Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

Ստորգետնյա ուրբանիզացիան կփրկի կանաչ տարածքները

Փետրվար 25, 2015թ. 14:28

Մետրոպոլիտենի ՙԵրիտասարդական՚ կայարանի ստորգետնյա անցումը հունիսից նորից կսկսի կատարել իր գործառույթները, բայց արդեն վերափոխված տեսքով և բացի հետիոտնի համար նախատեսված անցումից այն մարդկանց համար կծառայի նաև որպես առևտրի ու ժամանցի համալիր: Նախագծով նախատեսված է, որ ստորգետնյա այդ հատվածում գործելու են բրենդային և ոչ բրենդային փոքր խանութներ, սննդի կետեր, սրճարաններ՝ շատրվաններով շրջապատված:
Ստորգետնյա այդ անցումի զգալի մասը վաղուց փակվեց հետիոտնի համար՝ աշխատելով միայն մասնակի: Երկար ժամանակ այնտեղ շինարարական աշխատանքներ էին ընթանում, և անցորդները հետաքրքրությամբ փորձում էին հասկանալ, թե ի՞նչ են կառուցում քաղաքի այդ հատվածում: Շատերն անգամ վրդովված մտածում էին, թե փողոցի անմիջապես եզրին որևէ նորակառույց շինություն են ուզում տնկել: Բայց նրանց զայրույթը փարատվեց, երբ հայտարարեցին, թե ընդամենը ստորգետնյա անցումն է արդիականացվում ու բարեկարգվում: Բայց դե վերանորոգման աշխատանքները բավական երկար տևեցին: Հույս ունենք, որ երևանցիների սպասումները կարդարանան՝ բարեկարգված ու ապահով ստորգետնյա անցում ունենալով: Չնայած դատելով այն բանից, որ այնտեղ առևտրային համալիր է գործելու՝ առևտուր անողների ու վաճառականների իրարանցումով, աղմուկ-աղաղակով, սրճարաններից հնչող բարձր երաժշտությամբ, պատրաստվող սննդից արձակված բազմազան հոտերի միաձուլումով՝ մի քիչ անհավատալի են թվում այն հավաստիացումները, թե ստորգետնյա անցումից օգտվելը հաճույք կպատճառի քաղաքացիներին:

Մասնագետներն ասում են, որ ստորգետնյա ուրբանիզացիան դրական երևույթ է, որը տարածված է ամբողջ քաղաքակիրթ աշխարհում և արդարացնում են Երևանում ստորգետնյա անցումներում առևտրային ու զվարճանքի կենտրոնների կառուցումը:
Ճարտարապետ ԱՆԱՀԻՏ ԹԱՐԽԱՆՅԱՆԸ խանութներն ու սննդի օբյեկտները ստորգետնա անցումներ տեղափոխելը փրկություն է համարում քաղաքի կանաչ տարածքի համար, քանի որ հաճախ այդ տարածքները բետոնապատման զոհ են դառնում: Նա հավատցնում է՝ որքան շատ օբյեկտներ ստորգետնյա դառնան՝ այնքան քաղաքի վերգետնյա հատկապես կանաչ հատվածները քիչ կբետոնապատվեն ու կկառուցապատվեն ամեն տեսակի խանութներով ու սրճարաններով:
Ճարտարապետների միության նախագահ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԻ հավաստմամբ ստորգետնյա ուրբանիզացիան յուրաքանչյուր քաղաքում անհրաժեշտություն է, քանի որ այդպես քաղաքի մակերեսն արվելի արդյունավետորեն է օգտագործվում, չեն ծանրաբեռնվում վերգետնյա հատվածները, իսկ ստորգետնյա անցումներն ավելի կիրառելի են դառնում: Դրա շնորհիվ ապահովվում է նաև այդ անցումների վերահսկողութունը: Այլապես դրանց սպառնում է հանրային զուգարանի ու աղբանոցի վերածվելու ճակատագիը: Հաճախ խավար ու ՙանմարդաբնակ՚ ստորգետնյա անցումները նաև հրապուրում են հանցագործներին:
Մկրտիչ Մինասյանն իբրև օրինակ նշում է Մաշտոցի պողոտայից մարդկանց դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի ուղղորդող ստորգետնյան: Արդեն քանի տարի է այն անուշադրության է մատնված, երեկոյան ժամերին այնտեղով մարդիկ խարխափելով են ստիպված անցնել, եթե պատահաբար նրանց մոտ լուսարձակ չի լինում: Բացի դա, անցումը վերածվել է հանրային զուգարանի և այնտեղ մտնելիս անմիջապես քթիդ է խփում գարշելի հոտը:

Այդ անցումից հետ չեն մնում ՙԳարեգին Նժդեհ՚ մետրոկայանի, ՙՀաղթանակ՚ զբոսայգու հարակից անցումները:
Ստորգետնյա անցումների վերահսկողությունը, մաքրությունն ու անվտանգությունն ապահովելու համար է, որ քաղաքային իշխանությունները բյուջետային հնարավորություններ չունենալով՝ դրանք վաճառում են մասնավոր ընկերությունների, որոնք պարտավորվելով հետիոտնի համար քաղաքակիրթ ձևով ստորգետնյա փողոցանցում ապահովել՝ նաև իրենց համար շահութաբեր բիզնես են հիմնում: Ես իհարկե չեմ մեղադրում գործարարներին, բնականաբար նրանք ստորգետնյա անցումներում ներդրումներ անելով՝ պետք է հետագա շահույթների ակնկալիք ունենան: Բայց կարծում եմ, որ մեր քաղաքացիներն էլ այդ գործարարից պետք է ակնկալեն այնպիսի բիզնես նախագիծ, որը երկուստեք ձեռնտու լինի՝ եվ մարդիկ հանգիստ անցուդարձ անեն ստորգետնյաներով, և սեփականատերերը կարողանան փող աշխատել: Բայց երբեմն սեփականատերերի երևակայությունը գերազանցում է բոլոր ՙսպասելիքները՚: Օրինակ Մարզահամերգային համալիրի մոտ գտնվող ստորգետնյա անցումում չգիտես ինչու սեփականատիրոջ խելքին փչել է հասարակաց տուն սարքել: Ճիշտ է՝ այնտեղ տարածքը մաքրվում է, լուսավորվում, բայց այդ անցումը գոնե թե առանց շիկնելու ու անհարմար զգալու հնարավոր չի լինում կտրել-անցնել:

Ես ինքս էլ համաձայն եմ մասնագետների հետ, որ ստորգետնյա ուրբանիզացիան անհրաժեշտություն է յուրաքանչյուր քաղաքի համար, այն նաև ստորգետնյա անցումն ապահովագրում է հանցագործներից, բոմժերից ու մարդկանց համար հասարակական զուգարանի վերածվելուց, բայց նաև կարևոր է, թե այդ ուրբանիզացիան ինչպես է ծառայում հանրությանը, եթե իհարկե այն նախևառաջ հանրության, այլ ոչ թե բիզնեսմենի կարիքների համար է ստեղծվում: Մեզանում տպավորությունն այնպիսին է, որ ստորգետնյա անցումներն աստիճանաբար վերածվում են բիզնեսային տարածքների, իսկ դրանց հիմնական գործառույթը՝ ատորգետնյա անցում ծառայելը, երկրորդական է դառնում:

Դատեք ինքներդ: Ստորգետնյա անցումներում առևտրային կետերի տեղակայումը նորություն չէ մեր հանրության համար. դեռ խորհրդային տարիներին դրանցից շատերում մեծ հանրախանութներ էին նախագծվել, որոնց գոյությունն արդարացվում էր այնտեղ ամեն օր տիրող աշխույժ առևտրային եռուզեռով: Բայց այդ հանրախանութները առանձին շինությամբ մեկուսացված լինելով անցման հիմնական միջանցքներից՝ որևէ ձևով չէին խանգարում, որ մարդիկ ստորգետնյա ճանապարհով հանգիստ անցնեն փողոցի մի մայթից դեպի մյուսը՝ չընկնելով առևտուր անողների կամ ստորգետնա անցումում զբոսանքի ելածների ոտքի տակ: Բնական է, որ այդպես էլ պետք է լիներ մի հասարակարգում, որտեղ հասարակության շահը բիզնես շահից վեր էր դասվում:
Իսկ այսօ՞ր… Մերօրյա այսպես ասած արդիականացված ստորգետնյաներում առևտրային ու սննդային կետերը մեկուսացված չեն հիմնական անցումային միջանցքներից և դժվարանցանելի են դարձնում ճանապարհը: Իսկ որքան տհաճություն են պատճառում այնտեղ պատրաստվող անհասկանալի ծագման սննդի հոտով ու գոլորշով հագեցած ստորգետնյա գաղջ օդը հատկապես ամռան ամիսներին, առևտրականների, երգի-երաժշտության անկառավարելի աղմուկը:

Մկրտիչ Մինասյանն ինքն էլ այդ անցումներում շնչելու օդի պակասը կամ տարաբնույթ հոտերի առկայությունը մեծ թերություն է համարում և ասում, որ դրա պատճառը օդափոխության համակարգի բացակայությունն է, որը պարտավոր են ապահովել ստորգետնյա անցումների սեփականատերերը: Բացի այդ՝ անցումները նախատեսածից մի քանի անգամ գերհագեցած են առևտրային կետերով, ինչն էլ թթվածնի պակասի պատճառ է դառնում: Հնարավորինս շատ շահույթ ապահովելու մոլուցքով անցումներում ամեն քայլափոխի խանութներ են կառուցվել ու տրվել վարձակալության և ամենևին հաշվի չի առնվել, որ այդքան օբյեկտների ու դրանք սպասարկող մարդկանց առկայության դեպքում օդամաքրում չի կատարվի: Կամ էլ այդ հատվածը հարկավոր է հզոր օդափոխության համակարգով զինել: Այլապես ուրբանիզացիա ստեղծելը կարծես աննպատակ է դառնում. անգամ փողոցները հատելու նպատակով ստորգետնյաներով անցնելիս ես շնչահեղձ լինում, ուր մնաց նման ՙանօդ՚ տարածությունում սրճարաններից օգտվես կամ առևտուր անես:

Մկրտիչ Մինասյանի գնահատմամբ եթե նոր ստորգետնյա անցումներն էլ նույն մեխանիզմով ու չափորոշիչների խախտումով վերանորոգվեն, ապա դրանց կիրառումն այնքան էլ արդյունավետ չի լինի, մարդիկ չեն ցանկանա մեկ րոպե ավելի մնալ անցումում, ինչ է թե առևտուր անեն կամ առավել ևս օգտվեն այնտեղ տեղակայված սրճարանից:
Բայց ճարտարապետը հույս ունի, որ ՙԵրիտասարդական՚ կայանի ստորգետնյայում այդ խնդիրը չի լինի:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ


Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն