Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն

ՅԻՇՈՒՄ ԵՄ ՈՒ ՊԱՀԱՆՋՈՒՄ՝ ԿՈՄԻՏԱՍԵԱՆ ՍՐԲԱԴԱՍ ՂՕՂԱՆՋՈՎ …

Փետրվար 25, 2015թ. 16:22

Հայ Մշակութային “Արարատ” կազմակերպութեան”ՙԿոմիտաս”-ի սրբադաս անւամբ կոչւող դահլիճում կայացած՝ օտարերկրեայ դեսպանների ու ներկայացուցչութիւնների մասնակցութեամբ միջոցառումը, որտեղ հնչեցին կոմիտասեան խորախորհուրդ մեղեդի- ղօղանջները, յիրաւի ընդգրկում է ձեւով ու բովանդակութեամբ ծանրակշիռ լինելու հանգամանքը:

Ծանրակշիռ, քանզի ճշտորոշւած թիրախը՝ Իրանում հաւատարմագրւած միջազգային դիւանագիտական ներկայացուցիչներին՝ դեսպաններին յաւուր պատշաճի իրազեկում ենք մեր համազգային պահանջատիրութեան արդարացիութիւնը, արդիականութիւնն ու առարկայականութիւնը: Եւ երիցս ծանրակշիռ, քանի որ նման հանդիսութիւնները աներկբայօրէն արդիւնաւորւելու են ինչպէս քարոզչական, նոյնպէսեւ քաղաքական ուշագրաւ նշանակութեամբ:

Քարոզչական մասով, արդէն իսկ, ինչպէս յստակօրէն նախանշւած է եղել կազմակերպիչ յանձնախմբի ծրագրային դրոյթներում, մատուցւած անգլերէնով միջոցառումը տարածւելու է հեռուստատեսային-հեռահաղորդակցական հայաստանեան ինչպէսեւ իրանական (զորօրինակ PRESS TV) լրատւադաշտերի լայն լսարան-ունկնդիրների համար:

Քաղաքական մասով, սակայն, տւեալ միջոցառման տարողունակութիւնը հաստատապէս արդարացնելու է ինքնիրեն, քանզի Հայաստանամերձ մեր գաղթօջախում նախաձեռնւած հանդիսութիւնը իր վերհամայնքային մասշտաբի բերումովª վերաճում է մեր համահայկական պայքարի անքակտելի խրամատը հանդիսացող Սփիւռքեան պահանջատիրութեանը, որն միահիւսւելով պետական մասշտաբների միջոցառումներին, աւելիով է զօրեղացնելու համազգային պայքարի ու պահանջատիրութեան կռւանները:

Ահաւասիկ, մնում է միայն ողջունել եւ մեր մամլոյ առաքելութիւնից մեկնած՝ զօրակցութեան ձեռք երկարել Թեհրանի հայոց թեմի Ցեղասպանութեան 100-ամեակի յանձնախմբին, որն դեռեւս մինչ բուն 2015 թւականին կազմակերպած այս վերջին հանդիսութիւնը, արդէն նախաձեռնել էր երկու ծանրակշիռ միջոցառումներ՝ Թեհրանի թեմում հրատարակւած Ցեղասպանութեանն առնչւող գրականութիւնը ցուցադրելով եւ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէնի դոկտ. Հայկ Դեմոյեանի անմիջական մասնակցութեամբ ներկայացրած ցուցահանդէսըª հայ եւ մասնաւորապէս պարսիկ հասարակայնութեան համար:

Մենք, եւ հաստատապէս սիրելի ընթերցողը սպասելու ենք գալիքում նմանօրինակ ուշագրաւ ու ծանրակշիռ հանդիսութիւնների, որոնց էլ աշխոյժ մասնակցութեամբ՝ աջակցելու-զօրակցելու է իրանահայ հայրենանւէր ու պահանջատէր հասարակայնութիւնը, որն մշտապէս ՅԻՇԵԼ ու ՊԱՀԱՆՋԵԼ է համազգային ու համահայկական նշանակութեան արդարահատոյց իրաւունքը…

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
“ԱԼԻՔ” ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ


Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն