Մոսկվայում սպանվել է ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը
Այս գիշեր Մոսկվայի կենտրոնում` Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա, սպանվել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, 55-ամյա քաղաքական գործչի ուղղությամբ արձակվել է 6 կրակոց, որից 4-ը դիպել է թիրախին: Հայտնի է, որ Նեմցովի սպանության միակ վկան 23-ամյա ուկրաինացի մոդել Աննա Դուրիցկայան է, ով այդ գիշեր պատրաստվում էր ընթրել քաղաքական գործչի հետ:
Նշվում է, որ սպանության պահին տեսախցիկները ֆիքսել են 3 մեքենա` 2 Ford Focus և մեկ Ford Mondeo:
Աղբյուրը հավելում է, որ քննիչներն արդեն խուզարկել են սպանվածի բնակարանը: Նրանք վերցրել են բոլոր փաստաթղթերը, ձայնագրությունները ու այլ նյութեր: Իրավապահները նաև մտադիր են ստուգել Նեմցովի համակարգչի կոշտ սկավառակի ողջ ինֆորմացիան:
Աղմկահարույց սպանությանն արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` տեղի ունեցածը որակելով «սադրանք»:
Միջադեպին անդրադարձել է նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման` կոչ անելով Ռուսաստանի կառավարությանն «անհապաղ, անաչառ ու բաց հետաքննություն սկսել, որպեսզի մեղավորները պատժվեն»:
Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը կոչ է անում ռուս ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանության գործի առնչությամբ ուշադիր ու անկախ հետաքննություն անցկացնել. տեղեկացնում է gazeta.ru-ն:
«Ես սարսափած եմ Բորիս Նեմցովի սառնարյուն սպանությունից: Հույս ունեմ, որ անկախ քննություն կիրականացվի»,-գրել է նա՝ Twitter-ի իր միկրոբլոգում:
Ռուս ընդդիմադիրի սպանությանը ցնցել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
«Նա գնահատում է նախկին փոխվարչապետի տղամարդկությունը, ով միշտ բացահայտորեն քննադատել էր կառավարության քաղաքականությունն ու ցավակցում է սպանվածի հարազատներին»,-ասված է նրա ներկայացուցիչ տարածած հաղորդագրության մեջ:
Մերկելը նաև կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին քննության արագ ընթացքն ու պատժել մեղավորներին:












