Ինչու ԲԷՑ-երը հայտնվեցին անելանելի վիճակում
Վերջին տարիներին ներդրումներ կատարելու պատրվակով Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցեր ընկերությունը ներգրավել է մեծածավալ վարկային միջոցներ, ինչի հետեւանքով հայտնվել է դրանք սպասարկելու եւ նոր միջոցներ վերցնելու խնդիրների առաջ։
Բէցերի վարկային պորտֆելը գնահատվում է 225 մլն դոլար։ Եթե առաջիկայում չլուծվեն ընկերության ֆինանսական դժվարությունները, ապա կարող են խնդիրներ առաջանալ Հայաստանի էներգամատակարարման կայունության առումով։ Այդ մասին օրերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ուղղակիորեն հայտարարեց նաեւ բէցերի գործադիր տնօրենը.
-Ներկայումս մենք վարկեր վերցնելու եւ հետագա կայունություն ապահովելու հարցի հետ կապված խնդիրներ ունենք։
Վիճակն այնքան է բարդացել, որ բէցերի սեփականատերը մտադիր է առաջիկայում այդ հարցով դիմել հանրապետության նախագահին։ Ակնկալվում է ստանալ նախագահի աջակցությունը՝ վերցրած վարկերը վերակառուցելու վերաբերյալ։ Խոսքը՝ բնականաբար մարման ժամկետները երկարաձգելու մասին է։ Ընկերության ղեկավորությունը հույս ունի, որ վարկերի վերակառուցումը թույլ կտա ներգրավել նոր ֆինանսական միջոցներ, որոնք անհրաժեշտ են համակարգի կայունության ապահովման համար։
Որ բաշխիչ ցանցերում ֆինանսական միջոցների կառավարման եւ ներդրումների իրականացման արդյունավետությունը ցածր է, կասկած չկա։ Պատահական չէ, որ չնայած վերջին տարիներին ներգրավվել են ահռելի վարկային միջոցներ, այնուհանդերձ այդ գումարները, ըստ էության, ցանկալի արդյունք չեն տվել։ Դրա վկայություններից մեկն էլ համակարգում կորուստների բարձր մակարդակն է։
Միջոցների հավաքման արդյունավետությունը ներքին ցանցում անհամեմատ ցածր է։ Չնայած տեխնիկական վերազինման նպատակով ներգրավված մեծածավալ վարկային միջոցներին՝ այնուհանդերձ դա գրեթե ազդեցություն չի գործել էներգամատակարարման կորուստների կրճատման վրա։ Այնինչ կարող էր էապես փոխել համակարգի ֆինանսական վիճակը։ Կորուստների 1 տոկոս կրճատումը հավասարազոր է տարեկան շուրջ 2,5 մլրդ դրամ լրացուցիչ ֆինանսական մուտքերի ապահովման։
Փոխանակ միջոցներ ձեռնարկվեին այդ գումարներն ընկերության դրամարկղ մուտք անելու ուղղությամբ, ներգրավվել են նոր վարկեր, որոնք համակարգը կանգնեցրել են անվճարունակության շեմին։ Բաշխիչ ցանցերում էներգամատակարարման կորուստները գերազանցում են 13 տոկոսը։ Այն դեպքում, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատված սակագներով թույլատրելի է համարել 11,2 տոկոսը։
Դա նշանակում է, որ հավելյալ կորուստների հաշվին ընկերությունը տարեկան կրում է մի քանի միլիարդ դրամի վնաս։ Սակայն այնպիսի տպավորություն է, որ այնքան էլ անհանգստացած չէ դրա համար։ Պատահական չէ, որ վերջին հինգ-վեց տարիներին համակարգում կորուստները գրեթե փոփոխություն չեն կրել։
Այն դեպքում, երբ բոլորին հայտնի է դրանց պատճառները։ Այսպես կոչված, տեխնիկական կամ առեւտրային կորուստների անվան տակ մեծ մասամբ թաքնված են հոսանքի գողությունները։ Հայտնի է, որ տեսուչները կարող են սահմանված սակագնից շատ ավելի ցածր գնով հոսանք առաջարկել սպառողներին։
Ո՞ւմ եւ ինչի՞ հաշվին. ընկերության ղեկավարությանը կարծես այնքան էլ չի մտահոգում։
Այս պայմաններում, եթե մինչեւ վերջերս հաջողվում էր ներքին եկամուտների եւ ներգրավված վարկային միջոցների հաշվին լուծել ընկերության ներսում գոյություն ունեցող ֆինանսական խնդիրները, ապա այժմ դա անհամեմատ դժվարացել է։
Պատճառը ոչ միայն վարկերն են, այլեւ համակարգում վերջին երկու տարիներին ի հայտ եկած կորուստները, որոնք ուղղակիորեն կապված են ձեռք բերվող հոսանքի կառուցվածքի հետ։ Այդ կորուստների առաջացման գործում ընկերությունն ըստ էության մեղք չունի, կամ դա չափազանց փոքր է։ Խոսքը սակագնով հաստատված էլեկտրաէներգիայի կառուցվածքի եւ փաստացի ձեռքբերվածի միջեւ ի հայտ եկած անհամապատասխանության մասին է։
Սակագները հաստատելիս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շատ ավելի լավատես է եղել։ Սակայն բնակլիմայական պայմանների կամ այլ գործոնների հետեւանքով թանկ հոսանքի մուտքը բաշխիչ ցանցեր նախատեսվածից ավելին է եղել։ Մի բան, որ դարձել է համակարգում կորուստների ձեւավորման պատճառ։
Այդ ճեղքվածքը գնահատվում է ավելի քան 27,6 մլրդ դրամ։ Դրա ավելի քան 16 միլիարդը հետ գնելու համար անցած տարի հանձնաժողովը ստիպված եղավ գրեթե 10 տոկոսով բարձրացնել հոսանքի սակագինը։ Սակայն կորուստներն ամբողջությամբ փակելու համար ժամանակ է պահանջվում։ Այս դեպքում սահմանված է 3 տարի։
Թեեւ ժամանակին թվում էր, թե դրանով խնդիրը կլուծվի, այնուհանդերձ այդպես չեղավ։
Վասակ Թարփոշյան












