Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Ցեղասպանությունը ժխտող դասախոսության դեմ բողոքել են՝ մեջքով շրջված

Մարտ 1, 2015թ. 20:01

Տորոնտոյի համալսարանում փետրվարի 27-ին ուսանողները բողոքի լուռ ակցիա են անկացրել մի դասախոսության ժամանակ, որը կրել է «Առաջին աշխարհամարտի 100-ամյակ: Մարդկային տառապանքը Արևելյան Անատոլիայում» խորագիրը:

Բանախոսներն են եղել Հայոց ցեղասպանությունը ժխտողներ Ջասթին ՄակՔարթին (Justin McCarthy) և Բրյուս Ֆեյնը (Bruce Fein): Ինչպես գրում է ԱՄՆ-ում հրատարակվող Armenian Weekly հանդեսը, բողոքի ակցիան կազմակերպել են Կանադայի հայ երիտասարդական միությունը, Տորոնտոյի համալսարանի Հայ ուսանողների միությունը և «Արմէն Գարո» ուսանողների միությունը: Դասախոսությունը կազմակերպվել է Կանադայի թուրքական ասոցիացիաների կողմից և տեղի է ունեցել Տորոնտոյի համալսարանի Սուրբ Ջորջ կամպուսում:

Համալսարանի շուրջ 70 իրավապաշտպան, որոնք կազմել են դասախոսության մասնակիցների մեծամասնությունը, մեջքով են շրջվել, երբ սկսվել է այն: Նրանք թույլ են տվել, որ ասվի բացման խոսքը, և հենց պարզ է դարձել, որ խոսվելու է ժխտողականության դիրքերից և խեղաթյուրվելու են Հայոց ցեղասպանության փաստերը, ակցիայի մասնակիցները լուռ շրջվել են: Armenian Weekly-ի փոխանցմամբ՝ լուռ ցույցի մասնակիցների հասցեին մի քանի ռասայական և վիրավորական արտահայտություններ են եղել:

Դասախոսության կազմակերպիչները սկզբում ընդհատել են այն, սակայն կամպուսի ոստիկանները բացատրել են, որ ակցիան չի խոչընդոտում դասախոսությունը, որը պետք է շարունակել: Ցուցարարները մեջքով են կանգնել Ֆեյնի խոսքի ընթացքում, ապա կազմակերպված դուրս են եկել լսարանից, որտեղ մնացել է մոտ քսան մասնակից:

Այնուհետև նրանք քայլել են դեպի Տորոնտոյի համալսարանի Ռասայականության և մշակութային խտրականության դեմ պայքարի գրասենյակ, ներկայացրել իրենց մտահոգությունը և փոխանցել 2000 ստորագրություններով խնդրագիր առ այն, որ համալսարանը պետք է իրեն հեռու պահի թե՛ այդ միջոցառման կազմակերպիչներից, թե՛ բանախոսներից:

Մինչ այդ խումբը համալսարանից պահանջել էր չեղարկել միջոցառումը: Պահանջագրի տակ ստորագրել էին մի շարք ակադեմիականներ, իրավապաշտպաններ, ինչպես նաև Տորոնտոյի համալսարանի և Ռայերսոնի համալսարանի հույն ուսանողների միությունները: ՄակՔարթին, որը հեռացվել է Մելբուրնի համալսարանից, համարվում է Թուրքական պետության խոսափողը և հանդես է գալիս Հայոց ցեղասպանության ժխտողականության դիրքերից: Ֆեյնի գործատուն Ամերիկայի թուրքական կոալիցիան է, որի գործունեության գլխավոր ուղղությունը նույնպես ժխտողականությունն է:

168.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն