ԲՀԿ-ի “ճողվածքն” այնքան մեծացավ, որ բուրգը փլվեց
Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ
-“Բարգավաճ Հայաստան”-ը մի ոտքով ընդդիմություն էր, մյուսով՝ իշխանություն, ու քանի որ ճողված վիճակում գտնվելը շատ անհարմար դիրք էր՝ եղավ այն, ինչ եղավ: Այսպես պատկերավոր ներկայացվեց այն իրավիճակը, որում հայտնվեց ԲՀԿ-ն: Ինչո՞ւ մեզանում չի ձևավորվում “ճողված վիճակներից”՚ զերծ՝ իրական ընդդիմություն, ուժ, որը ժողովրդին հուսախաբ չի անի:
-Դուք բարձրացրիք այսօրվա կարևոր հարցերից մեկը: Ձեզ հետ, իհարկե, մեկ հարցում համակարծիք չեմ, թե այս 20 տարիներին մենք երբևէ չենք ունեցել ձևավորված ընդդիմություն: 95-96-ին և՜ ԱԺՄ-ն, և՜ ՀՅԴ-ն իրապես ընդդիմադիր ուժեր էին, շատ հստակ էր՝ ընդդիմության ու գործող իշխանության միջև կար քաղաքական, գաղափարական վեճ, թե ինչպիսի՞ Հայաստան ենք ուզում ունենալ: Իսկ վերջին 10,15 տարում, այո, ընդդիմություն չի ձևավորվում, որովհետև բացակայում է ընդդիմություն-իշխանություն գաղափարական վեճը:
Ծրագրային առումով ևս ընդդիմությունը վերջին տարիներին որևէ լուրջ այլընտրանքային ծրագիր՝ կառավարության կամ գործող իշխանության ծրագրին, չի առաջարկել:
Դառնամ ԲՀԿ-ին, որը 2012-ին դուրս եկավ կոալիցիայից ու ինքն իրեն հորջորջեց ՙայլընտրանք՚: Ողջ աբսուրդը հենց սրանում է. ԲՀԿ-ն ճողված դիրքով կանգնած էր, իսկ այդ ճողվածքը մի օր մեծանալու էր, ու մեծացավ, որովհետև անհնար է հենվել երկու տարբեր գործընթացների վրա և միաժամանակ ընթանալ երկու տարբեր ուղղություններով: Պարզ էր նաև, որ ճողվածքի արդյունքում բուրգը փլուզվելու էր, և այն տեղի ունեցավ:
Իսկ ԲՀԿ-ի՝ նման իրավիճակում հայտնվելը, շատ ավելի խորը արմատներ ունի: Այստեղ կա աշխարհընկալման ու հայեցակարգի խնդիր: ԲՀԿ-ի ստեղծման հիմքում ընկած է հետևյալ փիլիսոփայությունը՝ այն ստեղծվեց մեկ անձի սպասարկման համար: Մենք շատ հաճախ ենք բարձրաձայնել, թե ո՞ւմ ականջներն են երևում ԲՀԿ-ի թիկունքից: Եվ ահա, ցանկացած ուժ, որը կառուցվում է նման հիմքով, եթե անգամ այդ անձը հայտնի, ուժեղ անհատականություն է, միևնույն է՝ վաղ, թե ուշ քանդվելու է:
Բոլորիս է հայտնի, որ մեր քաղաքական մշակույթը անձակենտրոն է, նրանում վճռորոշ դեր ունեն անձերը, ասել է, թե մեր քաղաքականությունը կառուցված է անձի ու նրա շահերի սպասարկման վրա: Մինչդեռ առաջարկվող սահմանադրական փոփոխություններով քաղաքական այլ իրավիճակ է ստեղծվելու, այն հատելու է կառավարման բուրգը, այսինքն, անձերին ու նրանց շահերին սպասարկող քաղաքականությունը փոխարինվելու է պետության, հասարակության և խմբերի շահերը սպասարկող քաղաքականությամբ:
Սա նշանակում է, որ մեր ենթագիտակցության մեջ ևս փոփոխություն է կատարվելու՝ անձնակենտրոն քաղաքական մշակույթը վերափոխվելու է հասարակակենտրոնի: Ինչո՞ւ անդրադարձա այս խնդրին՝ մի պարզ պատճառով, եթե ՀՀԿ-ն չնախաձեռներ սահմանադրական բարեփոխումներ, չդրվեր պետության, հասարակության շահերը անձի շահից վերադասվելու խնդիր, կառավարման համակարգի փոփոխման հարց՝ ԲՀԿ-ն նման իրավիճակում չէր հայտնվի, ՀՀԿ-ԲՀԿ բախումը տեղի չէր ունենա: Իսկ բախում եղավ, որովհետև ԲՀԿ-ն գլխի ընկավ, որ այդ նոր քաղաքական մշակույթում ինքը չի կարող լինել մրցունակ՝ լինելով անձի համար ստեղծված կուսակցություն: Եվ սկսեց պայքարել այդ նոր քաղաքական մշակույթի ներդրման դեմ, այսինքն, սահմանադրական բարեփոխումների դեմ:
-Փաստորեն, Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքա՞րը դարձավ ԲՀԿ-ի “կարապի երգը”:
-Այո, և դրան նպաստեց իր ճողված դիրքը: Եթե ԲՀԿ-ն երկու ոտքով կանգնած լիներ մեկ նավի վրա ու հստակ հայտարարեր, որ ս՜ա է իմ ուղին, ս՜ա է իմ տեսլականը, ս՜ա է իմ ծրագիրը, ապա նման իրավիճակում չէր հայտնվի:
Մյուս կողմից էլ ստեղծվեց խաբուսիկ իրավիճակ. ԲՀԿ-ն ասաց՝ ժողովուրդ, ես քո օրվա խնդիրները լուծողն եմ՝ արտագաղթ, կենսաթոշակներ և այլն, ըստ էության, գնաց ՀԱԿ-ի ու մյուս ընդդիմադիների պոպուլիստական ճանապարհով: Ու չնայած ժողովուրդը նրանից ակնկալիքներ ուներ, բայց ԲՀԿ-ն մոռացավ ժողովրդին տված խոստումներն ու իրականում պայքարի ելավ հայեցակարգի դեմ: Հիշեք փետրվարի 5-ի Գագիկ Ծառուկյանի ելույթը, ուր նա հստակ ասաց, որ եթե ՀՀԿ-ն հետ չկանգնի սահմանադրական բարեփոխումներից, ԲՀԿ-ն փողոց դուրս կգա՝ արտահերթ նախագահական ընտրությունների պահանջով:
Հարց եմ ուզում տալ, ի՞նչ կապ ունեն սահմանադրական բարեփոխումները, նախագահական կամ խորհրդարանաան համակարգերը եռյակի կողմից առաջ քաշված 12 կետերի իրականացման հետ: Հիշեցնեմ, որ իշխանությունը պատրաստակամ էր ընդդիմության հետ քննարկել և հասնել այդ կետերի իրականացմանը, նախագահը նման հանձնարարականը էր տվել վարչապետին: Բայց դա ԲՀԿ-ին չբավարարեց, քանի որ իրենց նպատակը ամենևին էլ 12 կետերը կատարելը չէ, այլ պայքարը քաղաքական նոր մշակույթի ձևավորման դեմ, ինչը դրված է Սահմանադրական բարեփոխումների հիմքում:
-Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ անորոշ է”եռյակ”-ի լոկոմոտիվի՝ ԲՀԿ-ի քաղաքական ապագան, իսկ ՀԱԿ-ն ու “Ժառանգությունն” էլ նպատակ ունեն հնարավորինս արագ օգտվել խորտակվող”ՙնավի” մարդկային ռեսուրսից: Ինչպես ասում են՝ “Եզն ընկել է՝ դանակավորներները շատացել”: Այս տեսանկյունից վերլուծելով իրավիճակը, կարո՞ղ ենք ասել, որ ընդդիմադիր դաշտում լուրջ ճգնաժամ է:
– ՀԱԿ պատգամավորը ԱԺ-ում բարձրացրեց կառավարման ճգնաժամի խնդիր այն դեպքում, երբ ճգնաժամն իրենց տանն է: Իհարկե, ճգնաժամ է, և դա անշուշտ պետք է լիներ: Եթե չկա գաղափարական, ծրագրային վեճ ընդդիմությունը ինչի՞ շուրջ պետք է կոնսոլիդանա: Իրոք, “եզը ընկել է՝ դանակավորները շատացել են”, գլխավոր խաղացողը հետքայլ է արել և դա ընդդիմադիր դաշտում առաջացրել է վակում: Իսկ այն լցնելու համար, տեսեք, թե ինչո՞վ է զբաղված ընդդիմությունը՝ զուտ աղմկելով:
Փոխանակ, ԲՀԿ-ի պես ՀԱԿ-ն ու “Ժառանգություն”-ն էլ ընդմիջում վերցնեին, գնային, նստերին իրենց ամբողջ գործունեությունը դիտարկեին, վերարժևորեին, տեսնեին սեփական սխալներն ու նոր քայլեր ձեռնարկեին, նրանք խորհրդարանում աղմկում են ու զամանալի հարցեր բարձրացնում, որոնց լուծումը նախ թվաքանակի առկայություն է պահանջում: Բայց թիվ չկա, ծանր ուժը՝ ՙեզը՚ ժամանակավորապես գնացել է, իսկ ի՞նչ է մնացել տակը՝ ՀԱԿ խմբակցություն, որի 7 պատգամավորներից 6-ը տարբեր հայացքներ ունեն: Սա ի՞նչ է, եթե ոչ ճգնաժամ: Բայց սա նաև բոլորիս ճգնաժամն է, որ մեր ընդդիմադիր դաշտում նման տխուր իրավիճակ է:
Մեկն ինձ հարց է տալիս, ինչո՞ւ իշխանությունը չի օգնում, որ ընդդիմությունը կայանա: Բայց իշխանությունն ի՞նչ անի՝ փող տա՞, այդ դեպքում էլ կասեք՝ արհեստական ընդդիմություն են սարքել: Մինչդեռ ընդդիմության լիարժեք կայացման մեծ դաշտ կա: Այն խնդիրները, մարտահրավերները, որ ծառացած են երկրի առաջ, կարող են ընդդիմության միավորման լավագույն առիթ հանդիսանալ: Ի վերջո, ընդդիմությունը կարող է չէ՞ օգտվել հասարակության ներսում առկա դժգոհություններից ու միավորվել: Բայց չի անում, որովհետև դրա համար նախ պետք է վերակազմակերպվել, պետք է ազատվել ներքին անձնական խնդիրներից ու իշխանության համար դառնալ լուրջ հակակշիռող ուժ:
-Չնայած դրական գնահատվեց իրավիճակի նման հանգուցալուծումը, քանի որ հնարավոր եղավ խուսափել վատագույնից, սակայն կա նաև մտավախություն, թե իշխանությունը կարող է բավարարվել ձեռքբերածով, ինչն էլ կարող է մի նոր լճացման պատճառ դառնալ: Եվ ուրեմն, եթե այս նպաստավոր իրավիճակում իշխանությունը կարևոր քայլեր չանի՝ պետությունը կարող է լրջորեն վտանգվել:
-Եթե իշխանությունը գործ չանի, ապա առաջիներից մեկը ես կլինեմ, որ ներսից կքննանդատեմ կառավարությանը, կոնկրետ այն օղակներին, որոնք թերանում են իրենց պարտավարություններում: Իշխանության ղեկը ՀՀԿ-ի ձեռքին է ու ինքն առաջինն է պարտավոր երկրում փոփոխություններ իրականացնելու: Բայց եթե կա նաև քաղաքական ընդդիմություն, որն իր ՙկախարդական փայտիկով՚ արդեն իսկ գտել է տվյալ օղակը շտկելու մեխանիզմները, ուրեմն պետք է չէ՞ ասի՝ եկեք համատեղ փոխենք իրավիճակը:
–Այսինքն, ընդդիմությունը միայն քննադատողի դերում է , բայց ոչ դեղատոմս առաջարկողի՞:
-Հենց դա էի ուզում ասել: Ընդդմությունը միայն փաստեր է հնչեցնում ու վերջ: Ասում են՝ ստվեև կա, պատասխանում ենք՝ կա ու գործիքներ ենք մշակել այն բացահայտելու համար: Նաև ասում ենք, հարգելի ընդդիմություն, եթե դուք տեղյակ եք առավել լավ գործիքների մասին՝ ասեք, կկիրառենք: Բայց մեզ հակադարձում են՝ չենք ասի, կգանք իշխանության այդ ժամանակ էլ կկիրառենք: Ուրեմն, ես էլ հայտարարում եմ՝ չե՜մ հավատում, որ դուք առհասարակ գործիքներ ունեք:
Ընդդիմությանը խորհուրդ կտամ իր իսկ ներսում համակարծություն ձևավորել ու այդ ուժեղ ՙդրոշը՚ պարզած գալ կանգնել իշխանության առաջ, որպես հակակշիռ: Այ սա կլինի քաղաքական ուժին վայել, արժանապատիվ քայլ:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












