Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները կմասնակցեն փորձաքննություններին
Ինչպես տեղեկացնում է Nyut.am-ը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից, Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարարվել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների դիմումը՝ նշանակված փորձաքննություններին մասնակցելու վերաբերյալ։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել են դիմումներ, որոնք օրենքով սահմանված կարգով քննարկվել են, իսկ արդյունքների մասին գրավոր ծանուցվել։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, տեղեկացնում ենք, որ ի թիվս այլ հարցադրումների, տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները խնդրել են հնարավորություն ընձեռել մասնակցել նշանակված փորձաքննություններին և փորձագետներին հարցեր ուղղել:
Քրեական գործը քննող քննչական խմբի ղեկավարը բավարարել է փորձաքննությանը ներկա գտնվելու վերաբերյալ դիմումը։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան՝ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների ներկայությունը փորձաքննություններին ապահովելու նպատակով, վարույթն իրականացնող մարմինը խնդրել է հայտնել, թե կոնկրետ ո՞ր փորձաքննությանն են ցանկանում ներկա գտնվել, փորձաքննության ո՞ր փուլից և ի՞նչ լրացուցիչ հարցադրումներ ունեն:












