Գլխավոր » Regions, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

ՄԱԿ-ի գրասենյակը կփոխադրվի Թուրքիա, ինչի դիմաց Թուրքիան ՄԱԿ-ին ֆինանսական աջակցություն է խոստացել

Փետրվար 28, 2015թ. 13:57

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եվրոպական տարածաշրջանային գրասենյակի՝ Բրատիսլավայից Ստամբուլ տեղափոխումը համաշխարհային հանրության կողմից ոչ միայն անարդարացի վերաբերմունք է Հայաստանի նկատմամբ, այլ նաև՝ վտանգավոր: Այս մասին այսօր հայտարարել է «Ի պաշտպանություն ՄԱԿ-ի կանոնադրության՝ ՀՀ հասարակական դաշինքի» անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը` հրավիրված մամուլի ասուլիսում:
Ըստ Դանիելյանի, ստացվում է, որ «Հայաստանին վերաբերվող որևէ խնդիր, որը ցանկանում ենք բարձրաձայնել ՄԱԿ-ում, պետք է կատարենք Ստամբուլի միջոցով»: Իսկ գրասենյակի փոփոխման պատճառն այն է, որ Թուրքիան ՄԱԿ-ին մեծ ֆինանսական աջակցություն է խոստացել:

Ասուլիսին մասնակից ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նկատել է. «Ես համոզված եմ, որ նախաձեռնությունը թուրքական կողմինն է: Այս երկիրը կարողանում է ոչ այնքան մաքուր ճանապարհով, նաև իր վրա նվազագույն պարտավորություններով մասքիմալ շահ ձեռք բերել»:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն էլ ասաց, որ ակնհայտ է, որ Թուրքիան ուղղակի սատարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, անմիջական մասնակցություն է ունեցել Քեսաբի հայերի տեղահանմանը: Նա նկատեց, որ փետրվարի 28-ը Սովետական Ադրբեջանում տուժած հայության իշատակի օրն է:

Բանախոսները տեղեկացրել են, որ նամակ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ հայտնելով իրենց անհամաձայնությունը, նամակը ստորագրել են ՄԱԿ-ի հետ աշխատող և ՄԱԿ-ի կառույցներում որոշակի կարգավիճակ ունեցող 22 ՀԿ-ներ:

Կարինե Դանիելյանը տեղեկացրել է, որ նամակում իրենք ընդգծել են Հայոց ցեղասպանության փաստը ու շեշտել այն հանգամանքը, որ Թուրքիան մի երկիր է, որը չունի դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Կիպրոսի հետ: Միաժամանակ, ուսումնասիրելով ՄԱԿ-ի կանոնադրությունը հանգել են այսպիսի հետևության.«Մենք պարզել ենք, որ այդ երկիրը չի համապատասխանում այն չափանիշներին, որոնք անհրաժեշտ է ունենա այն պետությունը, որտեղ պետք է գտնվեն ՄԱԿ-ի կառույցները»:

Հայկական կազամակերպությունների նամակին ի պատասխան ստացվել է ՄԱԿ-ի բացատրությունը, ըստ որի՝ նշանակություն չունի, թե որտեղ է գտնվում կառույցը, քանի որ տվյալ երկիրը չի կարող ազդել կառույցի քաղաքականության վրա: Սակայն հայաստանյան հկ-ների ներկայցուցիչները համաձայն չեն այդ պարզաբանման հետ և մտավախություն ունեն, որ Թուրքիայի ազդեցությունը մեծ է լինելու:

«ՄԱԿ-ից մեզ պատասխանել են, որ հայկական կողմը Ստամբուլի հետ չի աշխատելու, ռեգիոնալ ծրագրերի դեպքում Հայաստանը կարող է աշխատել անմիջապես Նյու Յորքի հետ կամ ընտրել ասիական ռեգիոնը»,- ասաց նա և թեև այս պատասխանում որոշ առաջընթաց նկատեց, սակայն նշեց, որ իրենք շարունակելու են իրենց բողոքի ձայնը բարձրացնել:

Իսկ ինչ վերաբերմունք է այս հարցի առնչությամբ դրսևորում Հայաստանի իշխանությունը. Կարինե Դանիելյանն ասել է, որ սկզբում Հայաստանի իշխանությունները շատ նուրբ էին վերաբերվում այս հարցին և կոչ անում չխառնվել, մինչդեռ այսօր փոխվել է նաև մեր իշխանությունների դիրքորոշումը: Նման փոփոխությունը Կարինե Դանիելյանը բացատրեց ՀՀ Ազգային ժողովից հայ-թուրքական արձանագրությունների հետկանչով:


Դիտել Regions, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն