Գլխավոր » Society, Լրահոս

Հայաստանում ձևավորվում է սինեկուրների խավ

Օգոստոս 5, 2023թ. 19:08

Կա մի այսպիսի հասկացություն՝ սինեկուրիզմ։ Սա այն է, երբ որևէ անձի պաշտոնի են նշանակում, երբ նա առանձնապես պարտականություններ չունի ու չի համապատասխանում այդ պաշտոնին, ստանում է բարձր աշխատավարձ և արտոնություններ։ Նման պաշտոնյաներն անվանվում են սինեկուր (sinecure):

Սինեկուրին կոռուպցիայի մեղադրանք չես կարող հարուցել․ նա մաքուր աշխատավարձ է ստանում, կաշառք չի վերցնում, եկամուտները կարող է թափանցիկ հայտարարագրել և այլն։

Օրինակ, կարելի է կառավարության ներկայացուցիչը լինել մի շատ խոշոր ձեռնարկությունում, որտեղ կառավարությունը փայատեր է, և ամսական ստանալ 40,000 դոլար աշխատավարձ (սա օդից չեմ ասում)։ Կամ էլ հարազատիդ, աներոջդ կամ զոքանչիդ տեղավորում ես գործի մասնավոր մի ընկերությունում, ու այդ ընկերությունը հանկարծ սկսում է պետական գնումների մրցույթներում մեծ հաջողություններ ունենալ։

Լրագրողները հարցեր են ուղղում պաշտոնյաներին, նրանք էլ մուննաթով պատասխանում են, թե իրենց հարազատները կոռուպցիոն սխեմաներում չկան, պետական պաշտոն չեն զբաղեցնում, մրցույթները արդար և թափանցիկ են ու այդպես շարունակ։

Այս երևույթը Հայաստանում լայն տարածում է ստանում։ Լոյալիստներն ու նրանց հարազատները պաշտոնների են նշանակվում պետական ու մասնավոր ոլորտներում։ Կառավարությունը տարբեր տեսակի հիմնադրամներ է բացում, որտեղ բարձր աշխատավարձով պաշտոնների են նշանակվում հավատարիմներն ու նրանց զավակները։ Պետական կարևորագույն ինստիտուտներ դառնում են աշխատանքի տեղավորման գործակալություն, որտեղ գլխավոր սկզբունքը հավատարմությունն է՝ ի հեճուկս ձեռնհասության (loyalty over competence):

Կոռուպցիայի խնդրով զբաղվող կազմակերպությունները լավ կանեն՝ հատուկ ուշադրություն դարձնեն սրան։ Հարցուփորձ անելով անգամ կհասկանաք, թե մեր շուրջը որքան շատ սինեկուրներ կան, որ միջազգային զեկույցներում բացակա են։

Կարեն Հարությունյան


Դիտել Society, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն