Կանգնած ենք արցախահայության հայրենազրկման առաջ, այն իրականացվում է Նիկոլ-Արայիկ տանդեմի ձեռքով
Փաշինյան-Ալիև-Հարությունյան եռյակն այսօր ամեն ինչ անում է, որպեսզի իրավիճակն Արցախում դառնա օրհասական:
Փաշինյանը, արևմտյան հարթակներում կայացած բանակցություններում, մասնավորաբար, Պրահայում (2022, հոկտեմբերի 6) տվեց իր համաձայնությունը Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում թողնելու մասին: Արցախի ամբողջական հանձնմանը մեկ բան է միայն խանգարում, դա արցախահայության հայրենասիրությունն է, իր հայրենիքում ապրելու կամքն ու վճռականությունը, հանուն Արցախի մինչև վերջ պայքարելու պատրաստակամությունը:
Արցախի հանձնումը վերջնականապես գլուխ բերելու համար գնում է արցախցու կամքը, հաստատակամությունը կոտրելու գործընթաց: Ցավալին այն է, որ դրա իրականացմանը լծվել են Արցախի իշխանությունը` նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավարությամբ, և Արցախում բուն դրած արևմտյան գրանտներից սնվող մի քանի սորոսականներ:
90-ականներին` պատերազմի ծանր տարիներին, Արցախը դարձյալ շրջափակման մեջ էր, բայց փակ ճանապարհները չխանգարեցին, որ արցախցին պայքարեր ու հաղթեր: Մինչդեռ այսօր ամեն ինչ արվում է, որպեսզի արցախցին անկարող լինի ապրել Արցախում:
Նախ, հարց է առաջանում, երբ դեռ ճանապարհները բաց էին, ինչո՞ւ Արայիկ Հարությունյանը 44-օրյա պատերազմից անմիջապես հետո չլուծեց պարենային անվտանգության խնդիրը: Ինչի մասին, ի դեպ, նրան բազմիցս է ասվել: Պարենային անվտանգության հարցերը լուծելու փոխարեն նա Արցախը աղետի գոտի հայտարարեց: Եթե այսօր Արցախում կա հացի խնդիր, ապա գոնե հնարավոր էր այնպես կազմակերպել աշխատանքը, որ չլիներ, օրինակ, բանջարեղենի պակաս: Այո, դա հնարավոր էր անել, եթե ցանկանար Հարությունյան Արայիկը: Բանն այն է, որ Արցախում ոչ միայն գյուղաբնակները, այլև քաղաքաբնակներն են զբաղվում բոստանաբանջարանոցային կուլտուրաների մշակմամբ: Արցախի դաշտերում այսօր առատ բերք կա, մինչդեռ հասունացած բերքը վառելիքի պակասի պատճառով քաղաք չի հասնում: Ի՞նչ է ստացվում`դաշտերում կա սնունդ, բայց չկա վառելիք` սովի մեջ գտնվող ժողովրդին այն հասցնելու համար:
Արդյո՞ք սա կանխամտածված սցենար չէ` նախ սովի մատնել ժողովրդին, ապա ստիպել կատարել թշնամու հրեշավոր ծրագիրը, այն է` կամ լքել Արցախը, կամ ցեղասպանվել:
Այն, որ Արայիկն ու իր նիկոլա-սորոսական համախոհները հենց այս սցենարն են գլուխ բերում, համոզվեցինք նաև նրանով, որ պարզվեց Արցախում կա անհրաժեշտ վառելիք: Տասնյակ ավտոբուսներ կազմ-պատրաստ կանգնեցվեցին Ստեփանակերտի հրապարակում, որպեսզի ժողովրդին հասցնել Հակարիի կամուջի մոտ` ռուս խաղաղապահների դեմ ցույց անելու համար: Այսինքն` ռուս խաղաղապահների դեմ ցույցի համար Արայիկ Հարությունյանը բենզին ունի, բայց դաշտերից բերքը սովահար ժողովրդին հասցնելու համար չունի՞: Սա ուղղակի նշանակում է, որ Արայիկ Հարությունյանը Փաշինյանի հետ միասին Ալիևի սցենարի կատարողն է:
Այսօր ամեն ինչ արվում է, որպեսզի արցախահայության հայրենազրկումը տեղի ունենա հենց Արցախի ներկայիս իշխանության ձեռքով, որպեսզի հետո Նիկոլն ու իր ոհմակը ի լուր աշխարհի հայտարարեն` դե, կարող էիք պահեիք ձեր հայրենիքը, մենք ի՞նչ անեինք….
Այս սցենարը կարող է կանգնեցվել միմիայն հայ ժողովրդի միասնականությամբ:
Արմինե Սիմոնյան












