Ադրբեջանական հայալեզու հեռուստաալիքը կմիանա հակահայկական լրատվամիջոցների զինանոցին
Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ
«Եթե հեռուստաէկրանը կրակում է անհրաժեշտ ռազմամթերքով անհրաժեշտ մարդկանց` ուրեմն այն լավն է»:
Մարշալ Մաքկլուեն[1]
2009 թվականի հոկտեմբերի 5-ից կգործի Ադրբեջանի առաջին միջազգային հոռուստաալիքը`«ATV International» («ATV Int»), որն ունի նաև հայերեն հեռարձակման բաժին: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը` հղում անելով ATV-ի լրատվական բաժնի ղեկավար Վագիֆ Հայդինօղլու խոսքերին:
«ATV Int»-ը հաղորդումները կհեռարձակվեն չորս լեզուներով` հայերեն, պարսկերեն, անգլերեն և ռուսերեն: Վ. Հայդինօղլին նշել է, որ նոր հեռուստաալիքի գլխավոր նպատակը Ադրբեջանի քարոզչությունն է, ինչի համար արդեն պատրաստվում են վավերագրական ֆիլմեր:
Հիշեցնենք, որ 2009թ. սկզբին հայտնի դարձավ, որ Թուրքիան պատրաստվում է ՀՀ hանրային հեռուստաընկերության աջակցությամբ հեռարձակել հայալեզու հեռուստաալիք[2]:
1990-ականների սկզբին, երբ Թուրքիային անդրադառնում էին որպես թշնամի պետության, մեր ԶԼՄ-ները Հայաստանի հանրությանը թուրք-ադրբեջանական տեղեկատվա-հոգեբանական ազդեցությունից պաշտպանող յուրօրինակ «երկաթե վարագույրների» քաղաքականություն էին վարում: Իսկ երբ երրորդ նախագահը որդեգրեց Թուրքիայի հետ «բարեկամանալու» քաղաքականություն, Թուրքիայի համար բարեկամի անվան տակ հոգեբանական ազդեցության հնարավորություններն ավելի մեծացան, և բանը հասավ նրան, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Թուրքիային աջակցում է հայալեզու հեռուստաալիք հիմնելու գործում` Հայաստանի բնակչության համար այն հեռարձակելու նպատակով:
Նման բան կատարվեց նաև ԽՍՀՄ-ի հետ, որի մասնատումից հետո նրա հակառակորդն ու գլխավոր մասնատողը (ԱՄՆ) ստացավ ազդեցության ավելի մեծ հնարավորություն, քանի որ սկսեց գործել բարեկամական հարաբերությունների անվան տակ:
Հեռուստատեսությունը համարվում է տեղեկատվական-հոգեբանական ազդեցության ամենահզոր գործոնը: Հեռուստատեսության ազդեցության գլխավոր առավելություններից է նրա «թուլացնող հատկությունը», որն առաջացնում է պասիվ ընկալողականություն: Մի շարք ուսումնասիրություններ, որոնք արվել են անցյալ դարի 70-ականներից սկսած, ապացուցել են, որ հեռուստացույց դիտելուց մարդը գտնվում է ֆիզիոլոգիական գրեթե նույն վիճակում, ինչ հիպնոսի ազդեցության ժամանակ[3]: Այդ պատճառով հեռուստանյութերը պատրաստվում են այնպես, որ լարված պահեն լսարանի ուշադրությունը և թույլ չտան հեռուստադիտողին ննջել: Աստիճանաբար մարդը ձեռք է բերում կախվածություն նման իրավիճակից:
Մարդը կարողանում է «զտել» տեղեկատվությունը, եթե այն ստանում է ընկալման միայն մեկ զգայարանից` միայն տեսողությամբ, միայն լսողությամբ և այլն: Իսկ երբ այդ երկուսը միավորվում են, «պատռվում են զտող ֆիլտրերը»: Երբ հաղորդավարի տեքստի ընթերցանությունն ուղեկցվում է կադրերով «իրադարձության վայրից»` քննադատական ընկալումը կտրուկ թուլանում է, եթե նույնիսկ տեքստը ժամանակագրական կապ չունի կադրերի հետ[4]:
Պետք է ենթադրել, որ Ադրբեջանի կողմից «ATV Int» հեռուստաալիքի հիմնադրումը ադրբեջանա-թուրքական հակահայկական տեղեկատվա-հոգեբանական քաղաքականության մի մասն է կազմում: Ադրբեջանի հեռուստատեսության ազգային հանձնաժողովը «ATV Int»-ի ստեղծումն արդարացրել է այն փաստով, որ Ադրբեջանի տարածքում միջազգային հեռուստաընկերությունների հեռարձակումն արգելելուց հետո անհրաժեշտ էր լրացնել այդ բացը[5], մոռանալով նշել, որ Ադրբեջանում հեռարձակվող միջազգային հեռուստաընկերությունները հայերեն կամ պարսկերեն չէին…: Իսկ թե ում համար են նախատեսված հայերեն հաղորդումները` հայկական Սփյուռքի՞, թե՞ ՀՀ-ի ու ԼՂՀ-իր` առայժմ պարզ չէ:
Ադրբեջանա-թուրքական հայալեզու հեռուստաալիքների հնարավոր վտանգները կարելի է բաժանել երկու մասի.
- Հակահայկական տեղեկատվական գործողությունների ժամանակ ադրբեջանա-թուրքական տեղեկատվական դաշտի հզորացում: Նրանք կունենան ևս մեկ տեղեկատվամիջոց, որն ազդեցություն կունենա հայկական տեղեկատվական դաշտում և ադրբեջանա-թուրքական համացանցային լրատվամիջոցների նման կարող է օգտագործվել հակահայկական տեղեկատվական գործողությունների ժամանակ:
- Ազդեցություն արժեքային համակարգի վրա (երաժշտության, մշակույթի միջոցով), որն ավելի խորքային վտանգներով է հղի: Շատ մասնագետների կողմից (Մ. Վեբեր, Ա. Մարշալլ, Վ. Պարեթո, Վ. Թոմաս) արժեքային համակարգը դիտարկվում է որպես ամենաանհրաժեշտ գործոնը սոցիալական ձևի ամբողջությունը պահպանելու համար, որն արտահայտվում է սոցիալական հարաբերություններով[6]: Այս է պատճառը, որ ԽՍՀՄ մասնատման հարցում ամենակարևոր գործոններից էր արժեքային համակարգի ճգնաժամը: Հայաստանի համար նույնպես տեղեկատվա-հոգեբանական անվտանգության գլխավոր խնդիրներից է գրոհը ազգային արժեքային համակարգի վրա, որի վերջնական փոփոխությունը մեխանիկորեն բերելու է հայ ազգի և պետության կորստին:
Այս պայմաններում անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ադրբեջանական նոր քարոզչամիջոցի հնարավորություններն ուսումնասիրելու, նրա հնարավոր ազդեցությունը թուլացնելու, ինչպես նաև դրան հակազդելու ուղղությամբ:
[1] Маршал Маклюэн, “Понимание медия: внешние расширение человека”. Москва, “Гипербория” 2007г. С. 14
[2] “В Турции вплотную взялись за армянскую культуру”, http://www.regnum.ru/news/1107273.html
[3]Райнер Пацлаф, “ЗАСТЫВШИЙ ВЗГЛЯД”, Физиологическое воздействие телевидения
на развитие детей, Перевод с немецкого В. Бакусева, МОСКВА 2003г. С. 12
[4] С. Г. Кара-Мурза, “Власть манипуляции”, Москва, “Академический проект”, 2007г. С. 350
[5] “В Азербайджане появится телеканал, вещающий и на армянском языке”, 05.03.2009, www.regnum.ru/news/1133789.html
[6] Е. П. Белинская, О. А. Тихомандрицкая, “Социальная психология личности”, “Акаадемия”, Москва 2009г. С. 94
Թեգեր` Ադրբեջանական հայալեզու հեռուստաալիք`«ATV International» («ATV Int»)












