Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի նոր պոչամբարի կառուցումը՝ բնապահպանական խնդիր

Փետրվար 25, 2015թ. 10:57

Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի բնակիչները դեմ են իրենց գյուղի մերձակայքում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի համար նոր պոչամբարի կառուցմանը, քանի որ այն մերձակա գյուղերի ողջ արոտավայրերն ու վարելահողերը դնում է ծանր մետաղներով աղտոտելու վտանգի տակ. վստահեցնում են բնապահպանները: Նոր պոչամբարը պետք է կառուցվի Լոռու մարզի Ճոճկան և Մեծ Այրում համայնքների միջև: Բնապահպանները նշում են, որ այն լինելու է Ախթալայի կոմբինատի գործող Նահատակ պոչամբարի շարունակությունը և էլ ավելի է մեծացնելու մարզում առկա բնապահպանական խնդիրները:

Մեծ Այրում համայնքի ավագանու անդամ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը ասում է, որ ՀՀ Կառավարության հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազման միջգերատեսչական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն նոր պոչամբար կառուցելու համար: «Տարածքային կառավարման և ԱԻՆ նախարարությունը, դա հիմք ընդունելով, առաջարկել է Մեծ Այրում համայնքի ավագանուն փոխել նշված հողերի կարգը՝ գյուղատնտեսականից արդյունաբերականի: Ավագանու նիստին են հայտարարել, որ Ճոճկան և Այրում համայքների մոտ 40 հա տարածքների միջնամասում պետք է կառուցվի այդ նոր պոչամբարը: Մինչ այդ բնակիչները չեն իմացել պոչամբարի կառուցման մասին, հանրային քննարկումներ չեն անցկացվել: Միայն ավագանու նիստին իմ ճնշումներից հետո՝ փետրվարի 12-ին, համայնքում անցկացվեց հանդիպում բնակիչների հետ: Մարդիկ դժգոհ են, որ կա գործող պոչամբար, հիմա էլ նորը պետք է կառուցվի»,- ասում է Դուլգարյանը: Նա հավելում է, որ այժմ գործող Նահատակ պոչամբարը համայնքի բնակիչներին միշտ անհարմարություն է պատճառել:

Նրանք բողոքել են առողջական խնդիրներից, անվտանգության նորմերը չպահպանելու հետևանքով անգամ ընտանի կենդանիներ են ընկել պոչմաբարի մեջ: Նշենք, որ ըստ Ախթալայի կոմբինատի ներկայացուցիչների հրապարակային պարզաբանման՝ նոր պոչամբարը կառուցելուց հետո, հինը, որն ավելի մոտ է գտնվում Մեծ Այրում համայնքին, պետք է փակվի:

Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանն էլ ասում է, որ գործող պոչամբարը կառուցված է անվտանգության և բնապահպանական բազմաթիվ խախտումներով: «Չի գործում ջրի շրջանառու համակարգը: Բոլոր պոչանքները լցվում են Նահատակ պոչամբարի մեջ, այնուհետեև նույն ընթացքով հոսում են Դեբեդ գետը: Բնականաբար դրանից ներքև գտնվող համայնքները օգտագործում են այդ ջուրը ոռոգման նպատակներով:Այդտեղ երեխաները խաղում են, մարդիկ այդ հողերի վրա աճեցնում են տարբեր գյուղատնտեսական մթերքներ: Եվ ծանր մետաղներից կազմված այդ պոչանքները աղտոտում են ջուրը, որով էլ մարդիկ ոռոգում են իրենց տարածքները»,-ասում է Գալստյանը:

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն էլ հավելում է, որ դեռ 2002-ին Ախթալայի կոմբինատի Նահատակ պոչամբարում կար մոտ 2,5 մլն տոննա պոչանք: «Ուրեմն 12 գյուղ կա, որոնք 2,5-ից մինչև 8 կմ հեռավորության վրա են գտնվում պոչամբարից, որը շատ մոտ տարածք է: Պոչամբարներից հեռավորությունը պետք է լինի 20-30 կմ: Մեծ Այրում գյուղը ընկնելու է օղակի մեջ: Ախթալայի գործող պոչամաբարը ուղիղ գծով 5 կմ հեռավարության վրա է գտնվում համայնքից: Եթե ադյունաբերական թափոնը լցնում են հողի վրա պետք է հարկ վճարեն դրա համար, իսկ այսօր հանքարդյունաբերությունը օրենքով ազատված է այդ հարկերից: Այսօր Հայաստանը դարձրել են հանքերի մի օվկիանոս»,-ասում է Սանասարյանը:

Ախթալայի գործող պոչամբարի համար Ախթալայի կոմբինատը տարեկան Մեծ Այրում համայնքին վճարել է 40 հազար դրամ, ինչը ըստ բնապահպանների, հասցված վասների դիմաց անհամարժեք է:Եթե այդ պոչամբարը կառուցվի, հայտնի չէ, թե որպես փոխհատուցում համայնքը ինչ փոխհատուցում է ստանալու իր առողջպահական և բնապահապանական խնդիրները լուծելու համար, ոչինչ չի ասվում»,-հավելում է Դուլգարյանը:

Հայաստանում այսօր կա 450 շահագործվող հանք, որից 23-ը մետաղական են, իսկ 80-ի շահագործման համար տրված է ուսումնասիրություն անցկացնելու իրավունք:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն