Սերժ Սարգսյան.« Թուրքիայի հետ հարաբերություններում չի կարող քննարկվել Ցեղասպանության փաստը»
Սերժ Սարգսյանի համահայկական հնադիպումները շարունակվում են: Երկրորդ կանգառը Նյու Յորքն էր, ուր նա հոկտեմբերի 3-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Արեւելյան ափի, Կանադայի հայաշատ համայնքների ներկայացուցիչների հետ:
Նախագահն իր բացման խոսքում դարձյալ շեշտել է, որ Հայաստանն առաջ է ընթանում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու` առանց որևէ նախապայմանի.«Ես կարծում եմ, որ տվյալ ժամանակի համար մենք կարողացել ենք ստանալ առավելագույնը»:
Ի պատասխան համայքի կողմից հնչեցված մտահոգության, թե մեզանում մինչև վերջ հաշվարկված չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման հնարավոր ազդեցությունն ու հետեւանքները, Սերժ Սարգսյանն ասել է, որ այդ առումով մասնագիտացված կառույցների ու հաստատությունների կողմից կատարվել է բավականին աշխատանք, իսկ որոշ ուղղություններով դրանք ընթացքի մեջ են, տրված են համապատասխան հանձնարարություններ: Նա ընդգծել է. «Իրականում անհնար է բոլոր սցենարների համար մինչև վերջ հաշվարկել հնարավոր բոլոր մարտահրավերներն ու ռիսկերը, բայց մեր շատ հայրենակիցների մոտ` Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում, նույնպիսի մտավախություններ եղել են նաեւ մեր ժողովրդի կյանքում մեծ կարեւորություն ունեցող այլ իրադարձությունների ժամանակ. երբ մենք քվեարկում էինք Հայաստանի անկախացման օգտին, այդ ժամանակ էլ շատերի մոտ կային մտահոգություններ ապագայի մասին, այդ ժամանակ էլ ոչ ամեն ինչ էր մինչեւ վերջ ու զարգացման բոլոր սցենարների համար հաշվարկված: Նույն կերպ, երբ Արցախին պարտադրված պատերազմում պայքարում էինք Լեռնային Ղարաբաղի ազատության եւ ինքնորոշման իրավունքի համար, կարծեք, այդ ժամանակ եւս չկային բոլոր հաշվարկներն ու կրկին կային տարբեր մտահոգություններ: Բայց մենք հավատում էինք մեր նպատակներին ու հաջողության հասանք»:
Արտահայտված մյուս մտավախությունը վերաբերել է տնտեսական էքսպանսիային, մինչդեռ Սերժ Սարգսյանն այն համարել է անհիմն` հայտարարելով, որ պետությունն ունի բավարար գործիքներ ու մեխանիզմներ, այդ թվում` օրենսդրական, լուծումներ տալու այդ ուղղությամբ առաջ եկող խնդիրներին ու մարտահրավերներին:
Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում չի կարող քննարկվել Ցեղասպանության փաստը: «Ցեղասպանության հետ կապված միակ խնդիրը, որ կարող է քննարկման առարկա լինել, այն է, թե ինչպես կարող ենք օգնել թուրք ժողովրդին ավելի անաչառ լինելու սեփական պատմության էջերը թերթելիս կամ ավելի ճիշտ` ինչպես հաղթահարել Ցեղասպանության հետեւանքները»:
Ամփոփելով նյույորքյան հանդիպումը` Սերժ Սարգսյանն ասել է. ‘Ամենակարեւորն այն է, որ մենք որոշումների կայացման այս պատասխանատու փուլում ուժ գտնենք մեկս մյուսին հասկանալու: Ես հավատում եմ Հայաստանի լավ ապագային: Հավատում եմ, որովհետեւ տեսնում եմ ճիշտ ճանապարհը»:












