Հայաստանն ու Ռուսաստանը բանակցում են, որ գազի գինը չբարձրանա
«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը հղում անելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի այն հայտարարությանը, թե էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները գտնվում են ծանր վիճակում, այսօր Ազգային ժողովում հարց ուղղեց, թե «Այս տարվա կամ հաջորդ տարվա ընթացքում նախատեսվում է՞ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում»։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ի պատասխան պատգամավորի հարցին՝ հայտարարեց, թե ներկայումս հայկական կողմը բանակցում է ռուսական կողմի հետ, որպեսզի գազի գինը դոլար-դրամի փոխարժեքով պայմանավորված չփոխվի:
«Լուրջ դերակատարում ունի դոլար-դրամ փոխարժեքի տատանումը, դրանով պայմանավորված՝ մենք սպասում ենք բանակցությունների ավարտին: »,– ասաց նա:
Իսկ թե ի՞նչ ընթացքում են գտնվում բանակցություններն ասաց. «Ես բանակցությունների արդյունքների մասին որևէ բան չեմ կարող ասել, ընդամենը կարող եմ ասել, որ նման բանակցություններ գնում են, որից հետո էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները և այդ գործընթացին մասնակցող ընկերությունները կկարողանան գնահատել և ներկայացնել համապատասխան հայտեր կամ չներկայացնել: Այս պահին դեռևս անորոշ է վիճակը»:
Տեղեկացնենք, որ այսօր Ազգային ժողովում քննարկում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թ. ծրագիրը:












