Արտակ Զաքարյանը կոչ արեց տարբեր երկրների իր գործընկեր խորհրդարանականներին՝ զերծ մնալ ադրբեջանական քարոզչության ծուղակներից
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ելույթը ՀՀ ԱԺ հայտարարությունների ժամին.
«Ադրբեջանական ծախսատար քարոզչամեքենան աշխարհի տարբեր կողմերում շարունակում է կեղծարարության իր շքերթը, որն այս օրերին նվիրվում է այսպես կոչված Խոջալուի, իսկ իրականում Աղդամի իրադարձություններին:
Ի՞նչ էր տեղի ունեցել: 1992 թ. փետրվարի 26-ին, տեղի ունեցան Ադրբեջանի կողմից որպես «Խոջալուի կոտորած» ներկայացվող Աղդամի իրադարձությունները, որոնց ժամանակ ադրբեջանական զինված կազմավորումները Խոջալու բնակավայրի մի խումբ բնակիչների սառնասրտորեն գնդակահարեցին իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Նախագահ Մութալիբովին տապալելու նպատակով Ադրբեջանի ընդդիմադիր ժողովրդական ճակատը օգտագործեց ղարաբաղյան զինված ուժերի հարկադրված օպերացիան` նպատակաուղղված Խոջալուում տեղակայված ադրբեջանական կրակակետերի ճնշմանը, քանի որ այդտեղից էին մշտական հրետակոծման ենթարկվում մայրաքաղաք Ստեփանակերտն ու մերձակա բնակավայրերը:
Դրա մասին վկայել է անձամբ Նախագահ Այազ Մութալիբովը 1992 թ. ապրիլի 2-ին ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում: Օպերացիայից առաջ ղարաբաղյան կողմը, մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան, տեղեկացրել է Խոջալուի իշխանություններին պլանավորված օպերացիայի և ադրբեջանական բնակչության տարհանման համար անվտանգ մարդասիրական միջանցք թողնելու մասին: Ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքներում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունից անմիջապես հետո ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաևը լուսանկարել և նկարահանել է զոհվածների մարմինները, որոնք այլանդակված չէին:
Գոյություն ունեցող փաստերը ամենայն անհերքելիությամբ հաստատում են, որ ղարաբաղյան կողմը ֆիզիկապես չէր կարող մուտք գործել այն տարածքներ, որտեղ մարդիկ էին սպանվել, ապա` նրանց դիակները այլանդակվել: Խոջալուի սադրանքին հաջորդած հեղաշրջումից հետո Ադրբեջանի նոր ղեկավարությունը Աբուլֆազ Էլչիբեյի գլխավորությամբ խոջալեցիների նկատմամբ իր իսկ հրեշավոր հանցագործությունը թաքցնելու համար նախաձեռնեց իրադարձությունների նպատակաուղղված նենգափոխում` իր սադրանքը ներկայացնելով որպես ղարաբաղյան ուժերի կողմից խաղաղ բնակիչների «կոտորած»:
Այս քաղաքականությունը պաշտոնական Ադրբեջանի կողմից շարունակվում է առայսօր: Աղդամի իրադարձությունները որպես խոջալուի սպանդ ներկայացնող աղավաղված քարոզչության միջոցով Ադրբեջանի իշխանությունները փորձում են հարվածել հայկական երկու պետությունների միջազգային վարկին, ինչպես նաև այդ իրադարձությունների խեղաթյուրված մեկնաբանությունը պարտադրել միջազգային հանրությանը` նպաստելով հակահայկական տրամադրություններին:
Ես կոչ եմ անում տարբեր երկրների մեր գործընկեր խորհրդարանականներին, քաղաքային ու նահանգային խորհուրդների ներկայացուցիչներին, զերծ մնալ ադրբեջանական քարոզչության ծուղակներից: Մի տրվեք կեղծ տեղեկատվություններին ու շինծու միջոցառումներին: Մաքուր պահեք Ձեր խորհրդարանների օրակարգերն ու մի թույլ տվեք, որպեսզի այնտեղ սողոսկի ադրբեջանական քարոզչամեքենան: Եթե խոջալուի դեպքերի համար պատասխանատուներ եք փնտրում, ապա փնտրեք նրանց Ադրբեջանում»:
ArmarLur.com












