Գլխավոր » Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Ֆեոդալական մոտեցումները, քյոխվայական մտածողությունը, կներեք, քաղաքական դաշտում անելիք չունեն

Փետրվար 24, 2015թ. 22:24

Հարցազրույց ՕԵԿ խմբակցության քարտուղար ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ հետ

Քաղաքական դաշտը պետք է ազատել օլիգարխներից , այն պետք է պատկանի քաղաքական ուժերին, գործիչներին. այս կարգախոսը մշտապես եղել է արդիական: Մինչդեռ տասնամյաներ շարունակ հակառակ երևույթի ականատեսն ենք եղել, քաղաքական դաշտ են սղոսկել մականունավորները, մեծ ու փոքր օլիգարխները, վարկաբեկված անձինք: Հույսեր կա՞ն, որ այսօր հնարավոր է ազատվել այդպիսիններից:

-Քաղաքական գործիչը պետք է զբաղվի քաղաքական գործունեությամբ, ֆեոդալական մոտեցումները, կամ քյոխվայական մտածողությունը, կներեք, բայց քաղաքական դաշտում անելիք չունեն: Վերջապես, մենք 21-րդ դարում ենք ապրում ու երկաթե վարագույրով բաժանված չենք աշխարհից: Բայց սա իհարկե չի նշանակում, որ սեփականություն ունեցող պատգամավորը, որը գործում է համաձայն օրենքի, այսինքն՝ չի կառավարում այդ սեփականությունը, քաղաքական գործունեությամբ չի կարող զբաղվել: Ամենևին, եթե նա իրոք ակտիվ, ինտելեկտուալ անձնավորություն է, իհարկե, կարող է զբաղվել: Բայց ի՞նչ ասես այն մարդկանց մասին, որոնք չունեն այդ ներուժը, մեզանում քիչ չեն մարդիկ, ովքեր 10, 20 տարի քաղաքական դաշտում են, բայց 10, 20 անգամ ելույթ չեն ունեցել, առաջարկություն չեն արել:

Այդպիսիք, կուսակցական խողովակներով քաղաքականություն մտածներն են, որոնք այդ դաշտը ծառայեցնում են միայն սեփական բիզնես շահերի սպասարկմանը, և ուրիշ ոչինչ:

-Այսինքն՝ առաջնորդվում են հատվածական, զուտ գործարար շահերով: Հարցրեցիք՝ հնարավո՞ր է քաղաքական դաշտը մաքրել նմաններից: Իհարկե, հնարավոր է: Բայց չեմ կարծում, որ դա հնարավոր կլինի իրականացնել մեկ օրում: Դրա համար նախ անհրաժեշտ է քաղաքական կամք ունենալ ու քաղաքական դաշտի մաքրումը դիտարկելով որպես նպատակ՝ այն մինչև վերջ հասցնել: Երկրորդ, նման քայլերը չպետք է լինեն ընտրովի, միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասնել հաջողության:

-Իշխանությունն իր հերթին հայտարարում, որ երկրում շատ խնդիրներ կան, կա կոռուպցիա, մենաշնորհ, որոնցից պետք է ձերբազատվել: Նման հայտարությունները վկայում ե՞ն իշխնության քաղաքական կամքի առկայության մասին:

-Քաղաքականությունը, մի կողմից հայտարարություններ են, մյուս կողմից գործողություններ, ապա և արդյունքներ: Եկեք դատենք արդյունքներով: Եթե ասվում է՝ պայքար ենք ծավալում կոռուպցիայի դեմ, կնշանակի այդ պայքարը պետք է արդյունք ունենա: Ստեղծվել է հանձնաժողով, տեսնենք, թե այն ի՞նչ արդյունք կունեն, եթե դրականն արձանագրվի՝ կխոսենք դրականի մասին: Իսկ եթե հանձնաժողովի ստեղծումը ընդամենը պետք է համապատասխանի ամերիկյան դիվանագիտական հիերախիայի ներկայացուցչի հայտարարությանը, ապա այն ոչ մի դեր չի կարող ունենալ, կլինի աչքկապոցի:

Քաղաքականություն ասվածը, ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, չի կարող հիմնվել դեկլարացիաների վրա, եթե դրան չհետևեն կոնկրետ քայլեր,ապա դա կարող է առավել բարդացնել երկրի վիճակը:

-Միաժամանակ խորացնելով հասարակության մեջ առկա վստահության ճգնաժամը:

-Իհարկե, սա շատ կարևոր հանգամանք է: Եթե իշխանությունը հայտարարում է՝ կոնկրետ քայլեր է անելու, գնալու է մինչև վերջ, բայց ժողովուրդը արդյունքներ չի տեսնում, բնականաբար, անկումային տրամադրություններ է ունենալու: Իսկ դա պետք է՞ մեր երկրին, իհարկե՝ ոչ:

Երկրում առկա համակարգային ճգնաժամից դուրս գալու երկու ուղի է մատնանշվում՝ հեղափոխություն, ինչը այսօր մերժելի է անգամ հասարակ քաղաքացու կողմից, այն գիտակցմամբ, որ մարտահրավերների առաջ կանգնած մեր երկրի համար դա խիստ վտանգավոր ուղի է: Մյուսը՝ արմատական բարեփոխումներն են: Իսկ բարեփոխումներով հնարավո՞ր է իրավիճակ շտկել:

– Տարիներ շարունակ մենք խոսել ենք ակտիվ քաղաքական, տնտեսական բարեփոխումների իրականացման մասին: Այո, մեզ անհրաժեշտ են իրատեսական բարեփոխումներ, ոչ թե փոփոխություն՝ հանուն փոփոխության, հանուն լոկալ, քաղաքական շահերի, այլ փոփոխություն հանուն պետության, հասարակության զարգացման: <Օրինաց երկիրն> իր քաղաքական գործունեության ընթացքում որքան ուժ ու հնարավորություն է ունեցել, ձգտել է նման բարեփոխումների իրականացմանը: Այնտեղ, ուր չկան բարեփոխումներ, խոսք չի կարող լինել զարգացման մասին: Իսկ եթե չկա զարգացում, ապա վրա է հասնում ճգնաժամը:

Իսկ ինչ կասեք քաղաքական դաշտում, մասնավորաբար, ընդդիմադիր հատվածում, առկա ճգնաժամի մասին: Որպես այդ դաշտում հանգրվանած քաղաքական ուժի ներկայացուցիչ, ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում:

-Նախ, պետք է սպասել, մինչև ԲՀԿ-ն հանդես կգա հայտարարությամբ, ի վերջո, ԲՀԿ-ն խորհրդարանական ուժ է, ունի պատգամավորներ, ովքեր ժամանակ են վերցրել, թող կողմնորոշվեն, արտահայտեն իրենց դիրքորոշումները, որից հետո մենք ևս կկողմնորոշվենք: Այսօր տարբեր գնահատականներ են տրվում կատարվածին, հնչեցին կոշտ գնահատկաններ, երբեմն անձնավորված բնույթի, եղավ հանգուցալուծում և այս ամենը, իրոք, քաղաքական դաշտում իրավիճակ փոխեց: Այն նաև մարդկանց մոտ է անկումային տրամադրություններ ստեղծել:

Մենք կողմնակից ենք որպեսզի քաղաքական դաշտը լինի առողջ, մրցակցային: Եվ առհասարակ, կարևորում ենք իրական, առողջ պայքարող ընդդիմության գոյությունը ու այն դիտարկում որպես ժողովրդավարական համակարգի կարևոր բաղկացուցիչ: Սակայն միաժամանակ կողմնակից ենք քաղաքական մրցակցության, կոշտ գաղափարախոսական, ծրագրային պայքարի, քաղաքացիական ակտիվության, հակառակ դեպքում կլինի լճացում, ինչին հաջորդում է ճգնաժամը: Խորհրդային տարիներին՝ Ստալինից հետո, երբ եկավ Խռուշչովը, փորձեց ռեֆորմներ անել, հետո դրանք կասեցվեցին ու վրա հասավ լճացման ժամանակաշրջանը, և այլևս անխուսափելի եղավ կանգնեցնել երկիրը կործանող ճգնաժամը: Բայց այս ամենով հանդերձ, կողմնակից չենք եղել ու չենք լինելու թշնամությանը, ինչը դարեր շարունակ վտանգել է մեզ:

Քաղաքական մրցակցությունը չպետք է վերածվի քաղաքական պատերազմի՝ հենված քաղաքական ատելության վրա: Այս բացասական երևույթը պետք է արմատախիլ անել քաղաքական դաշտից: Խորհրդարանում մեկը մյուսին ասում է՝ հիվանդ ես, բայց եթե քաղաքական դաշտի երկու թևերն էլ հիվանդ են, հարց է առաջանում, իսկ ո՞վ է բժիշկը: Հանկարծ դրսից բժիշկ բերելու խնդիր չառաջանա՞: Այս մասին չե՞նք ուզում մտածել ու մտահոգվել: Իսկ ո՞ւր մնաց մեր ազգային հպարտությունը, արժանապատվությունը, որը երկրիդ ներսում առկա խնդիրների քննարկման, լուծման քաղաքակիրթ մեխանիզմի գոյությունն է: Ի վերջո, քաղաքական տարբեր ուժեր ունեն տարբեր գաղափարախոսություններ, տարբեր ծրագրեր և դրանց շուրջ կարող են լինել բախումներ, մրցակցություն, բայց սրա հետ մեկտեղ պետք է իվիճակի լինել երկրին առնչվող ստրատեգիական հարցերը համատեղ քննարկելու ու մշակելու մեխանիզմներ:

Տեսեք, թե ինչպե՞ս են գործում մեծ պետությունների կառավարման համակարգերը. կան կոշտ ընդդիմադիր մոտեցումներ, սակայն միաժամանակ իշխանություն- ընդդիմության միջև կայանում է երկրի համար օգտակար, պարզ ու բաց քննարկումներ: Ամենակարևորը նաև այն է, որ պետք է բաց խոսել ժողովրդի հետ, նրա հետ քննարկել խնդիրները ու չթողնել որևէ անորոշություն: Սրանք են իրավիճակից դուրս գալու մեխանիզմները: Եվ այսօր մենք կոչ ենք անում մեր քաղաքացիներին, պետք չէ ո՛չ հիասթափվել, ո՛չ անկումային տրամադրություններ ունենալ, կյանքը շարունակվում է, շարունակվում է նաև քաղաքականությունը: Ուրեմն, պետք է լինել ակտիվ, որովհետև սեղանին դրված է մեր երկրի ճակատագիրը: Իսկ երկրում կա արտագաղթ, չքավորության կտրուկ աճ, ժողովրդագրական խնդիրներ, այս ամենի վրա աչք փակելը նշանակում է վտանգել երկիրը: Ամեն մի քաղաքական ուժ ունի իր մշակույթը, քննադատություն՝ հանուն քննադատության, սկզբոնքը մերժելի է ՕԵԿ-ի համար:

Պետք է կարողանալ ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհ ցույց տալ, դեղատոմս առաջարկել: Մեր գործելաոճն է՝ և՛ քննադատել, և՛ լուծումներ առաջարկել: Որպես քաղաքական ուժ ՕԵԿ-ը նաև պատրաստ է իր առաջարկներով մասնակցել մեր երկիրը ծանր վիճակից հանող բարեփոխումներին:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն