվող ֆինանսական եկամուտները որոշել եմ տրամադրել Արցախի երիտասարդ ընտանիքներին` նրանց աջակցելու և զավակներ ունենալու հարցում ոգևորելու համար:
Արցախում ամեն քայլափոխի զգացել եմ հանրապետության նախագահ Բակո Սահակյանի բարոյական, գործնական աջակցությունը, նվիրվածությունը իր ժողովրդին ու հայրենի հողին: Նրանից շատ բան սովորեցի, կարծես վարակվեցի նրա սիրով դեպի իրենց դարավոր ընկուզենիների նման հաստատուն, իրենց բնության նման անապական ու թթի օղու պես անկանխատեսելի արցախցիները: Ես հասկացա, թե ինչու հատկապես հայկական այս հողակտորն է անցած բոլոր հազարամյակներում մնացել աննվաճ բազում ու բազմատեսակ ոսոխների համար, հասկացա նաև, որ աշխարհում մարդուն մարդ է պահում նրա անկոտրում ոգին ու արյան բաղադրության բանաձևը, որոնք այստեղ սրբազան բաներ են համարվում: Այնպես որ, կարծում եմ այլևս չեմ կարողանա ապրել առանց Արցախի, արցախցիների ու նրանց հոգսերի:

– Ի՞նչ ակնկալիքով հիմնվեց ՙԱրցախ ֆրութը՚:

– Երազանքս է Արցախի անարատ բնության բարիքներն արտահանել ամբողջ աշխարհով մեկ և այն դարձնել ճանաչված և սիրված: Հենց այդ բնությունն է, որ մեր երկրին աշխարհակալ ու անպարտելի զորավարներ, գիտության ու մշակույթի փառաբանված գործիչներ է տվել, և այդ բնության մեջ է ամփոփված նրանց սերած ժողովրդի ուժն ու զորությունը:

– Իսկ դժվար չէ համաշխարհային շուկայում արժանի տեղ գտնելը:

– Արցախյան պիտակով ապրանքի համար շուկա գտնելն այնքան էլ դժվար չէ: Նախկին խորհրդային երկրներում հանգրվանած բազմահազարանոց արցախահայ սփյուռքը բավական է ամբողջ ապրանքանական իրացնելու համար` չխոսելով աշխարհասփյուռ հայության մասին:
Համոզված եմ, որ Դուք կհարցնեք նաև օրեցօր խորացող տնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած դժվարությունների մասին: Վստահ եմ, որ նվիրումով կատարվող գործի շնորհիվ հնարավոր է հաղթահարել բոլոր բնական և արհեստական խոչընդոտները:


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն