Էրդողանը հայտարարել է` Թուրքիան կատարել է Լոզանի պայմանագրով իր վրա դրված պարտավորությունները
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը նախագահ Էրդողանի գլխավորությամբ նիստն ավարտելուց հետո հայտարարություն է տարածել։
Լոզանի խաղաղության պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ ընդգծվում է, որ պայմանագրով Թուրքիայի Հանրապետության վրա դրված պարտավորություններն ամբողջությամբ կատարվել են, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Հայտարարության մեջ նշվում է, որ Իրաքի հետ բոլոր ոլորտներում համագործակցության հետագա զարգացումը կնպաստի ինչպես այդ երկրում, այնպես էլ տարածաշրջանում զգալի հաջողությունների հասնելուն։
ԱԱԽ-ն նշում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը և դրա հնարավոր հետևանքները տարածաշրջանի համար հաջորդ փուլերում, ինչպես նաև լարվածության աճը Սև ծովում, չեն ծառայում տարածաշրջանի և աշխարհի շահերին։
Ազգային անվտանգության խորհուրդը կողմերին կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ և անհապաղ դադարեցնել պատերազմը։
«Հացահատիկի համաձայնագրին վերադարձը կկանխի հնարավոր բացասական ազդեցությունը կարիքավոր երկրներում և կնպաստի պարենային կայունությանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Անդրադառնալով Աֆրիկայում տեղի ունեցող վերջին զարգացումներին՝ նշվում է, որ մայրցամաքի խնդիրների առավել նպատակահարմար լուծումները կարող են գտնվել աֆրիկյան երկրների միջև բանակցություններում՝ առանց արտաքին միջամտության։












